
Սիսիանում նախընտրական քարոզարշավի ժամանակ «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հիշեցրեց, որ Արցախի հետ կատարվելիքի մասին հրապարակավ խոսում էին 2022-ին։
«Մեկուկես ամիս Ֆրանսիայի հրապարակում անդադար, գիշեր-ցերեկ ասում էինք՝ վտանգ կա։ Ամեն բան, հիշում եմ, սկսվել է խորհրդարանում ասած մեկ նախադասությունից, այն էր՝ Արցախի հարցով նշաձողը պետք է մի քիչ իջեցնել։
Իրեն ճանաչելով՝ հասկացանք, թե իրականում ինչ է նշանակում նշաձողի իջեցումը։ Դուրս եկանք հրապարակ, բայց չկարողացանք բավարար մարդ հավաքել, համոզել։ Ու երբ Ֆրանսիայի հրապարակի շարժումը հուլիսին մարեց, հոկտեմբերին 6-ին գնաց ու ստորագրեց այդ տխրահռչակ հայտարարությունը, ինչով Արցախը ճանաչեց Ադրբեջանի մաս, ու դրանից հետո կորցրեցինք Արցախը»,- նշեց ՀՀ երկրորդ նախագահը։
Ընդդիմադիր գործիչն ընդգծեց նաև՝ Փաշինյանի ամեն հայտարարության հաջորդում է ողբերգություն, հետևաբար Սյունիքի հարցով պետք է զգոն լինել ու որևէ հարցում որևէ կերպ ՔՊ-ին հնարավորություն չտալ։