Կանադան, որը նախկինում հայտարարել էր ԱՄՆ պաշտպանական կապալառուներից իր կախվածությունը նվազեցնելու մտադրության մասին, հայտարարել է շվեդական Saab ընկերությունից հեռահար ռադիոլոկացիոն հայտնաբերման և կառավարման ինքնաթիռների պարկ գնելու ծրագրերի մասին՝ մերժելով ամերիկյան Boeing կոնցեռնի մրցակցային առաջարկը, հայտնում է Reuters-ը:
Կանադայի վարչապետ Մարկ Քարնին լրագրողներին հայտնել է, որ Օտտավան ընտրություն է կատարել հօգուտ Saab GlobalEye ավիացիոն համալիրի, որը հիմնված է կանադական Bombardier ընկերության Global 6500 բիզնես-ջեթի հարթակի վրա: Այս պայմանագրի մյուս գլխավոր հավակնորդն ամերիկյան Boeing E-7 Wedgetail ինքնաթիռն էր, սակայն այս ծրագիրը վերջին շրջանում պարբերաբար բախվում էր արտադրական ուշացումների և բյուջեի գերակատարման:
«Այս քայլն ամրապնդում է Կանադայի ռազմավարական ինքնավարությունը, ստեղծում է նոր աշխատատեղեր երկրի ներսում և ուժեղացնում է մեր դիրքերը որպես գլոբալ առաջնորդ: Բացի դրանից, այդ ապրանքն արդեն ընտրել են Կանադայի շատ առանցքային գործընկերներ, դրանց թվում՝ Ֆրանսիան, Շվեդիան և Արաբական Միացյալ Էմիրությունները»,- ընդգծել է Մարկ Քարնին:
Հարկ է նշել, որ Saab ընկերությունը պայքար է մղում նաև մեկ այլ խոշոր կանադական պայմանագրի՝ իր JAS 39 Gripen բազմաթիրախային կործանիչների մատակարարման համար:
Ավելի վաղ Կանադան արդեն համաձայնագիր էր կնքել Lockheed Martin-ի արտադրության 88 ամերիկյան հինգերորդ սերնդի F-35 կործանիչներ գնելու համար: Սակայն անցյալ տարի, երբ ԱՄՆ-ը կոշտ առևտրային մաքսատուրքեր սահմանեց կանադական ներմուծման առանցքային ապրանքատեսակների նկատմամբ, վարչապետ Քարնին պաշտպանական գերատեսչությանը հանձնարարեց ուսումնասիրել այդ պատվերի կրճատման և ինքնաթիռների մի մասը այլընտրանքային արտասահմանյան արտադրողից գնելու հնարավորությունը: Այդ հարցի վերաբերյալ Կանադայի կառավարությունը վերջնական որոշում դեռ չի հրապարակել: