Հիվանդություններն ու մահերը 1900-ականների սկզբի Երևանում

20-րդ դարասկզբին ամբողջ աշխարհում մոլեգնում էին զանազան հիվանդություններ, ինչի հետևանքով մահացան միլիոնավոր մարդիկ: Հայաստանը ևս չէր կարող անմասն մնալ այդ աղետից: Դարասկզբի հիվանդություններն իրենց առատ հունձն արեցին նաև Երևանում: Այդ տարիների մասին բացառիկ վիճակագրական տվյալներ է ներկայացնում 1920 թվականին լույս տեսած «Առողջապահիկ» ամսագիրը. «1906 թվականին Երևանի նահանգում քութեշով հիվանդացել է 644 հոգի, իսկ մեռել 232-ը, այսինքն հիվանդներից 1/3-ից ավելին։ Դիֆտերիայով հիվանդացել է 506 հոգի և մեռել 158, այսինքն հիվանդացողներից մեկ  քառորդից ավելին մեռել է։ 1907 թվին նահանգում առատ հունձ էր անում քութեշը: Այդ տարում նահանգում քութեշով հիվանդացել է 5337 անձ, որոնցից 1164 հոգի մեռել է։ 1908 թվին քութեշով հիվանդացել է 900 հոգի և  մեռել 252։ 1909 թվին քութեշից մեռնողների թիվը ավելի է բարձրանում՝ 549 հիվանդից մեռել է 192, այսինքն 30 տոկոսը»։ («Առողջապահիկ», 1920, N 3)։ 1910-ական թվականներին ևս Երևանում ու Հայաստանի մյուս խոշոր քաղաքներում շարունակվեցին հիվանդությունները, ավելացան մահվան դեպքերը: Հիվանդությունների վիճակագրությանը զուգահեռ ամսագիրը ներկայացնում էր նաև, թե առողջապահական ու բժշկական ինչպիսի վատ վիճակում էր գտնվում Հայաստանն ու Երևանը: «1910 թվին Երևանում 31 հազար 297 հոգուն ընկնում էր միայն 15 բժիշկ, այսինքն յուրաքանչյուր 2086 հոգուն գալիս էր մեկ բժիշկ։ Ալեքսանդրապոլում 35 հազար 865 հոգուն կար 8 բժիշկ, այսինքն մեկ բժիշկը 4482 հոգուն։ Երևանի գավառում 53 հազար 656 հոգուն միայն 2 բժիշկ։ Ալեքսանդրապոլի գավառում 46 հազար 476 հոգուն 3 բժիշկ։ Նորբայազետի 69 հազար 297 հոգուն` 2 բժիշկ: Ընդամենը ամբողջ նահանգում 1910 թվին եղել է միայն 49 բժիշկ, մոտ 900 հազար բնակիչ։ Նահանգի հակաառողջական դրությունը, ազգաբնակության տգիտությունը, գյուղական կյանքի պայմանները,  վարակիչ ախտերի համար հատուկ հիվանդանոցների և ախտահանոցների բացակայությունը և այս բոլորը նպաստում են նահանգում ամեն տեսակի վարակիչ հիվանդություններ երևալուն և մանավանդ մանուկների վարակիչ հիվանդությունների տարածվելուն»։ (Նույն տեղում): 20-րդ դարասկզբին վարակիչ հիվանդությունները Հայաստանում, հատկապես Երևանում, ունեցել են կործանարար հետևանքներ՝ խլելով հազարավոր մարդկանց կյանքեր։ Հիվանդությունների տարածման հետ մեկտեղ մահացության ցուցանիշը չափազանց բարձր էր: Դրա պատճառը բժշկական համակարգի թերի զարգացվածությունն ու բժիշկների փոքր թիվն էր: Արդյունքում առողջապահական ծանր պայմաններն ու սոցիալական գործոնները նպաստում էին համաճարակների շարունակական տարածմանը։

Արա Զարգարյան

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *