Նայջել Ֆարաջը մեղադրել է ռուսներին իր հեռախոսը, էլփոստը և բանկային հաշիվները կոտրելու մեջ

Բրիտանական Reform UK կուսակցության առաջնորդ Նայջել Ֆարաջը հայտարարել է, որ իր հեռախոսը, էլեկտրոնային փոստը և բանկային հաշիվները, ըստ ամենայնի, կոտրել են ռուսաստանյան հատուկ ծառայությունները՝ 5 միլիոն ֆունտ ստեռլինգի չափով խոշոր նվիրատվության մասին տեղեկություն ստանալու համար, գրում է Daily Mail-ը։

Կուսակցության աղբյուրների տվյալներով՝ Ֆարաջը սկսել է կասկածել «օտարերկրյա պետական կառույցների» միջամտությանը այն բանից հետո, երբ անցյալ ամիս հրապարակվեց Թաիլանդում բնակվող կրիպտոարժութային միլիարդատեր Քրիստոֆեր Հարբորնի կատարած նվիրատվության մասին տեղեկությունը։

Ինչպես պնդում են Reform UK-ի ներկայացուցիչները, միջոցների փոխանցման մասին տեղյակ էին միայն չորս մարդ, ինչից հետո Ֆարաջը որոշել է իր բջջային հեռախոսը դատա-տեխնիկական փորձաքննության հանձնել հակահետախուզության մասնագետներին։

Աղբյուրի վկայությամբ, փորձագետները եկել են այն եզրակացության, որ հարձակման հետևում, ամենայն հավանականությամբ, կանգնած էին Մոսկվայի հետ կապված կառույցներ։ Հաղորդվում է, որ չարագործներն օգտագործել են, այսպես կոչված, թիրախային ֆիշինգի մեթոդներ, երբ զոհին ծանոթների կամ գործընկերների հաղորդագրությունների անվան տակ ուղարկում են վնասակար հղումներ՝ գաղտնի տվյալներ հավաքող ծրագրեր տեղադրելու համար։

Անցյալ տարի Քրիստոֆեր Հարբորնը Reform UK-ին ընդհանուր առմամբ նվիրաբերել է 12 միլիոն ֆունտ։ Ավելի վաղ նա նաև ֆինանսավորել էր Պահպանողական կուսակցությանը Ջոնսոնի վարչապետության ժամանակ և Brexit Party-ին՝ Reform UK-ի նախորդ կուսակցությանը։

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Ջոն Հիլին Ֆարաջից պահանջել է պարզաբանել, թե արդյոք նվիրատվության մի մասը կարող էր կապված լինել Ռուսաստանի էներգետիկ ընկերությունների հետ իրականացված գործարքների հետ։ Քաղաքական գործչին ուղղված նամակում Հիլին նաև խնդրել է հաստատել, որ Հարբորնին պատկանող և ավիացիոն վառելիքի ոլորտում գործող AML Global ընկերությունը պահպանել է Ռուսաստանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցների ռեժիմը։

Եթե կոտրման մասին տեղեկությունը հաստատվի, Ֆարաջը կդառնա ևս մեկ բրիտանացի քաղաքական գործիչ, որը, ենթադրաբար, դարձել է օտարերկրյա հատուկ ծառայությունների թիրախ։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ 2022 թվականին հաքերային հարձակման, որը կապվում էր ենթադրյալ ռուս գործակալների հետ, ենթարկվել էր նախկին վարչապետ Լիզ Թրասը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *