Apple-ը այս տարվա երկրորդ կեսին կներկայացնի 15 նոր սարք


Գիտություն


Apple ընկերությունը 2026 թվականի երկրորդ կեսին պատրաստվում է տեխնոլոգիական մեծ հարձակման՝ միանգամից ներկայացնելով 15 նոր սարքավորում։ Այս մասին հայտնում է Tom’s Guide պարբերականը՝ վկայակոչելով իր ինսայդերներին և վերլուծաբաններին։ Աշնանային պրեմիերաների գլխավոր հիթը խոստանում է դառնալ ընկերության պատմության մեջ առաջին ճկվող սմարթֆոնը՝ iPhone Fold-ը (կամ Ultra-ն)։

Ըստ լուրերի՝ այն կունենա 7,6–7,7 դյույմանոց ներքին և 5,3 դյույմանոց արտաքին էկրան, գրեթե աննկատ ծալք, հեղուկ մետաղից պատրաստված նոր ծխնի և կհրաժարվի Face ID-ից՝ հօգուտ Touch ID-ի: Սարքի նախնական գինը գնահատվում է շուրջ 2500 դոլար։ 

Դրան զուգահեռ կթողարկվեն iPhone 18 Pro և Pro Max մոդելները՝ նորագույն 2 նանոմետրանոց A20 Pro չիպով, մինչդեռ բազային iPhone 18-ների թողարկումը կարող է հետաձգվել մինչև 2027 թվականի գարուն։

Համակարգիչների շարքում սպասվում է հեղափոխական թարմացում. MacBook Pro-ն կստանա հզոր M6 չիպ, ավելի բարակ կորպուս և սենսորային OLED էկրան, որի արտադրությամբ արդեն զբաղվում է Samsung Display-ը։ 

Պլանշետների սիրահարների համար Apple-ը պատրաստում է OLED էկրանով iPad mini 8 և բազային iPad 12: Ժամացույցների շարքը կհամալրվի Apple Watch Series 12-ով և Ultra 4-ով, որոնցում շեշտը դրվելու է առողջության բարելավված սենսորների և արհեստական բանականության (AI) խորը ինտեգրման վրա։

Սպասվող 15 սարքերի ամբողջական ցանկում ներառված են նաև Mac Studio-ն, Mac mini-ն, iMac 24-ը, Apple TV-ն, նոր HomePod-երն ու խելացի տան կառավարման Home Hub-ը։ 

Այս ամենին ընդառաջ, արդեն հաջորդ ամիս Apple-ը կցուցադրի iOS 27 օպերացիոն համակարգը, որն առաջին անգամ հարմարեցված կլինի ճկվող էկրանների ձևաչափին։ 

Իսկ ավելի հեռանկարային մոդելների սիրահարների համար ինսայդերները արդեն բացահայտել են ապագա iPhone 20-ի դիզայնը, որը կունենա չորս կողմից միկրո-կորացված էկրան՝ ստեղծելով Ստիվ Ջոբսի երազած «ամբողջական ապակու» էֆեկտը։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *