Կիրակի՝ ապրիլի 12-ին, Վայմարում տեղի ունեցան հիշատակի միջոցառումներ՝ նվիրված Բուխենվալդի համակենտրոնացման ճամբարի ազատագրման 81-ամյակին: Հիշատակի արարողության մասնակիցները խոսեցին ոչ միայն անցյալի, այլև այսօրվա իրենց մտահոգությունների՝ հակասեմականության և ծայրահեղական տրամադրությունների աճի մասին: Գրում է DW-ն։
Այս տարի Վայմար եկան երկու նախկին ճամբարային բանտարկյալներ՝ 98-ամյա Ալոյզի Մաչյակը Լեհաստանից և 99-ամյա Անդրեյ Մոիսեենկոն Բելառուսից: Իսրայելի պատվիրակությունը չկարողացավ մասնակցել Մերձավոր Արևելքում պատերազմի պատճառով :
Գերմանացի հեռուստահաղորդավար Հապե Կերկելինգը, որի պապը Բուխենվալդի բանտարկյալ էր, ներկա էր արարողությանը: Ինչպես իր ելույթում ընդգծեց Կերկելինգը, նա «շատ անհանգստացած է» այսօր աշխարհում տեղի ունեցողից, քանի որ նացիզմի հիշատակը արժեզրկելու փորձերը «հարված են զոհերին և նրանց սերունդներին»: Վտանգը սկսվում է ոչ թե բռնությունից, այլ անտարբերությունից, ասաց Կերկելինգը՝ հավելելով, որ «պատմությունը չի կարող փակվել»: Հապեի պապը՝ Հերման Կերկելինգը, ձերբակալվել է 1933 թվականին նացիստների դեմ թռուցիկների տարածման համար և գրեթե 3 տարի անցկացրել է Բուխենվալդում: Նա ողջ է մնացել:
Գերմանիայի մշակույթի և լրատվամիջոցների հարցերով պետական նախարար Վոլֆրամ Վայմերը նույնպես ներկա էր արարողությանը։ Նա նաև խոսեց հիշողության մասին՝ թե որքան կարևոր է դրա պահպանումը հատկապես այն աշխարհում, որտեղ հուշարձանները պղծվում են, և հակասեմիտիզմը կրկին աճում է։ Ելույթ ունեցավ նաև Բուխենվալդի և Միտելբաու-Դորայի հիշատակի հիմնադրամի ղեկավար Յենս-Քրիստիան Վագները։ Նա կոչ արեց բացահայտորեն հակադրվել և հակազդել հասարակության մեջ առկա ծայրահեղական տրամադրություններին, ընդգծելով, որ «ազատ հասարակությունը պետք է պաշտպանվի»։