
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն իր մտերիմ շրջապատի հետ մասնավոր զրույցներում խոստովանել է, որ Իսրայելը գործնականում հնարավորություն չունի ազդելու Դոնալդ Թրամփի՝ Իրանի վերաբերյալ որոշումների վրա, այն դեպքում, երբ ԱՄՆ-ի նախագահը բանակցություններ է վարում համաձայնագրի կնքման շուրջ: Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ հղում կատարելով երկու իրազեկ իսրայելական աղբյուրների։
Նեթանյահուի հայտարարությունները հնչել են այն ֆոնին, երբ Իսրայելը փաստացի մեկուսացված է մնացել նախնական գործարքի համաձայնեցման գործընթացից, որը կոչված է` դադարեցնելու ամերիկա-իսրայելական համատեղ ռմբակոծություններից սկսված պատերազմը։
Նեթանյահուն կոշտ կերպով պահանջում է, որ Իսրայելը պահպանի բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանում, հնարավոր սպառնալիքների դեմ ռազմական գործողություններ շարունակելու իրավունքը։ Այս վերապահումը կարող է խափանել համաձայնությունները, եթե Իրանը պնդի Լիբանանի հարավում իսրայելական ռազմական գործողությունների լիակատար դադարեցում։
Փակ դռների ետևում ընթացող քննարկումներին մասնակցած իսրայելցի պաշտոնյան հայտնել է, որ Նեթանյահուն լուրջ մտահոգություններ է հայտնել ներկայում քննարկվող փոխըմբռնման հուշագրի վերաբերյալ: Թրամփի վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյայի խոսքով՝ համաձայնագիրը նախատեսում է, որ Իրանը բացի Հորմուզի նեղուցը՝ ԱՄՆ ռազմածովային շրջափակման վերացման դիմաց, որից հետո սպասվում է միջուկային հարցով հետագա բանակցությունների մեկնարկ:
Չնայած այդ համաձայնագիրը սկզբնապես չի լուծում Իսրայելի՝ Իրանի միջուկային ծրագրի հետ կապված խնդիրները, Նեթանյահուն նշել է, որ Իսրայելն այժմ «չունի մանևրելու հնարավորություն՝ ԱՄՆ նախագահի վրա ազդեցություն ունենալու համար»։