Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մոտ է ակումբի հետ գործող պայմանագրի ժամկետը երկարաձգելուն. Գրում է ArmSport-ը։
«Հեղինակավոր ինսայդեր Ջանլուկա Դի Մարցիոն հաղորդում է, որ 37-ամյա ֆուտբոլիստն արդեն տվել է իր համաձայնությունը՝ ևս մեկ մրցաշրջանով միլանյան ակումբում մնալու համար։ Նշվում է, որ հայ կիսապաշտպանը մեծ ոգևորությամբ է ընդունել «ներաձուրիների» շարքերում ելույթները շարունակելու հեռանկարը:
Մխիթարյանին թիմում պահպանելու գլխավոր նախաձեռնողը «Ինտերի» գլխավոր մարզիչ Քրիստիան Կիվուն է, ով ցանկանում է ֆուտբոլիստին անպայման տեսնել իր տրամադրության տակ։ Քանի որ Մխիթարյանն արդեն ասել է իր «այո»-ն, այժմ կողմերը պետք է նստեն բանակցությունների սեղանի շուրջ՝ քննարկելու համաձայնագրի ֆինանսական պայմաններն ու աշխատավարձի չափը։
Չնայած այն հանգամանքին, որ հունվարին լրացավ ֆուտբոլիստի 37-ամյակը, Մխիթարյանը շարունակում է առանցքային դեր խաղալ թիմի կազմում: Ավարտված մրցաշրջանում նա բոլոր մրցաշարերում (Ա Սերիա, Չեմպիոնների լիգա, Իտալիայի գավաթ և Սուպերգավաթ) մասնակցել է 39 հանդիպման՝ դառնալով 4 գոլի և 3 արդյունավետ փոխանցման հեղինակ։ Միայն Ա Սերիայում կիսապաշտպանն անցկացրել է 30 հանդիպում՝ իր ակտիվում գրանցելով 4 գոլ և 1 ասիստ»,- նշում է լրատվամիջոցը: