
Իսրայելական լրատվամիջոցները հաղորդում են, որ Իսրայելի բանակի կողմից Լիբանանում «Հեզբոլլահ»-ի դեմ ընդլայնվող գործողության ֆոնին վարչապետ Բենիամին Նեթանյահուն հրավիրել է քաղաքական-ռազմական կաբինետի նիստ։
«Իմ և պաշտպանության նախարարի հանձնարարականներով՝ շտաբի պետի հետ միասին, մենք ակտիվացնում ենք մեր գործողությունները Լիբանանում։ Իսրայելի պաշտպանության բանակը մեծ ուժեր է տեղակայում տարածքում և գրավում է իր վերահսկողության տակ գտնվող տարածքները։ Մենք ամրապնդում ենք անվտանգության գոտին՝ հյուսիսում բնակավայրերը պաշտպանելու համար», – հայտարարել է Նեթանյահուն։
Իսրայելի վարչապետը նշել է, որ միաժամանակ լայնածավալ աշխատանքներ են տարվում «Հեզբոլլահ»-ի FPV հարձակողական անօդաչու թռչող սարքերին հակազդելու նոր, այդ թվում՝ նորարարական լուծումների մշակման ուղղությամբ։
Միևնույն ժամանակ, Իսրայելի պաշտպանության բանակի խոսնակ Ավիխայ Ադրեյը հրատապ նախազգուշացում է տվել Լիբանանի մի քանի քաղաքների բնակիչներին. «Հեզբոլլահի գործունեությունը ստիպում է Իսրայելի պաշտպանության բանակին գործողություններ իրականացնել դրա դեմ… Անվտանգության նկատառումներից ելնելով՝ բնակիչներին խորհուրդ է տրվում անհապաղ լքել իրենց տները և շարժվել Զահրանի գետից հյուսիս»։
Երեքշաբթի օրը «Հեզբոլլահ»-ը նաև հայտնել է, որ հարձակվել է Իսրայելի պաշտպանության բանակի դիրքերի վրա Լիբանանի հարավում։ «Հեզբոլլահ»-ը հայտարարել է, որ հարձակվել է զինվորների վրա Շամաա քաղաքի մոտակայքում։ Բինտ Ջբեյլ քաղաքում իսրայելական ռազմական մեքենա նույնպես հարված է հասցվել: Հեզբոլլահը նաև ընդգծել է, որ անօդաչու թռչող սարքերը հարվածել են Լիբանանի հետ սահմանին գտնվող իսրայելական Բրանիտ բազայի զորանոցին: