Իրավապահներին հայտնում եմ, որ իրենք սխալ ուղղությամբ են գնում. Արեգնազ Մանուկյան

Այսօր մամուլում տեղեկություն է հրապարակվել, թե Անդրանիկ Թևանյանի աբսուրդային գործով անցնում եմ նաև ես։ Այս մասին Facebook–ի իր էջում գրել է ԱԺ նախկին պատգամավոր, «Մայր Հայաստան» կուսակցության անդամ Արեգնազ Մանուկյանը՝ անդրադառնալով այսօր մամուլում եղած հրապարակմանը։

Նա, մասնավորապես, նշել է. «Իրավապահներին հայտնում եմ, որ իրենք սխալ ուղղությամբ են գնում, որովհետև ես ոչ թե լրտես կամ դավաճան եմ, այլ ահաբեկիչ։ Տարիներ շարունակ ամենօրյա ռեժիմով ահաբեկում եմ Նիկոլ Փաշինյանի, ՔՊ-ական կատարածուների և մի կին ատամնատեխնիկի անդորրը։

«Մայր Հայաստան» կուսակցության գրասենյակում խուզարկության ժամանակ խունածաց թղթի վրա հայտնաբերված Մանուկյանների գերդաստանի տոհմածառն էլ ահաբեկչության պլանն էր, այնտեղ նշված իմ նախնիններն էլ հավակնում են ապագա վարչապետերի, նախարարների, պատգամավորների, բայց ոչ այն մի կին ատամնատեխնիկի պաշտոններին։

Իսկ եթե լուրջ, ապա իրականում այս մառազմն արդեն վերածվում է կատարյալ կապիկության։ Էն մի հոգավորի դեղերը տեղ հասցրեք կամ դոզան փոխեք, արդեն դրանց ազդեցությունն էլ չի օգնում։

Հարգելի՛ հայրենակիցներ, կոչ եմ անում հունիսի 7-ին անպայման մասնակցել ընտրություններին, ձեր քվեի ուժով վռնդել թուրք-ադրբեջանական օրակարգը սպասարկող այս իշխանություններին և ձևավորել նոր, ազգային իշխանություն»։

Նշենք, որ այսօր «Հրապարակ» թերթը գրել էր. «Լրտեսության եւ պետական դավաճանության մեջ մեղադրվող Անդրանիկ Թեւանյանի գործով, ըստ իրավապահ մեր աղբյուրի, եւս մեկ պատգամավորության թեկնածու, նախկին պատգամավոր է անցնում, որի ուղղությամբ սկսել են քայլեր ձեռնարկել։ Խոսքը «Հայաստան» դաշինքի նախկին պատգամավոր Արեգնազ Մանուկյանի մասին է։

Ըստ Քննչական կոմիտեի, Թեւանյանը 2 տարի առաջ «Ռուսսիա Կովկաս» կենտրոնի տնօրենին 622 հազար դոլարի դիմաց պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ է փոխանցել 2024 թ. ապրիլին ԱԺ փակ-գաղտնի նիստում կայացած լսումներից՝ սահմանազատման թեմայով։ Թեւանյանը 2023-ից ԱԺ պատգամավոր չէ։

Ըստ տեղեկությունների՝ այդ ինֆորմացիան, որն իր մեջ ոչ մի գաղտնիք չի պարունակում, նրան փոխանցել է Արեգնազ Մանուկյանը, որի հետ կապված՝ իշխանական շրջանակներն արդեն քանի օր ակնարկներ են անում»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *