Օրեր առաջ Թուրքիան Հայաստանին կոնֆետի թուղթ նվիրեց։ Թուրքական ապրանք ներմուծող հայ գործարարներն իրավունք ստացան ապրանքի փաստաթղթում ուղիղ նշել «Հայաստան» անունը։ Այս քաղաքական ժեստով ցույց տրվեց, որ հայ-թուրքական կարգավորման գործընթացում առաջընթաց կա։ Իսկ գործարարն այսուհետև ոչ թե ներկրման, այլ տարանցման մաքս կվճարի այն երկրին, որի տարածքով ապրանք է տանում-բերում Թուրքիայից ՀՀ։ Նիկոլ Փաշինյանն այս նորությունը հաղորդելով՝ հույս էր ներշնչում, թե առաջիկայում բացվելու է հայ-թուրքական սահմանը, ու Հայաստանը կարող է Թուրքիայի տարածքով առևտուր անել ԵՄ երկրների հետ։
Այս ակնկալիքը զարգացնելու համար հերթական նվերն է մատուցվել Հայաստանին, որի մասին տեղեկացրել է Փաշինյանը մայիսի 24-ին՝ հայտարարելով, թե Ախալքալաք-Կարս երկաթուղին, Ադրբեջանի երկաթուղու նման, այլևս բաց է Հայաստանից արտահանումների և Հայաստան ներմուծումների համար։
«Սա մեծ իրադարձություն է մեր երկրի տնտեսական կյանքում։ Շնորհակալ եմ Թուրքիայի և Վրաստանի գործընկերներին»,- գրել է նա և հավելել. «Հայաստանն այսօր Վրաստանի և Ադրբեջանի տարածքով երկաթուղային կապ ունի Ռուսաստանի, ապա և Ռուսաստանի և Ղազախստանի տարածքով՝ Չինաստանի հետ։ Հիմա այլևս Վրաստանի և Թուրքիայի տարածքով նաև Եվրոպական Միության հետ»։
Ի՞նչ է սա նշանակում, և այստեղ ի՞նչն է ուրախալի։
2017-ի հոկտեմբերի 30-ից գործում է «Բաքու-Թբիլիսի-Կարս» երկաթուղին, որն անցնում է Ախալքալաքով։ Նախատեսվում էր, որ «Բաքու-Թբիլիսի-Ախալքալաք-Կարս» երկաթգիծը հեռանկարում կդառնա «Եվրոպա-Կովկաս-Ասիա» երկաթուղային միջանցքի մի մասը։ Գործարարներն այս երկաթուղուց օգտվել են, Թուրքիայից ապրանք են բերել Ախալքալաք, այնտեղից՝ Հայաստան։ Նրանց համար, ենթադրաբար, բան չի փոխվել։
Հարկ է նկատել, որ Հայաստանն ու Թուրքիան առևտրային պայմանագրեր չունեն։ Չկա պայմանավորվածություն, որ Թուրքիան Հայաստանին է մատակարարում այսինչ ապրանքը, կամ Հայաստանը Թուրքիա է արտահանում այսինչ ապրանքները։ ԵՄ-ի հետ ևս չկան առևտրային մեծածավալ պայմանավորվածություններ, որոնք կարող են իրականացվել այս երկաթուղով։ Հետևաբար՝ այս պահի դրությամբ պարզ չէ, թե ի՞նչ է ներկրվելու ու արտահանվելու այս երկաթուղով։ Եթե ոչ մի նոր բան չի ներկրվելու ու արտահանվելու, ապա ինչի՞ վրա է ուրախացել Փաշինյանը։
Ուրախալի կլիներ, եթե այս հնարավորության բացմանը զուգահեռ Հայաստան-ԵՄ, Հայաստան-Թուրքիա առևտրային պայմանագրեր ստորագրվեին, որոնց հավելվածներում կնշվեր, որ մատակարարումները կատարվելու են այս երկաթուղով։
Մյուս կողմից՝ անհասկանալի է, թե ինչո՞ւ չի բացվում հայ-թուրքական սահմանի Մարգարայի անցակետը։ ՀՀ պաշտոնյաները հավաստիացնում են, թե լրիվ պատրաստ են բացելու անցակետը, որով Հայաստանը կարող է առևտուր անել Թուրքիայի, նրա տարածքով նաև ԵՄ-ի հետ։ Այս տեսանկյունից՝ Փաշինյանի հայտնած տեղեկությունը նշանակում է, որ հայ-թուրքական սահմանի բացումն այն աստիճանի անհույս փակուղու մեջ է, որ Փաշինյանն ուրախանում է, որ Վրաստանի տարածքով թույլ է տրվել առևտուր անել Թուրքիայի ու ԵՄ-ի հետ։
Բնականաբար՝ Փաշինյանն այս նորությունը մատուցում է որպես ձեռքբերում, առաջընթաց։ Նա կարծես խոստանում է՝ «Առաջիկայում Հայաստան–Թուրքիա, Հայաստան–Ադրբեջան, ապա և Նախիջևանով Հայաստան–Իրան երկաթուղու բացումն է։ Այս իրադարձություններին ականատես կլինենք առաջիկայում՝ TRIPP նախագծի իրագործման արդյունքում»։ Սակայն ողջամիտ կասկած կա, որ ՔՊ-ն այս խոստումը ևս չի կարող իրականացնել։
Պարզ ասած՝ գրեթե բոլորն են հասկանում, որ ԹՐԻՓՓ-ի շրջանակում այս ճանապարհները կբացվեն պայմանով՝ եթե Հայաստանն իրականացնի անկախության և ժողովրդավարության բարեփոխումներ՝ Հայաստանից դուրս հրավիրի ռուսական զորքերը, լյուստրացիա անի, ազգայնացնի երկաթուղին և այլն։ Փաշինյանն անցած 8 տարիներին խիզախություն ու կամք չունեցավ այս ուղղությամբ ռեալ քայլեր անելու համար։ Պարզ չէ, թե Փաշինյանն այս առումով՝ ինչքան կարող է դեմ գնալ ՀՀ ազգային շահերին, առաջնահերթ սպասարկելով ռուսական շահերը։ Ուստի՝ ենթադրելի է, որ ՀՀ-ԵՄ, ՀՀ-Թուրքիա, ՀՀ-Իրան ճանապարհները կբացվեն, ու շրջափակումն իրապես կվերանա իշխանափոխությունից հետո։ Եթե Փաշինյանն այս իշխանափոխության մասին է ակնարկում, ապա դա, իհարկե, ուրախալի է։