Հունգարիայի ընտրություններում հաղթել է ընդդիմադիր «Տիսա» կուսակցությունը․ եվրոպական առաջնորդները ողջունել են Պետեր Մագյարի հաղթանակը

Հունգարիայում անցկացված խորհրդարանական ընտրությունների արդյունքներով Պետեր Մագյարի ընդդիմադիր «Տիսա» կուսակցությունը ոչ միայն հաղթել է, այլև կարող է սահմանադրական մեծամասնություն ապահովել խորհրդարանում։ Վարչապետ Վիկտոր Օրբանը և նրա «Ֆիդես» կուսակցությունը, որոնք 16 տարի ղեկավարում էին երկիրը, արդեն ընդունել են իրենց պարտությունը։ «Տիսա» կուսակցությունը ստացել է խորհրդարանական 199 տեղից 138-ը, ինչը նշանակում է, որ սահմանադրական մեծամասնություն կունենա խորհրդարանում։

Գործող վարչապետ Վիկտոր Օրբանի իշխող «Ֆիդես» կուսակցությունը ստացել է 55 տեղ։ Եվս վեց տեղ ստացել է ծայրահեղ աջ «Մի Հազանկ» («Մեր Հայրենիք») կուսակցությունը։ Հունգարիայի օրենսդրության համաձայն՝ ձայների վերջնական հաշվարկը պետք է ավարտվի մինչև ապրիլի 18-ը։

Վիկտոր Օրբանը, չսպասելով ձայների վերջնական հաշվարկին, հայտարարել է, որ արդեն շնորհավորել է Մադյարին հաղթանակի կապակցությամբ։ Նա ասել է, որ ընտրությունների արդյունքները պարզ են, բայց ցավոտ, և հավելել է, որ «Ֆիդեսը» կծառայի Հունգարիային ընդդիմության դիրքերում։

Եվրոպական առաջնորդները ողջունել են Պետեր Մագյարի հաղթանակը։ «Այսօր երեկոյան Եվրոպայի սիրտն ավելի ուժեղ է բաբախում Հունգարիայում», — սոցիալական ցանցերում գրել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։ «Հունգարիան ընտրել է Եվրոպան։ Եվրոպան միշտ ընտրել է Հունգարիան», – հավելել է նա։

«Հունգարիան կայացրել է իր որոշումը», – ասել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը և պատրաստակամություն հայտնել միասին աշխատել հանուն ուժեղ և միասնական Եվրոպայի:

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քեյր Սթարմերը նույնպես շնորհավորել է Պետեր Մագյարին՝ նրա հաղթանակը անվանելով «պատմական պահ ոչ միայն Հունգարիայի, այլև եվրոպական ժողովրդավարության համար»։

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ասել է, որ ընտրությունների արդյունքները ցույց են տալիս «հունգարացի ժողովրդի նվիրվածությունը Եվրոպական Միության արժեքներին»։ Իսպանիայի նախագահ Պեդրո Սանչեսը կրկնել է այս միտքը։

Մագյարին շնորհավորել է նաև Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ։ «Ուկրաինան միշտ ձգտել է բարիդրացիական հարաբերությունների բոլոր եվրոպական երկրների հետ, և մենք պատրաստ ենք զարգացնել համագործակցությունը Հունգարիայի հետ», – գրել է նա։ Զելենսկին հավելել է, որ Կիևը պատրաստ է «հանդիպումների և համատեղ կառուցողական աշխատանքի»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *