Մենք գիտենք, թե ովքեր են պատրաստել Սամվել Կարապետյանի վերաբերյալ կեղծ,  Ֆոտոշոփ արված փաստաթուղթը. Ռոբերտ Ամստերդամ

NEWS.am-ը զրուցել է միջազգային ճանաչում ունեցող փաստաբան Ռոբերտ Ամստերդամի հետ, որը հանդիսանում է Սամվել Կարապետյանի գլխավոր միջազգային իրավախորհրդատուն։

Պարոն Ամստերդամ, սկսենք վերջին մեղադրանքներից, որոնք իշխող կուսակցության կողմից ուղղվել են անձամբ ձեզ։ Ռուբեն Ռուբինյանը մեղադրել է ձեզ Ջեֆրի Էփսթեյնի հետ կապեր ունենալու մեջ՝ մասնավորապես պնդելով, թե դուք ներկայացրել եք նրան, և այժմ հրապարակել է ձեր ընկերության էլեկտրոնային նամակը, որտեղ հիշատակվում է պարոն Ուեյդի համար առաջարկվող պայմանագրի մասին։ Ի՞նչ կասեք դրա վերաբերյալ։ Ինչպե՞ս կբացատրեք այդ հաղորդակցության համատեքստը։

Իմ պատասխանը՝ եթե օգտագործեմ խոսակցական արտահայտություն, այն է, որ Ռուբենը բթամիտ է, որովհետև նույնիսկ փաստաթուղթը չի կարդացել։ Իշխող կուսակցությունն այնքան է է ուզում մարդկանց սևացնել, որ նույնիսկ չի կարդում այն սուտը, որը տարածում է, որովհետև ներգրավման նամակը բոլորովին այլ անձի համար է։ Այն պարոն Էփսթեյնի համար չէ։ Այն պարոն Ուեյդի համար է, ով Սենեգալից է։ Եթե նրանք թեկուզ նվազագույն ստուգում իրականացնեին, կտեսնեին դա և կհասկանային, որ մենք երբեք անգամ չենք առաջարկել մեր ծառայությունները պարոն Էփսթեյնին։ Պարոն Էփսթեյնը, այն միակ հանդիպման ժամանակ, որ ունեցել եմ աֆրիկացի հաճախորդի հետ կապված, բարձրացրել էր իր համար աշխատելու հնարավորության հարցը, և ես հրաժարվել եմ։ Ես երիտասարդ դուստրեր ունեմ և որևէ հետաքրքրություն չունեի ներգրավվելու որևէ բանի մեջ, որը կապված էր սեռական ոչ պատշաճ վարքի հետ, հատկապես հաշվի առնելով, որ իրավունքի այն շրջանակը, որոնց մասին նա խոսում էր, ես նույնիսկ իրավասու չէի աշխատելու։ Այս մեղադրանքները Նիկոլ Փաշինյանի մեծ ստի արշավի հերթական դրսևորումն են, ով, անկեղծ ասած, թվում է՝ հոգեբանական հավասարակշռություն չունեցող անձ է, որը վերջին շաբաթվա ընթացքում հարձակվում է ոչ միայն իմ և ընդդիմության առաջնորդների, այլ նաև սեփական քաղաքացիների վրա։ Այդ մարդը կարծես չի կարող փողոցով քայլել՝ առանց ընտրողների հետ վիճաբանության մեջ մտնելու՝ կապված Արցախի, եկեղեցու և սեփական ժողովրդի հանդեպ իր դավաճանության հետ։ Նա ծախված մարդ է՝ ադրբեջանցիներին կամ ցանկացած այլ արտաքին ուժի, բայց հաստատ չի պաշտպանում հայ ժողովրդի շահերը։

Պատրաստվո՞ւմ եք իրավական գործընթաց սկսել այդ մեղադրանքների առնրությամբ։

Վստահաբար։ Եթե նրանք ներողություն չխնդրեն, մենք նրանց դատի կտանք։ Ես արդեն նշել եմ 10 միլիոն դոլարի մասին, գուցե ավելին լինի։ Եվ ցանկացած դատավոր, որը տեսնի, որ Ռուբենը կամ մյուսները նույնիսկ չեն կարդացել փաստաթուղթը, որը թափահարում էին, բավական վրդովված կլինի։ Ինձ՝ մի մարդու, ով ներկայացնում է կարևոր կրոնական հաստատություններ, կապել պարոն Էփսթեյնի հետ՝ ուղղակի խայտառակություն է։ Առավել ևս՝ առանց որևէ հետազոտության, այն դեպքում, երբ փաստաթղթերից ակնհայտ է, որ ես որևէ հետաքրքրություն չեմ ունեցել պարոն Էփսթեյնին ներկայացնելու հարցում։ Սա պետք է ամոթ լինի ցանկացած կառավարության համար։ Բայց կարծում եմ՝ Փաշինյանի կառավարությունն արդեն ամոթի սահմաններից դուրս է։ Նրանք մի խումբ են, որը հավատում է, թե կարող է ստելով վերընտրվել՝ հիմնվելով Արևմուտքի աջակցության վրա՝ հայ ժողովրդին վաճառելու դիմաց։

Ինչո՞ւ, ըստ ձեզ, առաջ քաշվեցին այդ մեղադրանքները։

Ակնհայտ է, որ մենք արդյունավետ ենք գործում։ Նրանք մեզ վրա չէին հարձակվի, եթե չզգային, որ մենք արդյունավետորեն ներկայացնում ենք ճշմարտությունը հայ ժողովրդին՝ Սամվել Կարապետյանի, նրա համոզմունքների և այն փաստի մասին, որ պարոն Կարապետյանը քաղաքական պաշտոնի որևէ հավակնություն չուներ, մինչև Փաշինյանը չսկսեց այս խելահեղ հարձակումները եկեղեցու և եկեղեցու ղեկավարության դեմ։ Այդ հարձակումները փաստագրված են։ Այսպիսով, յուրաքանչյուր հայ պետք է հասկանա, որ Փաշինյանին տրված ձայնը ձայն է ընդդեմ եկեղեցու, ձայն, որը այդ մարդուն կտա այն իշխանությունը, որը նա կարծում է, թե ունի՝ հեռացնելու եկեղեցու առաջնորդին և վերակառուցելու եկեղեցին կանոնական իրավունքին հակասող ձևով։

Ինչպե՞ս եք գնահատում նախընտրական մթնոլորտը։ Վերջին շաբաթներին քաղաքական հռետորաբանությունը զգալիորեն սրվել է, այդ թվում՝ Սամվել Կարապետյանի և նրա կուսակցության դեմ ուղղված սպառնալիքները վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից։

Պարոն Փաշինյանը հուսահատ մարդ է։ Նա մարդ է, որն այնքան հաճախ է փոխել իր հարթակն ու քաղաքականությունը, որ նրա վարքագծի պատմությանը նայելը պարզապես ամոթալի է նրա համար։ Կարծում եմ՝ մարդիկ հասկանում են, որ նա իրականում վաճառել է Հայաստանը ամենաբարձր գնորդին։ Նույնիսկ նրա հայտարարություններն են իրար հակասում։ Երեք շաբաթ առաջ նա ասում էր, որ ռուս-հայկական հարաբերությունները երբեք այսքան լավ չեն եղել։ Հետո նա հրավիրեց պարոն Զելենսկուն Հայաստան, և դրա արդյունքում պարոն Պուտինը սկսեց սխալ գործողություններ իրականացնել՝ սպառնալով հայ ժողովրդին։ Պետք չէ հանճար լինել հասկանալու համար, որ Զելենսկուն Հայաստան բերելը չէր բխում հայ ժողովրդի շահերից, և Ռուսաստանի հետ անհարկի լարվածություն ստեղծելը, հաշվի առնելով տնտեսական կապերը, շատ քիչ իմաստ ունի, եթե նպատակն է Հայաստանը բաց պահել բոլոր երկրների համար։ Ակնհայտ է, որ նպատակը պետք է լինի բազմաբևեռ արտաքին քաղաքականություն՝ լավ հարաբերություններ Միացյալ Նահանգների, ԵՄ-ի և ողջամիտ հարաբերություններ Ռուսաստանի հետ։

Ի՞նչ եք կարծում, ներկայիս միջավայրը թո՞ւյլ է տալիս ազատ և արդար ընտրարշավ։

Անկեղծ ասած, ԵՄ-ի և Ռուսաստանի միջամտությունը չնչին է Փաշինյանի միջամտության համեմատ։ Նա բանտարկում է լրագրողների։ Նա բանտարկում է ընդդիմության առաջնորդներին։ Նա կալանավորել է եկեղեցու կարևոր ներկայացուցիչների։ Նա ավտորիտար ղեկավար է, ով աշխատանքներ է բաժանում նրանց, ում կարծում է, թե իրեն կաջակցեն։ Իրականում հենց Փաշինյանն է ազատ և արդար ընտրությունների գլխավոր խոչընդոտը։

Ռուսական միջամտություն ասելով ի՞նչ նկատի ունեք։

Պարոն Պուտինը բացահայտորեն սպառնացել է տնտեսական պատասխան քայլերով, և ես դա դիտարկում եմ որպես միջամտություն։ Կարծում եմ՝ ցանկացած առաջնորդի հայտարարություն ընտրություններից այսքան կարճ ժամանակ առաջ կարող է դիտվել որպես միջամտություն։

Վերջին շրջանում փորձ է արվում Սամվել Կարապետյանին և «Ուժեղ Հայաստան» դաշինքը ներկայացնել որպես ռուսական շահեր հետապնդողներ։ Նախ արտահոսած փաստաթղթերը պնդում էին, թե Սամվել Կարապետյանը  Ռուսաստանի անվտանգության ծառայության գործակալ է։ Ավելի ուշ իշխող կուսակցության ներկայացուցիչները հարցականի տակ դրեցին Նարեկ Կարապետյանի քաղաքացիությունը։ Այս ամենի վերաբերյալ կա նաև պաշտոնական հետաքննություն։ Ի՞նչ կասե՞ք այդ մասին։

Դրանք բոլորը ստեր են։ Եվ նման պնդումները կավելանան ընտրություններին մոտենալու հետ մեկտեղ, որովհետև Փաշինյանը չի կարող հաղթել պարոն Կարապետյանին։ Ուստի նա կարող է միայն ստել, խաբել և կիրառել անօրինական ու անբարոյական մեթոդներ՝ իր նպատակներին հասնելու համար։ Նա չի հաջողելու։ Այդ զեկույցը, որով փորձում էին Սամվելին կապել Ռուսաստանի անվտանգության ծառայության հետ, ծիծաղելի է։ Փաստաթղթերը ֆոտոշոփված կեղծիքներ են։ Մենք գիտենք, թե ովքեր են դրանք պատրաստել՝ Փաշինյանի հետ կապված թիմ է։ Սա նախընտրական ռուսական ոճի վարքագիծ է, որով զբաղվում է պարոն Փաշինյանը։ Չեմ կարծում, որ Հայաստանում կա քաղաքական գործիչ, ով ավելի շատ է նման Վլադիմիր Պուտինին, քան պարոն Փաշինյանը։

Ի՞նչն է, ըստ ձեզ, նման լուրերի տարածման պատճառը։

Կարծում եմ՝ հուսահատությունը։ Փաշինյանն այնքան հաճախ է փոխել իր քաղաքական գույները, որ պարզապես անհնար է հիշել։ Նա որպես քաղաքական գործիչ որևէ վստահություն չունի։ Այն, ինչ նա ունի, պետական վարչական ռեսուրսներն են՝ հարձակվելու, ձերբակալելու և ճնշելու համար։ Պարզ ասեմ՝ Սամվել Կարապետյանին չեն թույլատրել քարոզարշավ իրականացնել։ Նրան պահել են տանը, և միայն իր ու իր ընտանիքի հնարամտության շնորհիվ է, որ նա շարունակում է մնալ քաղաքական դաշտում։ Եվ իհարկե, նա արժեքավոր մարդ է։ Ի տարբերություն Փաշինյանի, պարոն Կարապետյանը մեծ հաջողության հասած անձնավորություն է, որի կապերը եկեղեցու հետ գալիս են մանկությունից, իր հորից։ Սա մարդ է, ում երակներում եկեղեցին և հայրենիքն են հոսում, ով հարգում է ավանդույթը, մշակույթը, պատմությունն ու լեզուն։ Սրանք բաներ են, որոնց մասին Փաշինյանը չի կարող խոսել։ Նույնիսկ իր սեփական հայրը չի կարծում, որ նա համապատասխանում է այդ պաշտոնին։ Նրա կինը լքել է նրան, ինչը, իհարկե, կարող է պատահել յուրաքանչյուրի հետ, բայց երբ դա կապում ես հոր մեկնաբանությունների հետ, լուրջ մտահոգություններ են առաջանում։ Հետո տեսնում ես նրա ֆիզիկական հարձակումները ընտրողների նկատմամբ և այն, թե որքան անկայուն է նա թվում ընտրական շրջանում, և դա լուրջ հարցեր է առաջացնում՝ արդյոք նա համապատասխանում է այդ բարձր պաշտոնին։

Դուք սա դիտարկո՞ւմ եք որպես կուսակցությանը ընտրապայքարից դուրս թողնելուն ուղղված համակարգված փորձ։ Կարծում եք՝ նման սցենար հնարավո՞ր է։

Ոչ, դա այնպիսի աղաղակող քայլ կլիներ, որ կվիրավորեր բոլորի զգացմունքները, որովհետև այս պահին բավական հայտնի է, որ, չնայած արևմտյան հարցումներին, պարոն Կարապետյանն իրականում առաջ է անցնում պարոն Փաշինյանից։ Այդ պատճառով նման քայլը կդիտվեր որպես հայ ժողովրդի ժողովրդավարական շահերը ճնշելու բացահայտ փորձ։

Դուք խոսում եք միջամտության մասին։ Վաղը ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ժամանում է Երևան։ Դա պաշտոնական այց է, սակայն տեղի է ունենում ընտրություններից ընդամենը երկու շաբաթ առաջ։ Տեսնո՞ւմ եք կապ այս այցի և առաջիկա ընտրությունների միջև։

Տեսեք, մենք դեռ չգիտենք այցի նպատակը։ Ես կոշտ եմ արտահայտվել ԵՄ միջոցառման վերաբերյալ, որը կազմակերպվեց ընտրություններից մեկ ամիս առաջ։ Պատրաստ եմ հավատալ, որ իմ երկրի պետքարտուղարը այդ նպատակով չի, որ  այցելում է Հայաստան, բայց  ընտրված ժամանակահատվածը շատ լուրջ հարց է բոլոր նրանց համար, ովքեր կարծում են, որ հայ ժողովուրդը պետք է խաղաղ պայմաններում քվեարկի։ Սակայն գուցե կա հրատապ մի հարց․ չեմ ուզում կանխակալ ենթադրություններ անել։ Տեսնենք, թե ինչ կլինի։ Կարող եմ ասել, որ, եթե սա ինչ-որ կերպ ընտրական այց է, մենք կցանկայինք, որ պարոն Ռուբիոն հանդիպեր նաև պարոն Կարապետյանին և մյուս ընդդիմադիր թեկնածուներին։

Այս այցը կարող է ներկայացվել որպես ԱՄՆ աջակցություն Հայաստանի կառավարությանը և Նիկոլ Փաշինյանին։ Ի՞նչ եք մտածում այդ մասին։

Նրանք արդեն կազմակերպել էին ԵՄ գագաթնաժողովը՝ 45 պետությունների ղեկավարների մասնակցությամբ, և Փաշինյանի վարկանիշը դրանից հետո ընկավ։ Եթե պարոն Ռուբիոն սա վերածի բացահայտ աջակցության, կարծում եմ՝ դա միայն կօգնի ընդդիմությանը, որովհետև հայ ժողովուրդը շատ լավ կհասկանա, որ սա միջամտություն է ամենաբարձր մակարդակով։ Ուստի ես կրկին ձեռնպահ կմնամ այցը քննադատելուց և պարոն Ռուբիոյին կտամ կասկածի առավելությունը, ինչպես, վստահ եմ, կանի նաև պարոն Կարապետյանը։ Տեսնենք՝ ինչ կկատարվի։

Անդրադառնանք ձեր վերջին զեկույցին՝ «Նախագծված Միջամտություն» վերնագրով։ Ձեր ընկերությունը մեղադրում է Եվրամիությանը Հայաստանի ներքին քաղաքականությանը ակտիվորեն միջամտելու մեջ՝ ի շահ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարչակազմի։ Դուք մասնավորապես մատնանշում եք ԵՄ ֆինանսական աջակցությունը, Հիբրիդային հարձակումների դեմ պայքարող թիմը, և Երևանի վերջին գագաթնաժողովը՝ որպես ոչ չեզոք քաղաքական ներգրավվածության ապացույցներ այս զգայուն նախընտրական շրջանում։ Ինչպե՞ս կպատասխանեք այն քննադատներին, որոնք ասում են, որ ձեր զեկույցը օբյեկտիվ նախազգուշացում չէ օտարերկրյա ազդեցության մասին։

Անկեղծ ասած, ինձ միշտ զարմացնում է, որ Հայաստանում ոչ ոք չի քննարկում բովանդակությունը։ Մեր զեկույցը կազմվել է աշխարհի լավագույն իրավաբաններից մի քանիսի կողմից, և դա շատ հիմնավորված քննադատություն է ընտրական միջամտության վերաբերյալ՝ հիմնված օրենքի վրա։ Եվ, անկեղծ ասած, ես կուզեի, որ ինչ-որ մեկը մեզ հետ քննարկեր հենց բովանդակությունը, որովհետև ինձ թվում է, որ ԵՄ-ն ամբողջությամբ ներգրավված է նույն վարքագծի մեջ, որը կիրառեց Մոլդովայում, որտեղ նրանք փաստացի գողացան ընտրությունները, և այժմ փորձում են նույնն անել Հայաստանում։ Ընդ որում, կարծում եմ՝ Հայաստանի ժողովրդի համար վտանգներն այստեղ նույնիսկ ավելի մեծ են, որովհետև, ինչպես արդեն ասացի, լուրջ կասկածներ կան, թե արդյոք պարոն Փաշինյանը անձամբ համապատասխանում է այդ բարձր պաշտոնին։ Նրա վարքագիծը չափազանց անկայուն է թվում և լուրջ մտահոգություններ է առաջացնում։

Դուք ասում էիք, որ առաջիկա օրերին կարող են իշխող կուսակցության կողմից նոր մեղադրանքներ հնչել Սամվել Կարապետյանի և նրա թիմի հասցեին։ Ի՞նչ եք սպասում։

Չկա սահման, թե որքան կարող են Փաշինյանն ու իր թիմը ստել և խաբել։ Անկեղծ ասած, նրանք դա նույնիսկ խելացի չեն անում։ Ի տարբերություն այլ երկրների, որտեղ ավտորիտար ղեկավարները գործում են որոշակի նրբանկատությամբ, Փաշինյանի դեպքում որևէ նրբանկատություն չկա։ Նա գործում է կոպիտ ուժով։ Նա ձերբակալում է մարդկանց, ինչպես արեց պարոն Կարապետյանի հետ՝ ամիսներով բանտում պահելով նրան և ըստ էության ստիպելով հրաժարվել իր իրավունքներից ու եկեղեցին պաշտպանելու իր իրավունքից։ Եվ պարոն Կարապետյանի մեծ արժանիքն այն է, որ նա չընկավ այդ ծուղակը, որովհետև նա սկզբունքային և Աստծո մարդ է։ Կարծում եմ՝ երբ նման բնավորություն ունեցող մարդը պայքարում է բարձր պաշտոնի համար, դա մեծ առավելություն է հայ ժողովրդի համար, որովհետև նա խորապես կապված է ազգային այն հաստատությունների հետ, որոնք իսկապես կարևոր են։ Հայաստանը երկիր է, որը ծանր հարվածներ է ստացել Փաշինյանի իշխանության տարիներին։ Այն երկիր է, որը կորցրել է իր ճանապարհը։ Բոլորը հասկանում են Փաշինյանի «իրական Հայաստանի» տեսլականը, որը քանդում է եկեղեցին, փոխում է սահմանադրությունը և երկրի մի մասը հանձնում Ադրբեջանին։ Սա այնպիսի տեսլական չէ, որին կարող է հետևել Հայաստանը սիրող որևէ մարդ։ Սա պարտվողականության և ապաշնորհության տեսլական է, և Կամբոջայի Պոլ Պոտից բացի ես երբեք չեմ տեսել որևէ մեկին, ով հաջողությամբ քաղաքականություն վարեր՝ ժխտելով սեփական ժողովրդի պատմությունը։ Եթե պարոն Փաշինյանը հաղթի, դա մեծ դատապարտում կլինի հայ ժողովրդի համար, բայց ես չեմ հավատում, որ այդ ժողովուրդը ցանկանում է կրել ևս մեկ պարտություն։

Ես արդեն կոչել եմ պարոն Փաշինյանին «Հայաստանի Պոլ Պոտ»՝ երկրի պատմությունը ժխտելու համար։ Ուզում եմ նաև ասել, որ նրա վարքագիծը և այսօր Ռուբենի ծննդյան օրն է, ես տեսա նրա հայտարարությունը, որը, կարծում եմ, յուրաքանչյուր հայ պետք է կարդա՝ Փաշինյանի վարքագծի խիստ քննադատությամբ՝ ուղղակի անընդունելի է։ Աշխարհում չկա մի երկիր, որը, ունենալով պատանդներ թշնամական երկրում, այդքան քիչ բան անի նրանց ազատելու համար։ Դուք տեսաք Վաշինգտոնում տեղի ունեցած ամոթալի դրվագը, երբ հենց նախագահ Թրամփն էր բարձրացնում քրիստոնյա պատանդների հարցը։ Մենք ունեինք իրավիճակ, երբ Շվեյցարիան առաջարկեց աջակցել, իսկ պարոն Փաշինյանը հրաժարվեց։ Նրա վարքագիծը պատանդների հարցում անըմբռնելի է։ Եվ մենք գիտենք՝ ինչու է նա այդպես վարվում․ որովհետև նա գիտի, որ երբ Ռուբենն ու մյուսները դուրս գան, նրանք կդատապարտեն նրա վարքագիծը։ Նրանք իրենց խիզախությամբ կամաչեցնեն նրան՝ բացահայտելով նրա թուլությունը։ Եվ հենց դրա համար նա ոչինչ չի անում պատանդներին ազատելու համար։ Եթե անգամ օտարերկրացի մեկը, ինչպես ես, կարող է այդքան հստակ տեսնել դա, կարծում եմ՝ դա պետք է ակնհայտ լինի ողջ հայ ժողովրդի համար։

Եվ իմ վերջին մեկնաբանությունը կլինի այն, որ «պրոռուսական» լինելու այս ամբողջ մեղադրանքը բացարձակ կեղծ է։ Իմ հաճախորդը հայամետ է և խորապես նվիրված Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն։ Ես անձամբ եմ տեսել դա, երբ հանդիպել եմ նրան բանտում։ Կարող եմ միայն ասել, որ նրա պահվածքը մեծ դաս էր քաջության մասին։ Նա մի մարդ էր, որը չէր փնտրում որևէ տեխնիկական միջոց ազատվելու համար, այլ կանգնած էր իր սկզբունքների վրա՝ հանուն հայրենիքի, եկեղեցու և ընտանիքի։ Շատ հուզիչ էր, և դրա մեջ պրոռուսական ոչինչ չկար։ Դա մարդ էր, որը հավատարիմ էր այն սկզբունքներին և եկեղեցուն, որոնք ստացել էր իր հորից։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *