
Կարծում եմ, բոլորին է հայտնի Հ. Թումանյանի «Տերն ու ծառան» հեքիաթը: Այն երկու եղբայրների մասին է, մեկը` խելացի, մյուսը՝ միամիտ։ Ինչպես նաև ագահ ու շուստրի հարուստ, նրա կնոջ ու զոհ գնացած ոչխարների: Ու միամիտ եղբոր պարտության եւ խելացի եղբոր վրեժի` ագահ ու շուստրի հարուստից: Ինձ համար բաց է մնում այն հարցը, թե ինչպես է զգացել «Ամենայն հայոց բանաստեղծը», որ իր գրած հեքիաթը՝ մի փոքր ձևափոխված, կյանքի էր կոչվելու ավելի քան 100 տարի անց:
Իսկ հիմա հարմար տեղավորվեք ձեր բնակարանում կամ այնտեղ, որտեղ գտնվում եք այս հոդվածը կարդալու պահին: Եվ ունկնդրեք, թե ինչպես է հնարավոր կյանքի կոչել 100 տարի առաջվա պատմությունը: Եվ այսպես, լինում է չի լինում, մի երիտասարդ է լինում՝ իր կարծիքով խելացի և արդարամիտ: Այդ երիտասարդը երկար տարիների ակտիվ կյանք վարելով՝ հասուն տարիքում հասնում է իր գերագույն բաղձանքի իրականացմանը: Այն է՝ Հայաստանի վարչապետ կարգվելուն: Համոզված լինելով, որ եթե դա իրեն չհաջողվի, ապա Հայաստանն այլևս չպետք է ունենա վարչապետ: Թե ինչպես է նրան հաջողվում կյանքի կոչել իր երազանքը՝ դրա մասին բաիզմիցս է գրվել: Ու կրկնվելու կարիք, բնականաբար, չկա:
Ինչևէ, բազմելով տարածաշրջանում և ոչ միայն, հարգված պետության գահին, ինքն ամեն ինչ անում է, որպեսզի իր զրոյական կետից լուծում ստանա Ղարաբաղյան խնդիրը: Ու դա լինի այնպիսի լուծում, որ ձեռնտու լինի ոչ միայն արցախցիներին ու հայաստանցիներին, այլև թշնամի ադրբեջանցիներին: Բայց թե խայտառակ պարտության հետևանքով ինչպիսի լուծում ստացավ այդ խնդիրը՝ հայտնի է բոլորիս: Ընդամենը ավելացնեմ, որ մինչև նման լուծում ձեռք բերելը վերջինս երազում էր, որ ինքն Աստծո կամոք կառավարելու է առնվազն մինչև 2050 թվականը: Ու, ըստ այդմ, ծրագրեր էր կազմում 30 տարվա կտրվածքով:
Սակայն խայտառակ պարտությունից հետո ինքը հասկացավ, որ ոչ թե Աստծո տեղապահն է այս երկրում, այլ ընդամենը ժողովրդի ծառա: Քանի որ իշխանությունը պատկանում է ժողովրդին, ու մի քանի տարին մեկ նրա կողմից այն հանձնվում է ինչ-որ քաղաքական ուժի: Տվյալ դեպքում՝ հենց իրեն, քանի որ ինքն իրենով մարմնավորում է հենց այդ ուժը: Ինչևէ, եթե իրականում երկրի տերը լիներ ժողովուրդը, ապա խայտառակ պարտությունից հետո կվռնդեր նման ծառային: Ով է տեսել, որպեսզի տերը պահի ապաշնորհ, դարավոր թշնամու կողմից ծեծված ու խայտառակված ծառային: Հատկապես այնպիսի մեկին, ով ՊՆ բունկերում թաքնված հաթաթա էր տալիս հենց իր՝ տիրոջ հասցեին:
Էլ չասած, որ ժողովրդի իրական ծառան պետք է այնքան արժանապատվություն ունենար, որ խայտառակվելուց հետո ինքնակամ հրաժարական ներկայացներ իրեն ժամանակավոր հանձնված իշխանությունից և հեռանար: Այլ ոչ թե, մերժված նախկինի կողմից մշակված մեխանիզմով, իբրև թե հրաժարական ներկայացներ ու պահպանելով իշխանությունը, կրկին բազմեր ծառայողական գահին: Այսպիսով կարող ենք արձանագրել, որ ծառան ոչ միայն չարդարացրեց իրեն, այլև կեղծավոր երդումներով ապակողմնորոշելով տիրոջը՝ սկսեց տիրություն անել նրան՝ փոխանակ որպես վարձու ծառա սպասարկեր իր տիրոջը:
Ինչ մնում է 700 հազար, «51% +» կամ այլ բացարձակ կամ տոկոսային թվերին, որոնց հիման վրա ինքն իբրև թե կամովին կհեռանա, ապա դրանով ծառայից տիրոջը վերածված անձը փորձում է խեղճացնել այն մարդկանց, ում համար այդ թվերը ապատիայի մեջ ընկնելու աղբուր կարող են դառնալ: Ովքեր անընդհատ ենթադրում են, որ վարչապետի աթոռից կառչած անձը մի նոր քաջ նազար է, ում հնարավոր չէ հաղթել: Առանց գիտակցելու, որ քաջնազարների ուժը թաքնված է հենց մարդկանց այդ բնույթի հավատքի մեջ: Ու այդ թվերն էլ լսելով՝ կարող են հոգեբանորեն ջարդվել և ընտրատեղամաս գնալու փոխարեն մնալ տանը: Այնինչ, պետք է անպայման այցելել մոտակա ընտրատեղամասը և նրան մերժելով՝ երկիրն ազատել իրեն տեր երևակայած ապաշնորհ ու աննորմալ ծառայից: