Ֆրանսիան արգելել է նիկոտինային փաուչները․ խախտողներին սպառնում է մինչև 5 տարվա ազատազրկում և խոշոր տուգանք

Ֆրանսիան արգելք է սահմանել մի շարք հայտնի նիկոտինային արտադրանքների վրա, այդ թվում՝ Zyn փաուչների։ Նոր կանոնների խախտման համար նախատեսված են խիստ պատժամիջոցներ՝ մինչև հինգ տարվա ազատազրկում և գրեթե կես միլիոն դոլարի չափով տուգանք։

Ֆրանսիայի առողջապահության նախարարության սահմանած սահմանափակումները վերաբերում են բերանային նիկոտինային արտադրանքների արտադրությանը, վաճառքին, ձեռքբերմանը և պահմանը, ներառյալ նիկոտինային փաուչներն ու ծամվող հաբերն ու պաստիլները։

Իշխանությունների տվյալներով՝ խախտողներին սպառնում են մինչև 400 հազար եվրոյի տուգանքներ և մինչև հինգ տարվա ազատազրկում։

Արգելքի տակ հայտնված արտադրանքների թվում է, մասնավորապես, Zyn-ը՝ նիկոտինային փաուչների ապրանքանիշ, որը ստեղծվել է Շվեդիայում և վերջին տարիներին հատկապես մեծ տարածում է ստացել Եվրոպայում և ԱՄՆ-ում՝ որպես ավանդական ծխելու այլընտրանք։

Երիտասարդների շրջանում ծխախոտի օգտագործման ազգային հարցման համաձայն՝ 2024 թվականին նիկոտինային փաուչները ԱՄՆ-ում անչափահասների շրջանում դարձել են երկրորդ ամենատարածված ծխախոտային արտադրանքը՝ զիջելով միայն վեյփերին։

Նիկոտինային փաուչները փոքր սպիտակ փաթեթիկներ են, որոնք պարունակում են նիկոտինով և բուրավետիչներով փոշի։ Դրանք տեղադրվում են շրթունքի և լնդի միջև, որտեղից նիկոտինը աստիճանաբար ներծծվում է արյան շրջանառության մեջ։

Ֆրանսիան դարձել է Եվրոպայի այն երկրներից մեկը, որոնք խստացնում են նման արտադրանքների կարգավորումը, սակայն հենց նա է առաջինը սահմանել քրեական պատասխանատվություն ոչ միայն վաճառքի, այլև օգտագործման և պահման համար։

Միաժամանակ որոշ կատեգորիաներ մնում են բացառություն․ արգելքը չի տարածվում բժշկական նիկոտինային պատրաստուկների վրա, ներառյալ ծամոններն ու ինհալյատորները, որոնք կիրառվում են ծխելը թողնելու համար։

Սահմանափակումների տակ չեն ընկնում նաև ավանդական սիգարետներն ու վեյփերը։

Ավելի վաղ նմանատիպ միջոցներ էին սահմանել Ավստրիան, Բելգիան, Գերմանիան, Լյուքսեմբուրգը և Նիդեռլանդները, սակայն այնտեղ խոսքը հիմնականում վերաբերում էր վաճառքի կարգավորմանը, ոչ թե օգտագործման քրեականացմանը։

Ֆրանսիական իշխանությունների որոշումը արտերկրում քննադատության է արժանացել։ Շվեդիայի առևտրի նախարար Բենյամին Դուսան այդ արգելքը համեմատել է Շվեդիայում ֆրանսիական բագետների կամ գինու հիպոթետիկ արգելքի հետ՝ այն անվանելով «աբսուրդային»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *