Ուկրաինայի դաշնակիցներն արհամարհել են Կրեմլի հերթական սպառնալիքները։ Ուկրաինայում տիրող պատերազմը պարզապես պետք է ավարտվի, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն՝ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հեռախոսազանգից հետո, որով վերջինս խորհուրդ էր տվել Կիևից տարհանել դիվանագիտական անձնակազմն ու ԱՄՆ մյուս քաղաքացիներին։ «Նրանք ծանուցում են ուղարկել բոլոր դեսպանատներին, և կարծում եմ, որ նա ինձ անձամբ զանգահարեց պարզապես ասելու, որ իրենք տեղեկացրել են բոլոր դեսպանատներին, որ Կիևը դառնալու է շատ վտանգավոր վայր»,- պատմել է Ռուբիոն։ Այդուհանդերձ, պետքարտուղարը հավելել է (նկատի ունենալով ռուսական հրետակոծությունները) «Կիևն արդեն առաջին տարին չէ, որ շատ վտանգավոր վայր է»։
Նմանատիպ տեսակետ է հայտնել նաև Ուկրաինայում Եվրամիության դեսպան Կատարինա Մատերնովան. «Ռուսաստանը դարձյալ սպառնում է դիվանագետներին ու օտարերկրացիներին՝ կոչ անելով մեզ լքել Կիևը։ Բայց մենք ոչ մի տեղ չենք գնալու»։ Նա նման սպառնալիքներն անվանել է ոչ թե ուժի, այլ հուսահատության նշան։ «Որքան ավելի ագրեսիվ ու սպառնալից է իրեն պահում Կրեմլը, այնքան ավելի հստակ է դառնում, որ Պուտինի վարչակարգը հասկանում է, որ իրեն չի հաջողվի կոտրել Ուկրաինայի տոկունությունն ու նրա գործընկերների աջակցությունը։ Կիևը կդիմանա։ Ուկրաինան կդիմանա։ Եվ մենք նույնպես»,- գրել է Մատերնովան։
Լավրովի և Ռուսաստանի ԱԳՆ-ի այն սպառնալիքները, թե ՌԴ զինված ուժերը, Վլադիմիր Պուտինի հրամանի համաձայն, «անցնում են Կիևին համակարգված ու հետևողական հարվածներ հասցնելուն», նա որակել է որպես «կեղծավորության գլուխգործոց»։ «Մի վարչակարգ, որը տարիներ շարունակ ռմբակոծել է բնակելի տներ, թանգարաններ, ծննդատներ, դպրոցներ ու էլեկտրակայաններ, հիմա հանկարծ սկսել է խոսել «միջազգային հումանիտար իրավունքի» ու «Ժնևի կոնվենցիաների» լեզվով։ Նույն այս ռեժիմը, որն ամեն գիշեր հրթիռներով ու անօդաչուներով հարվածում է խաղաղ բնակչությանը, հիմա զգուշացնում է մյուսներին՝ հեռու մնալ,— հայտարարել է Մատերնովան։— Մենք հստակ գիտենք, թե դա ինչ է նշանակում։ Ռուսաստանն ուզում է վախ սերմանել, խուճապ առաջացնել և մեկուսացնել Ուկրաինան։ Դա չի՛ ստացվի։
Կիևում խաղաղ բնակիչների և դիվանագիտական ներկայացուցչությունների դեմ ուղղված այս ահաբեկումը Ուկրաինայում Լեհաստանի դեսպանատունը որակել է որպես քաղաքական նպատակներին հասնելու ձգտում, որոնց Կրեմլը չի կարողանում հասնել ռազմական ճանապարհով։ Իսկ Ուկրաինայում Ֆրանսիայի դեսպանատունը հայտարարել է, որ ՌԴ ԱԳՆ-ի սպառնալիքները «վկայում են այն փակուղու արագ հասունացման մասին, որում հայտնվել է ռուսական զավթողական պատերազմը»։