«Հրապարակ». Իրավիճակը դիտավորյալ են սրում

«Հրապարակի» զրուցակիցը Հայաստանի շնորհապետական կուսակցության 2-րդ համար Էդվարդ Անտինյանն է:

– Նախընտրական քարոզարշավների ժամանակ Նիկոլ Փաշինյանը սպառնալիքներ է հղում, ասում է, որ ընդդիմադիրներին «սատկացնելու» է, «կզըցնելու» է, ունեզրկելու է, մարդկանց ընտանիքներ է ներխուժում, նրանց երեխաներին «լակոտ» անվանում: Որպես քաղաքական հայտ ներկայացրած ուժի ներկայացուցիչ՝ ի՞նչ գնահատական կտաք այս հայտարարություններին:

– Տեղից էլ այս ընտրությունները շատ լարված են լինելու: Ռուս-ուկրաինական պատերազմով պայմանավորված՝ աշխարհի բոլոր ընտրություններում, անկախ այն բանից, թե եվրոպական երկիր է կամ այլ տարածքում գտնվող պետություն, ուշադրություն է դարձվում, թե ինչպիսի աշխարհաքաղաքական կողմնորոշում ունի այս կամ պետությունը: Հայաստանում եւս դա հստակ է: 2021 թվականի ընտրություններից շեշտակի տարբերվում է 2026-ի ընտրությունը, ինչու՝ որովհետեւ այս ընտրություններին կա շատ մեծ ազդեցություն դրսից: Հայաստանում կան ուժեր, որոնք բացահայտ օգտվում են արտաքին ուժերի աջակցությունից, իսկ դա լարվածությունն ավելի ու ավելի է մեծացնում: Նիկոլ Փաշինյանի խոսույթին նոր չէ, որ մենք ծանոթանում ենք, սակայն նա այս փուլում հերիք չէ նման հայտարարություններ է անում, այլեւ իրավիճակը դիտավորյալ ավելի է սրում: Եթե դու հայտարարում ես, որ ընտրություններից հետո ուժ ես գործադրելու եւ մարդուց անգամ իր տունն ես վերցնելու, դա չի ասվում այն բանի համար, որ Փաշինյանն իսկապես ուզում է արդարությունը վերականգնել, բնավ: Նիկոլ Փաշինյանն արդեն 8 տարի եւ ավելի իշխանության է եւ եթե իսկապես ցանկանար արդարությունը վերականգնել, ապա վաղուց քայլեր կձեռնարկեր: Նիկոլ Փաշինյանն ուղղակի ընտրություններին ընդառաջ սպառնում է, ասում է` այ, դու էս բանը կանես ու կստանաս…. դրանից մեծանում է լարվածությունը: Փաշինյանն ասում է, որ եթե ինքը չհաղթի ընտրություններում, պատերազմ տեղի կունենա, ընդդիմադիրներն էլ ասում են, որ եթե իրենք չհաղթեն, ռուսները ճանապարհը կփակեն, օդը կփակեն, էս կանեն, էն կանեն: Երկու կողմից էլ կենաց-մահու կռիվ է գնում: Ի դեպ, այնպես չէ, որ ընդդիմությունն իրավիճակը սրելուն դեմ է: Այս ամենն առաջացնում է առանձնահատուկ դժվարություն, եւ ես այն կարծիքին եմ, որ հիմա ամեն բան արվում է, որպեսզի ընտրություններից հետո, եթե դրանց արդյունքները չգոհացնեն, արդյունքները չեն ճանաչելու….

– Փաշինյանն այնքան է կորցրել հավասարակշռությունը, որ անգամ մի կնոջ քաշքշեց փողոցի մեջտեղում:

– Առհասարակ, եթե այդ պրոցեսը կապ չունենար քաղաքականության, ընտրությունների հետ, միանշանակ, ես դրան բացասական էի վերաբերվելու: Բայց իրավիճակը շատ ավելի բարդ է այսօր, քան էթիկայի նորմեր պահելը: Պետությանը նախապատրաստում են հետընտրական բախումների՝ իրավիճակը դիտավորյալ սրելով: Եթե ընտրության արդյունքը Նիկոլ Փաշինյանի համար գոհացուցիչ չլինի, ապա նա ժողովրդին փողոց կհանի, իսկ եթե ընտրությունների արդյունքները գոհացուցիչ չլինեն ռուսամետ ուժերի համար, նրանք եւս ունեն բավարար ռեսուրսներ՝ մարդկանց փողոց հանելու: Այս ամենի դեմն առնելու մեկ ձեւ կա: Այս երկու ուժերից եւ ոչ մեկը չպետք է 50 պլյուս ձայն ստանա: Բավական է, որ նրանցից մեկը ստանա 50 պլյուս, եւ լարվածությունն ավելի է մեծանալու: Մի կողմն ասում է, որ խաղաղություն է բերել Ալիեւի շնորհիվ, ասում է, որ խաղաղությունը պետք է փոխշահավետ լինի, ես դրանից ավելի աբսուրդ բան իմ կյանքում չեմ լսել: Ի՞նչ է նշանակում փոխշահավետ խաղաղություն: Ո՞վ ասաց, որ եթե դու ինչ-որ մեկի հետ առեւտուր ես սկսել, ապա նա քո պետությունը չի ցանկանալու վերցնել քո ձեռքից: Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները վկայում են, որ խաղաղությունը կառուցված է Ադրբեջանի ցանկության վրա: Եթե Ադրբեջանն ուզի խաղաղություն, ապա կլինի, չցանկանա` չի լինի: Շատ կարեւոր է, որ մենք այս ամենի գործիքը չդառնանք եւ Հայաստանը չտանենք բախման: Ընդդիմադիր ուժերն էլ վստահ են, որ ռուսների օգնությամբ բախումներ կլինեն, եւ իրենք իշխանություն կվերցնեն այդ ճանապարհով: Իշխանությունն ունի վարչական մեծ ռեսուրսներ, գումարներ, ընդդիմությունը եւս ունի մեծ ռեսուրսներ, եւ այդ ամենը մեր պետությունը տանելու է բախման, ինչից պետք է զերծ մնալ:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *