Այսօր Հայաստանում կան ուժեր, որոնք ուզում են տպավորություն ստեղծել, թե Հայաստան 300 հազար ադրբեջանցի է գալու, բայց մենք այդ թեման անդառնալիորեն փակել ենք։ Այս մասին մայիսի 26-ին Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքում նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարել է արձակուրդում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը գլխավորում է երկրում այժմ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորության թեկնածուների համամասնական ցուցակը։
Նրա խոսքով՝ Հայաստանը չպետք է օրակարգ բերի Բաքվից, Սումգայիթից, Կիրովաբադից, Ղարաբաղից հեռացած հայերի վերադարձի հարցը, քանի որ այդ դեպքում բացվում են հայելային օրակարգեր։ Նա դա անվանել է հանցագործություն Ղարաբաղի ժողովրդի դեմ։
«Մենք այսօր միլիարդներ ենք ծախսում, որպեսզի Ղարաբաղի ժողովուրդը տեղավորվի Հայաստանում, բայց պատերազմի եռագլուխ կուսակցությունն ամեն ինչ անում է, որպեսզի Ղարաբաղի ժողովուրդն էլ չհանդարտվի»,- նշել է Փաշինյանը։
Նա հավելել է, որ Հայրենիքը պետությունն է, իսկ պետությունից դուրս Հայրենիք չկա, քանի որ նույն տրամաբանությամբ Հայաստանն էլ կարող է որպես Հայրենիք դիտարկվել ուրիշների համար։