

ՄԱԿ-ի շրջանակներում ձևավորվել են համապատասխան միջպետական գործընթացներ՝ բազմակողմանի պայմանագրերի՝ կոնվենցիաների ձևաչափով։ Սակայն դրանք գործում են ոչ միասնաբար, ինչը չի նպաստում գլոբալ նշանակության խնդիրների լիարժեք լուծմանը և առաջացնում տարբեր ուղղություններով գործընթացների միջև ՍԻՆԵՐԳԻԱՅԻ անհրաժեշտություն։ Այդ հարցում hայաստանյան հանրային և գործարար հատվածների դիրքորոշումները հստակեցնելու, անելիքները համակարգելու նպատակով Կոտայքի առևտրաարդյունաբերական պալատը ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի հետ համատեղ փետրվարի 28-ին անցկացրին համաժողով, որին մասնակցում էին բազմաթիվ կազմակերպությունների փորձագետներ ու մասնագետներ։
Հայաստանի և միջազգային իրավիճակը ներկայացրեցին «Խազեր» հասարակական կազմակերպության փորձագետ Արամ Գաբրիելյանը և Կոտայքի առևտրաարդյունաբերական պալատի նախագահության անդամ Մասիս Սարգսյանը։ Խոսեցին Ռիոյի կոնվենցիաների («ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին», «ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին» և «ՄԱԿ-ի Անապատացման դեմ պայքարի մասին») կոնվենցիաներ միջև սիներգիայի ձևավորման մոտեցումների մասին։
«Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանը ներկայացրեց քաղաքացիական հասարակության մոտեցումները Կենսաբազմազանության կոնվենցիայի COP 17-ին ընդառաջ։
«Հայաստանը, լինելով Կովկասի տարածաշրջանի մաս, ճանաչված է որպես աշխարհի կենսաբազմազանության 36 թեժ կետերից մեկը, որն ունի ամենահարուստ, միաժամանակ վտանգված կենսաբազմազանությունը»,- ասաց Ինգա Զարաֆյանը։
Նա նշեց, որ Հայաստանը Էմերալդ ցանցի թեկնածու տարածքներ է ներկայացրել, որոնց սահմանները դեռ վերջնական որոշված չեն։
2023թ․ «Եվրոպական միությունը հանուն շրջակա միջավայրի (EU4Environment)» տարածաշրջանային ծրագրի շրջանակում 2023թ. Էմերալդ թեկնածու տարածքները վերանայվել են, ինչի արդյունքում թեկնածու տարածքների սահմանները առաջարկվել է կրճատել։ Նոր տարբերակից դուրս են մնացել կենսաբազմազանությամբ հարուստ տարածքներ, մասնավորապես, Ամուլսարի հանքարդյուրաբերական ծրագրի տարածքը, ինչի կապակցուտյամբ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները բողոք են ներկայացրել «Եվրոպայի վայրի բնության և բնական միջավայրի պահպանության մասին» կոնվենցիայի (Բեռնի կոնվենցիա) քարտուղարություն։
Հանքարդյունաբերական ընկերությունները մեծացնում են ճնշումները քաղհասարակության վրա՝ դիմելով դատարան և պահանջելով մեծ գումարներ։ «Արդյոք մենք կարող ենք խոսել պատասխանատու հանքարդյունաբության մասին, երբ ունենք իրար հակասող եզրակացություններ, բազմաթիվ SLAPP-եր (հանրային մասնակցության դեմ ռազմավարական դատական հայցեր), սպառնալիքներ, և չունենք պաշտպանող միջոցներ» – ասաց Էկոլուրի նախագահը։
Ինգա Զարաֆյանը նաև խոսեց անտառների մասին։ «Հայաստանի անտառները ենթարկվում են մարդածին և բնական ճնշումների։ Բարձրաժեք անտառներին փոխարինել են կոճղաշիվային անտառները։ Հայաստանը 2021-2030թթ. նախատեսել է հանրապետության անտառածածկը հասցնել 12.9 %-ի՝ ավելացնելով 50,000 հեկտարով։ Այս ցուցանիշը բերված է նաև Կենսաբազմազանության ռազմավարության ծրագրում։ Սակայն 2021-2024թթ. տնկվել է մոտ 1,64%-ը: Նույն ժամանահատվածում հրդեհված անտառածածկ տարածքի մակերեսը գերազանցել է վերականգնված անտառների մակերեսը։ Արդյո՞ք նման իրավիճակում մենք կհասնենք սահմանած թիրախին՝ մինչև 2030թ․ անտառածածկն ավելացնել 50,000 հեկտարով», նշեց նա։
Ակտիվ քննարկումից հետո Արամ Գաբրիելյանն առաջարկեց ընդունել բանաձև։ «Բանաձևի հիմքում անհրաժեշտ է մշակել առանձին դոկտրին՝ միասնական հարթակի ձևավորման նպատակով։ Նպատակահարմար է մինչև 2026թ․ հոկտեմբերին կայանալիք СОР 17 հստակեցնել և կոնկրետացնել անելիքներն ու հեռանկարները և դրանցում ՀՀ առևտրաարդնունաբերական պալատների դերն ու նշանակությունը», – ասաց նա։
Մարտ 05, 2026 at 16:25