UFC-ի կիսաթեթև քաշային կարգի անպարտելի չեմպիոն, վրաց-իսպանացի Իլիա Թոփուրիան անդրադարձել է կազմակերպության թեթև քաշային կարգի (մինչև 70 կգ) դասակարգման աղյուսակի երկրորդ համար, Հայաստանը ներկայացնող Արման Ծառուկյանի հնչեցրած արտահայտություններին։
Ավելի վաղ հայ մարտիկն իր հարցազրույցներում պարբերաբար խոսել էր Թոփուրիայի մասին՝ կիրառելով թրեշ-թոքի հնարքներ, ինչին ի պատասխան 29-ամյա չեմպիոնը նշել է, որ դրանք իրեն չեն անհանգստացնում։
«Անհնար է այդ լակոտի խոսքերը սրտին մոտ ընդունել։ Նա կարող է ասել այն ամենը, ինչ ցանկանում է. Արմանն իր ողջ օրը նվիրում է ինձ։ Ի՞նչ կարող եմ ասել։ Ես ոչ մեկի խոսքերը սրտին մոտ չեմ ընդունում։ Պետք է էշ լինել՝ դրանք նման կերպ ընդունելու համար»,- Թոփուրիայի խոսքերն է մեջբերում FREAK.MMA-ի X-ի էջը։
Նշենք, որ վրաց-իսպանացի մարզիկը խառը մենամարտերում իր պրոֆեսիոնալ նորամուտը նշել է 2015 թվականի ապրիլին։ Հյուսիսամերիկյան լիգայում (UFC) «Մատադորը» սկսել է հանդես գալ 2020 թվականի հոկտեմբերից։ Իլիայի ակտիվում կա 17 հաղթանակ (որոնցից միայն 2-ն են գրանցվել մրցավարների որոշմամբ) և ոչ մի պարտություն։ Արման Ծառուկյանն իր վերջին մենամարտն անցկացրել է այս տարվա ապրիլին՝ հաղթելով Չարլզ Օլիվեյրային։
Armsport