Արցախի ամբողջական հայաթափումից տարիներ անց արցախահայության հավաքական վերադարձի հարցը դարձել է յուրօրինակ «լակմուսի թուղթ» հայաստանյան քաղաքական դաշտում։
NEWS.am-ն ուսումնասիրել և համադրել է ընտրապայքարին մասնակցող կուսակցությունների ու դաշինքների ծրագրային դրույթները՝ պարզելու, թե քաղաքական ուժերից որոնք են իրենց ռազմավարության մեջ հստակ ամրագրել Արցախի ժողովրդի հավաքական վերադարձի խնդիրը և ինչ լուծումներ են առաջարկում նրանք։
Քվեաթերթիկի 3-րդ համարը՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքն իր նախընտրական ծրագրում արձանագրել է, որ Արցախի (Լեռնային Ղարաբաղի) հայության 2020-2023 թվականների ամբողջական էթնիկ զտումից հետո առկա գոյաբանական սպառնալիքներն ու մարտահրավերները զգալիորեն սրվել են։
Այս համատեքստում դաշինքն առանցքային է համարում բռնի տեղահանվածների սոցիալական ինտեգրումն ու նրանց իրավունքների պաշտպանությունը՝ ծրագրում նշելով. «Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների համար օրակարգային է ձևավորել Հայաստանի Հանրապետությունում համապատասխան սոցիալ-տնտեսական և մշակութային միջավայր՝ Հայաստանի Հանրապետությունում լիարժեք ինտեգրման համար։ Միաժամանակ, առաջնահերթ է նրանց միջազգայնորեն վերապահված իրավունքների լիարժեք վերականգնմանը միտված շարունակական և համակարգված քաղաքականություն վարելը»։
Ծրագրային դրույթներում հատուկ շեշտադրված է նաև Արցախի մշակութային ժառանգության պահպանման և միջազգային հարթակներում իրավական գործընթացներ սկսելու կարևորությունը. «Արցախում, ինչպես և ամբողջ աշխարհում, հայ ազգային մշակութային, կրոնական և պատմական ժառանգության պահպանումը ոչնչացումից պետք է հանդիսանա ամենօրյա քաղաքականության մաս՝ միջազգային կառույցների հետ ակտիվ ներգրավմամբ։ Հայաստանի Հանրապետության և Արցախի դեմ կատարված միջազգային հանցագործությունների համապարփակ արձանագրումը և դրանց շուրջ միջազգային օրակարգն անհրաժեշտ է ոչ միայն ճշմարտության վերականգնման համար, այլև մարդկանց ու հասարակությունների մեջ կորսված վստահությունը վերականգնելու, համերաշխություն ստեղծելու և իրական հաշտության հիմքեր ձևավորելու համար»։
«Ուժեղ Հայաստան» դաշինքի համոզմամբ՝ միայն անցյալի իրողությունները արժանապատիվ կերպով բարձրաձայնելու և հասցեագրելու միջոցով է հնարավոր հասնել կայուն խաղաղության և փոխըմբռնման։
Քվեաթերթիկի 6-րդ համարը՝ «Միասնության թևեր» կուսակցությունն իր նախընտրական ծրագրում շեշտը դնում է միջազգային իրավական հարթակներում արցախցիների իրավունքների պաշտպանության հարցում ակտիվ պայքար մղելու վրա։ Քաղաքական ուժը խոստանում է հետևողական լինել միջազգային դատական ու կոնվենցիոն բոլոր մեխանիզմների կիրառման հարցում՝ Հայաստանի և Արցախի քաղաքացիների իրավունքների պաշտպանության նպատակով։ Որպես հատուկ առաջնահերթություն՝ կուսակցությունն առանձնացնում է Արդարադատության միջազգային դատարանն ու Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ)։
Բացի այդ, ծրագրում ամրագրված են հետևյալ հիմնադրույթները. «Ազատելու ենք Հայաստանի ինքնիշխան տարածքներն ադրբեջանական օկուպացիայից։ Գերիների, անհայտ կորածների, ինչպես նաև զոհված հերոսների ընտանիքների իրավունքների միջազգային պաշտպանությունը լինելու է մեր առաջնահերթությունը»։
«Միասնության թևեր» կուսակցությունը նաև սկզբունքային դիրքորոշում է հայտնում Ադրբեջանի դեմ ներկայացված իրավական պահանջներից հրաժարման վերաբերյալ՝ ընդգծելով. «Միջազգային ատյաններից Հայաստանի ներկայացրած հայցերից, գանգատներից կամ դիմումներից հրաժարվելը, առանց հիմնարար իրավունքների խախտումներն արձանագրելու և հատուցում տրամադրելու, բացառվում է․ դա կստեղծի նոր սպառնալիքներ թե՛ մարդու իրավունքներին, թե՛ պետականությանը»։
Քվեաթերթիկի 7-րդ համարը՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն իր նախընտրական ծրագրում արտաքին քաղաքականության և տարածաշրջանային անվտանգության համատեքստում նույնպես առաջնահերթություն է համարում արցախահայության խնդիրը։ Մասնավորապես, Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման իր տեսլականում քաղաքական ուժն ամրագրել է հետևյալ դրույթը. «Արդար և կայուն խաղաղության ապահովման համատեքստում Արցախի հայության հիմնարար իրավունքների ճանաչման և պաշտպանության հետևողական առաջմղում, ներառյալ վերադարձի իրավունքը՝ միջազգային իրավունքի և միջազգային մեխանիզմների շրջանակում»։
Քվեաթերթիկի 8-րդ համարը՝ «Ազգային-ժողովրդավարական բևեռ» համահայկական կուսակցությունն իր նախընտրական ծրագրում առանձին դրույթներով հստակ անդրադարձ է կատարում Արցախի խնդրին ու դրա հետևանքներին։ Մասնավորապես, քաղաքական ուժն արձանագրում է, որ Արցախի բնակչության տեղահանումը գնահատվում է որպես էթնիկ զտում։ Ըստ այդմ, կուսակցությունն առաջադրում է պետության հետևյալ պարտավորությունները.
-
Արցախցիների անվտանգ և արժանապատիվ վերադարձի իրավունքի ապահովում
-
Միջազգային պատասխանատվության ապահովում և ռեստիտուցիայի (նախկին վիճակի վերականգնման/փոխհատուցման) իրականացում
-
ՀՀ ներսում տեղահանվածների նկատմամբ խտրականության բացառում
Ամփոփելով՝ ԱԺԲ-ն առաջարկում է բանակցային գործընթացի վերականգնում, ռազմագերիների վերադարձի առաջնահերթություն և արցախահայության վերադարձի իրավունքի ապահովում բացառապես միջազգային վերահսկողությամբ։
Քվեաթերթիկի 10-րդ համարը՝ «Հայ ազգային կոնգրես» (ՀԱԿ) կուսակցությունն իր նախընտրական ծրագրում նույնպես առանձնահատուկ տեղ է հատկացրել Արցախի և արցախցիների խնդիրներին։
Քաղաքական ուժն արձանագրում է, որ պաշտպանելով արցախցիների հավաքական վերադարձի իրավունքը՝ պետությունն այս ժամանակաշրջանում պետք է շեշտը դնի Հայաստանում նրանց սոցիալ-տնտեսական լիարժեք ինտեգրման, ինչպես նաև միջազգային ատյաններում ու դատարաններում նրանց գույքային և այլ իրավունքների պաշտպանության վրա։
ՀԱԿ-ի համոզմամբ՝ պետական քաղաքականության հիմնական նպատակը պետք է լինի ոչ թե կարճաժամկետ ու նվազագույն աջակցության ծրագրերի իրականացումը, այլ բռնի տեղահանվածների համար արժանապատիվ, անվտանգ և կայուն ապագայի կառուցումը։
Այս նպատակին հասնելու համար կուսակցությունն առաջարկում է սոցիալ-տնտեսական հետևյալ քայլերը.
-
Բնակարանային ծրագրերին զուգահեռ, ցանկացողների համար կիրականացվեն հողահատկացումներ և կտրվի տան կառուցման օժանդակություն։ Հողհատկացումները կատարվելու են այն տրամաբանությամբ, որպեսզի արցախահայերը, ցանկության դեպքում, կարողանան համատեղ կոմպակտ բնակությամբ վերստեղծել իրենց նախկին համայնքները (ըստ շրջանների, քաղաքների և գյուղերի)՝ միաժամանակ ինտեգրվելով հայաստանյան բնակավայրերում։
-
Բնակարանային ծրագրի աջակցության չափը կհամապատասխանեցվի իրատեսական շուկայական գներին։ Կապահովվեն ցածր տոկոսադրույքներով, երկար մարման ժամկետներով և համարժեք կանխավճարի աջակցությամբ մատչելի հիփոթեքային պայմաններ։ Մարզերում բնակեցումը կփոխկապակցվի զբաղվածության ծրագրերի, աշխատանքի, դպրոցի և բուժծառայությունների հասանելիության հետ, որպեսզի մարզ տեղափոխվելը դառնա գրավիչ ընտրություն։
-
Դրամական օժանդակությունը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ ընտանիքները չեն ապահովվել սեփական բնակարանով, կայուն աշխատանքով կամ բավարար եկամտով։ Հատուկ ուշադրության կենտրոնում կլինեն խոցելի խմբերը՝ տարեցները, հաշմանդամություն ունեցող անձինք և զոհվածների ընտանիքները։
-
Կմշակվեն աշխատանքի տեղավորման և ձեռնարկատիրության աջակցության հատուկ ծրագրեր՝ թիրախավորելով երիտասարդներին, ուսուցիչներին, բուժաշխատողներին, նախկին պետական ու համայնքային ծառայողներին և գյուղատնտեսներին։
Քվեաթերթիկի 14-րդ համարի ներքո ընտրապայքարին մասնակցող «Ժողովրդավարական համախմբում» կուսակցությունը նույնպես իր նախընտրական ծրագրում կարևորել է Արցախի հիմնախնդիրը։ Քաղաքական ուժն իր ծրագրում արձանագրում է, որ Հայաստանի քաղաքական վերածննդի ու Արցախի ազատագրման հիմքերը դրվել են դեռևս անցյալ դարի ազգային զարթոնքի տարիներին։
Այսօր արդեն, ձևավորվելիք հայկական պետության ռազմավարական առաջնահերթությունների շարքում, կուսակցությունն իր ծրագրում հստակորեն ամրագրել է հետևյալ դրույթը. «Արցախահայերի վերադարձի ապահովումը՝ միջազգային իրավունքի իրականացման շրջանակներում»։
Քվեաթերթիկի 15-րդ համարը՝ «Դեմոկրատիա, օրենք, կարգապահություն» (ԴՕԿ) կուսակցությունն իր նախընտրական ծրագրում կտրուկ ու սկզբունքային ձևակերպումներով է անդրադարձել Արցախի և արցախահայության հիմնախնդրին։
ԴՕԿ կուսակցությունն իր ծրագրում պաշտոնապես արձանագրում է, որ արցախցին փախստական, հյուր կամ ողորմություն խնդրող չէ, այլ հայ ժողովրդի արժանապատվության, պայքարի և պատմական հիշողության կրողն է։ Հայաստանում նրանց կեցության ապահովմանը զուգահեռ, ուժը որպես գլխավոր նպատակ է հռչակում հայրենի հող վերադարձը. «Մեր նախընտրական ծրագրում հստակ ամրագրում ենք․ յուրաքանչյուր արցախցի ընտանիք պետք է ունենա իր տունը, իր աշխատանքը, իր անվտանգությունն ու իր արժանապատիվ ապագան։ Սակայն միևնույն ժամանակ մենք պաշտոնապես հայտարարում ենք նաև հետևյալը․ Արցախցու բնական և պատմական բնակավայրը Արցախն է։ Այն հողը, որտեղ հայն ապրել է հազարավոր տարիներ, կառուցել եկեղեցի, դպրոց, ընտանիք, գերեզման ու հայրենիք»։
Վարդան Ղուկասյանի գլխավորած քաղաքական ուժի ծրագրով՝ սկզբունքային և պարտադիր նպատակ է դիտարկվում այն, որ արցախցին վերջնականապես պետք է ապրի Արցախում, և իրենք երբեք չեն ընդունելու այն քաղաքականությունը, որը փորձում է արցախցուն վերածել մշտական գաղթականի ու փակել Արցախի հարցը։
«Արցախը բնակեցնելու, արցախցուն իր հող վերադարձնելու և հայկական պետական արժանապատվությունը վերականգնելու հարցը լինելու է ազգային անվտանգության ռազմավարական ուղղություն։ Դա սոսկ տարածքի հարց չէ, դա ազգի գոյության, պատմության, արյան, հիշողության և արժանապատվության հարց է։ Վարդան Ղուկասյանի առաջնորդությամբ Հայաստանը պարտվածի հոգեբանությամբ չի ապրելու․ արցախցին վերադառնալու է իր տուն»։
Արցախի հարցում սկզբունքորեն այլ մոտեցում է որդեգրել իշխող քաղաքական ուժը։ Քվեաթերթիկի 16-րդ համարը՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որն իր գործունեության հիմքում դրել է այն թեզը, թե «Հայաստանի և տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելը (2021 թ.) արտահերթ ընտրությունների արդյունքներով ժողովրդի առաջ Կառավարության ստանձնած մեծագույն առաքելությունն է», իր ներկայացրած 100 կետանոց փաստաթղթում որևէ կերպ անդրադարձ չի կատարել Արցախյան հիմնախնդրին կամ արցախցիների՝ հայրենիք վերադարձի իրավունքին։
Լինելով Արցախի հայաթափման ժամանակաշրջանի իշխանությունը՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն իր նախընտրական օրակարգում Արցախի հարցը փաստացի փակված է համարում և բավարարվում է բացառապես սոցիալական բաղադրիչով։ Որպես նախընտրական խոստում՝ իշխանությունը ձևակերպել է ընդամենը հետևյալ դրույթը. «Ղարաբաղից տեղահանված 10 հազար ընտանիքի բնակապահովում»։
Քվեաթերթիկի 17-րդ համարը՝ «Հայաստան» դաշինքն իր նախընտրական ծրագրում ունի «Արցախի հիմնախնդիր» խորագրով առանձին դրույթ.
-
Սկզբունք. Լռության փոխարեն՝ իրավունքների պաշտպանություն:
-
Արցախի ժողովրդի իրավունքներ. Հավաքական հայրենադարձության իրավունքի միջազգայնացում՝ հիմնված էթնիկ զտման հետևանքով բռնաճնշումների ենթարկված և բռնի տեղահանված ժողովրդի իրավունքների լիարժեք հարգման վրա։ Արցախի ժողովրդի վերադարձի համար անվտանգ պայմանների ապահովումը ենթադրում է միջազգային նորմերով նախատեսված քաղաքացիական և քաղաքական իրավունքների երաշխավորում:
-
Գերիների վերադարձ. Գործուն քայլեր Ադրբեջանում պահվող բոլոր հայերի, ներառյալ՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ազատ արձակման համար:
-
Ժառանգության պահպանում. Միջազգային հարթակներում աշխատանք՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած հուշարձանների և հոգևոր-մշակութային ժառանգության պաշտպանության համար:
-
Օժանդակության ծրագրեր. Արցախի Հանրապետությունից բռնի տեղահանված հայրենակիցների քաղաքացիության հետ կապված հարցի լուծում, բնակարանային, սոցիալական և զբաղվածության ապահովման արդյունավետ ծրագրերի իրակականացում:
Հ. Գ. Նյութում վերլուծված են միայն այն քաղաքական ուժերի նախընտրական ծրագրերի կոնկրետ դրույթները, որոնք հրապարակված են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում կամ հասանելի են եղել բաց աղբյուրներից, և որոնք այս կամ այն կերպ անդրադարձել են Արցախի ու արցախցիների խնդիրներին: