
Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հնարավոր է համարել, որ ապագայում Եվրոպան անվտանգության ոլորտում կարող է բախվել այնպիսի խնդիրների, ինչպիսիք այժմ ունեն Բալթյան երկրները։ Մասնավորապես, ըստ դիվանագետի, խոսքը անօդաչու թռչող սարքերի կողմից օդային տարածք ներխուժումների մասին է։ «Այն, ինչ դուք տեսնում եք այսօր, վաղը կարող է սպասել նաև Եվրոպայի մնացած հատվածին»,- ասել է նա՝ Լատվիայի, Լիտվայի և Էստոնիայի նախագահների հետ համատեղ ասուլիսի ժամանակ։
Ֆոն դեր Լայենը հավելել է, որ ԵՄ-ն «համակարգված» կերպով կվերացնի իր անվտանգության համակարգի թերությունները՝ «սկսելով ավելի միասնական ազդարարման համակարգերից և միջպետական համակարգման բարելավումից»։