Մեր մարզում ոչինչ չի արվել այս տարիներին` զրո աշխատանք, զրո քայլ

«Հրապարակի» զրուցակիցը գյումրեցի հասարակական-քաղաքական գործիչ, լրագրող Դերենիկ Մալխասյանն է։

– Երկուշաբթի օրը Նիկոլ Փաշինյանն ու իր ուրախ ավտոբուսի հերոսները կրկին Գյումրիում էին։ Արդեն որերորդ անգամ է ՔՊ-ական թիմն այցելում Գյումրի՝ քարոզարշավի շրջանակներում։ Ամսվա սկզբին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին իշխանավորներն ուղեկցեցին Գյումրի և մեծ համերգ կազմակերպեցին։ Տպավորություն է, թե Նիկոլ Փաշինյանը սևեռվել է Գյումրիի և գյումրեցիների վրա։ Ինչո՞ւ է այդքան շատ սկսել Գյումրի այցելել։ Ի դեպ՝ Ձեր գնահատմամբ՝ ինչպե՞ս անցավ քարոզարշավը Գյումրիում։

– Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը սևեռվել են, իսկապես, Գյումրու վրա, իսկ պատճառն այն է, որ նրանք սարսափում են Գյումրի երկու սցենարից, և ամեն գնով փորձում են այդ սցենարի իրականացումը կոտրել։ Նրանք տարեսկզբից սևեռվել են մարզի, հատկապես՝ Գյումրիի վրա, և ամեն առիթ-անառիթ հայտնվում են Գյումրիում։ Այն պարտությունը, որ այս թիմը կրեց 2025-ի գարնանը՝ Գյումրիում, ուղղակի չի կարողանում մարսել։ Պարտությունը մնացել է նրանց կոկորդին և ամեն գնով փորձում են հասարակությանը ցույց տալ, որ այդ պարտությունը պատահականություն էր, որ իրենք Գյումրիում ունեն մեծ աջակցություն, և հենց այս ընտրություններով էլ փորձում են դրան հասնել։ Երկուշաբթի օրը, մեղմ ասած, Գյումրին սառը և անտարբեր դիմավորեց ՔՊ-ական թիմին։

Եվ առհասարակ Գյումրիում, ինչպես որ մնացյալ մեծ քաղաքներում, Նիկոլ Փաշինյանը չունի աջակցություն։ Սա է պատճառը, որ այս թիմը ճղում է իրեն։ Նիկոլի ողջ խոսույթի նպատակն այն էր, որ ընտրվելու դեպքում Գյումրին լինելու է իր ուշադրության կենտրոնում և այսպես շարունակ։ Խոստումներ տվեց, որ տնակները վերացնելու է, մինչև 2031 թվականը, բայց ներողություն, այս մարդը ութ տարուց ավելի է, ինչ իշխանության է, համարյա այնքան, որքան իշխանության էին Քոչարյանն ու Սարգսյանը։ Նիկոլ Փաշինյանն իր իշխանավարման տարիներին ի՞նչ է արել գյումրեցու համար, որ այսօր գյումրեցին այն համարի քիչ բավարար, և ակնկալի, որ հաջորդիվ քիչ բավարարը կդառնա իսկապես բավարար։ Նա ոչինչ չի արել Գյումրիի համար՝ բառիս բուն իմաստով։ Գյումրեցին այս ութ տարիներին մատնված է եղել բացարձակ անտարբերության։ Երկու մետր ասֆալտը, որ էստեղ-էնտեղ արել են, ոչ մի բանի մասին է, այն չի ազդում բնակչության սոցիալական վիճակի վրա։

Ի դեպ՝ Գյումրիում արված ասֆալտը, որը հերթական անգամ որպես ՔՊ-ի գովազդ ներկայացրին, արվել է վարկով, իսկ այդ վարկի համար դիմել են 2017 թվականին, մինչև Փաշինյանի իշխանության գալը։ Նիկոլ Փաշինյանն այն ժամանակ, երբ դեռ ընդդիմադիր էր, դեմ է քվեարկել այդ վարկին, որի շնորհիվ Գյումրին պետք է ասֆալտապատվեր։ 2018 թվականին նա եկավ իշխանության և շարունակեց ուրիշների արած գործը։ Բայց ամենակարևորն այն է, որ գյումրեցին այդ ամենը հասկացել է, և 2025 թվականին տվեց Փաշինյանին իր ապտակը, ոչ մի ՔՊ-ական «մուտիլովկա» Գյումրիում չի անցնում, այդքանը գիտակցելով Նիկոլ Փաշինյանը որոշել է բացել խոստումների տոպրակը և խոսում է տնակներին մասին։

Նիկոլ Փաշինյանը դեռ մեկուկես տարի առաջ էր խոստացել վերացնել տնակները և մարդկանց ապահովել բնակարաններով, սակայն ոչինչ չի արվել այս տարիներին, զրո աշխատանք, զրո քայլ։ Շիրակի մարզը մշտապես եղել է Հայաստանի ամենաաղքատ մարզը։ Նիկոլը իշխանության եկավ, աղքատությունը կար, սակայն իր իշխանության տարիներին, ըստ պաշտոնական վիճակագրության, աղքատությունն աճել է։ Ծայրահեղ աղքատությունը ևս աճել է։ Խոսում են տուրիզմից, բայց դա մի չնչին խավի համար է իրավիճակը փոխել, գլոբալ առումով 100 հազար բնակչություն ունեցող Գյումրին աղքատության մեջ է և ոչ մի սոցիալ-տնտեսական խնդիր չի լուծվել։

– Փաշինյանը նաև հայտարարեց, որ Գյումրիում պետք է արտահերթ ընտրություններ լինեն։ Այսինքն՝ առուն չթռած, ասում է՝ հոպ։ Իբրև ինքը իշխանությունը վերցրել է, արդեն Գյումրու քաղաքային իշխանության մասին է խոսում։

– Նրա ցավը Գյումրին է։ Նա 2025 թվականին մեծ քաղաքական ապտակ կերավ Գյումրիում, որը մինչ օրս չի կարողանում մարսել։ Գյումրեցիները բարձր ակտիվությամբ իրենց քաղաքացիական պարտքը կատարեցին և մերժեցին Նիկոլ Փաշինյանին, և ՔՊ-ի հաշվարկները լրիվ իրար խառնվեցին։ Այժմ նույն բանը կարող է լինել առաջիկա ընտրություններում։ Ակտիվ մասնակցության պարագայում որևէ վարչական ռեսուրսով Նիկոլ Փաշինյանը չի կարող վերարտադրվել։ Այժմ Նիկոլն այդ ցավով է տառապում։ Նրան թվում է, որ եթե Գյումրիում արտահերթ ընտրություններ լինեն, իր կյանքում ինչ-որ բան է փոխվելու։ Լինելով երկրի ղեկավար՝ նա մտել է ընդդիմադիր գործչի դերի մեջ։ Ինչ-որ երևույթների վրա է զարմանում, անարդարություններից է խոսում՝ ընդդիմադիրի կեցվածքով ու խոսույթով։

– Դանիել Իոաննիսյանը ի թիվս այլ անձանց Ձեր անունն էլ է նշել` իբրև Ռուսաստանի գործակալ, Ռուսաստանից գումարներ վերցնելու և դրա դիմաց որոշակի աշխատանքներ տանելու մեջ է Ձեզ մեղադրում։

– Մառազմատիկ գրառում։ Ինչ-որ մի թղթի կտոր են հրապարակել, որտեղ կա նաև իմ անունը։ Կատարյալ զրպարտություն է, ֆեյք։ Ինչ-որ մեկի հիվանդագին երևակայության արդյունք է։ Հիբրիդային պատերազմի մասին երբ խոսում են, այ հենց սա է։ Ինչ-որ մի ֆեյք կայքի հրապարակում, որտեղ չկա հասցե, չկա խմբագրակազմի մասին որևէ տեղեկություն, տարածում է կեղծիք, իսկ Իոաննիսյանը դա որպես հիմք` տարածում է։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *