Oragir.News-ը շաբաթներ առաջ այցելել էր Աբովյան փողոց և անդրադարձել Alexander Hotel-ի դիմաց տեղադրված գորգանման նկարազարդմանը։
Այս նկարազարդումը քաղաքացիների շրջանում բուռն քննարկումների և դժգոհությունների պատճառ էր դարձել, որոնք արտահայտվում էին սոցիալական ցանցերում:
Բազմաթիվ քաղաքացիներ և վարորդներ նշում էին, որ հեռվից այն հիշեցնում է հետիոտնային անցում, ինչի հետևանքով վարորդները հաճախ դանդաղեցնում էին ընթացքը կամ կտրուկ արգելակում՝ կարծելով, թե հետիոտն է անցնում ճանապարհը։
Որոշ դեպքերում, քաղաքացիների խոսքով, ստեղծվել էին նաև վթարային իրավիճակներ։ Մեր հրապարակումից հետո տեղանքում արդեն տեղադրվել են լուսացույցներ՝ երթևեկության և հետիոտների անվտանգությունն ապահովելու նպատակով, և գորգն, ըստ էության, անցումի է վերածվել։
Թեև լուսացույցների տեղադրումը որոշ չափով կարգավորել է երթևեկությունը, տեղում արձանագրվել է մեկ այլ խնդիր․ տարածքում բացակայում են հաշմանդամություն ունեցող անձանց, ինչպես նաև մանկասայլակներով ծնողների համար նախատեսված թեքահարթակները։
Արդյունքում՝ սահմանափակ շարժունակություն ունեցող անձինք և մանկասայլակով քաղաքացիները շարունակում են բախվել տեղաշարժի դժվարությունների։ Ակնկալում ենք, որ այս խնդիրը ևս առաջիկայում կլուծվի։
Մանրամասները՝ տեսանյութում․


