Հայաստանում ֆինանսական համակարգի ակտիվների 82%–ը բաժին է ընկնում բանկային համակարգին․ ԿԲ

ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի․/ԱՌԿԱ/․ Հայաստանի բանկային համակարգի ակտիվները շարունակում են գերակշռել երկրի ֆինանսական համակարգի կառուցվածքում՝ կազմելով համախառն ակտիվների մոտ 82%-ը կամ շուրջ 12 տրլն դրամ, հայտարարել է հանրապետության Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

«Երկրորդ տեղում են կենսաթոշակային հիմնադրամները՝ 9,3% մասնաբաժնով կամ մոտ 1,5 տրլն դրամ։ Դրանց ակտիվներն աճել են ավելի արագ, քան մնացած բոլոր սեգմենտներում», — ասել է նա՝ ներկայացնելով Հայաստանի 2025 թվականի ֆինանսական կայունության հաշվետվությունը։

Կարգավորողի տվյալներով՝ կենսաթոշակային հիմնադրամների ակտիվներն աճել են 34,2%-ով, բանկային համակարգինը՝ 15,1%-ով։

Գալստյանը նշել է, որ 2025 թվականին Հայաստանի ֆինանսական համակարգը շարունակել է աճել՝ պահպանելով շոկերին դիմակայելու բարձր կարողությունը։ Նրա խոսքով՝ աճ է արձանագրվել բոլոր հիմնական սեգմենտներում, ինչն ապահովել է բնակչությանը և տնտեսվարող սուբյեկտներին ֆինանսական ծառայությունների անխափան մատուցումը։

«Ինչպես և նախորդ տարիներին, ֆինանսական համակարգը գործել է ծայրահեղ բարդ աշխարհաքաղաքական և տնտեսական միջավայրում՝ բարձր անորոշության պայմաններում, ինչը շեշտադրվել և հաշվի է առնվել Կենտրոնական բանկի մակրոպրուդենցիալ քաղաքականության վերլուծություններում և որոշումներում», — ասել է Գալստյանը։

ԿԲ տվյալներով՝ վարկային կազմակերպություններին բաժին է ընկնում ֆինանսական համակարգի ակտիվների 5,6%-ը (ակտիվների աճը՝ 13,1%), ներդրումային ընկերություններին՝ 1,7%-ը (աճը՝ 8,4%), ապահովագրական ընկերություններին՝ 0,8%-ը (աճը՝ 19,8%)։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *