Արտադրողի ընդլայնված պատասխանատվության համակարգի ներդրման օրենսդրական փաթեթն անցնում է կարգավորման ազդեցության գնահատում

Արտադրողի ընդլայնված պատասխանատվության համակարգի ներդրման օրենսդրական փաթեթն անցնում է  կարգավորման ազդեցության գնահատում

Հայաստանում Արտադրողի ընդլայնված պատասխանատվության համակարգի ներդրման օրենսդրական փաթեթն անցնում է կարգավորման ազդեցության գնահատում։ Այս մասին ասաց ՀՀ շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը փետրվարի 27-ին կայացած Շրջակա միջավայրի նախարարին կից հասարակական խորհրդի նիստում։

Արտադրողի ընդլայնված պատասխանատվության համակարգը Եվրոպայում տասնյակ տարիներ գործող համակարգ է, որը նախատեսում է, որ որոշակի ապրանքներ արտադրողները և ներմուծողները ստանձնեն պատասխանատվություն այդ ապրանքների օգտագործումից առաջացած թափոնների էկոլոգիապես անվտանգ հավաքման, տեսակավորման, վերամշակման և չեզոքացման համար։

Հայաստանը ստանձնել է այս համակարգի ներդրման պարտավորություն Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով և ՀՀ կառավարության ծրագրով և մշակել է օրենսդրական փաթեթ։ «Նախագծի մշակման գործում մեզ օգնում են Շվեդիայի կառավարության և Հայաստանում Ամերիկյան համալսարանի գործընկերները։ Կարգավորման ազդեցության գնահատականն անհրաժեշտ է, որպեսզի Կառավարությունը հասկանա, թե որոշումն ընդունելուց հետո ինչ կերպ կարտացոլվի դա մնացած գերատեսչությունների և որոշումների վրա։ Այսինքն, արդյունքում ինչ է լինելու, ինչքան է ապրանքի գինը թանկանալու, տնտեսությունն ինչ ուղղությամբ է գնալու։ Հիմա այդ ուսումնասիրության փուլում ենք», – ասաց նախարարը։

Կարևորելով թափոնների կառավարման ոլորտում բարեփոխումները՝ նախարարը նշեց․ «Մեր քաղաքացիական գիտակցությունը պետք է այնքան բարձրանա, որ մենք չզարմանանք, եթե թափոնների կառավարման համար վճարը լինի ոչ թե 200 դրամ, այլ՝ 1000 դրամ։ Չի կարելի ինքներս մեզ խաբել և ասել, թե 200 դրամով հնարավոր է իրականացնել լիարժեք թափոնների կառավարում։ Եղել են համայնքներ, որտեղ ընդհանրապես վճարներ չեն եղել։ Երբ փորձել ենք թեկուզ 50 դրամ սահմանել՝ օրինակ միայն վառելիքի ծախսերը հոգալու համար, արդեն դժգոհություններ են առաջացել։ Մեր հաշվարկներով՝ մասնավորապես Երևան քաղաքի դեպքում թափոնների կառավարման իրական ծախսը կարող է կազմել մոտավորապես 1000-1200 դրամ։ Կարծում եմ, որ համակարգի ներդրումից հետո հնարավոր կլինի նաև ավելի արդյունավետ վերահսկել և կառավարել ընդհանուր ծախսերը, քանի որ արդեն մասնավոր հատվածն էլ կլինի պարտավորված»։

Այս նյութը ստեղծվել է Շվեդիայի կողմից ֆինանսավորվող և ՀԱՀ Յակոբեան բնապահպանական կենտրոնի կողմից իրականացվող «Հայաստանում թափոնների կառավարման քաղաքականություն» (WPA) ծրագրի շրջանակում՝ Շվեդիայի ֆինանսական և ՀԱՀ տեխնիկական աջակցությամբ:

Ներկայացված տեսակետները, եզրակացություններն ու կարծիքները պատկանում են հեղինակ(ներ)ին և պարտադիր չէ, որ արտահայտեն ծրագրի, Հայաստանի ամերիկյան համալսարանի կամ Շվեդիայի կառավարության դիրքորոշումը։

Մարտ 05, 2026 at 17:22

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *