
Ի՞նչ եք կարծում՝ աշխարհում շա՞տ այնպիսի անգրագետ ու խելապակաս մարդ կգտնվի, որն իր արդեն իսկ հեռացված կույրաղիքը ետ ստանալու համար պատրաստ կլինի այդ անիմաստ դարձած օրգանի փոխարեն իր մարմնից կտրել ու հանձնել առողջ, օրգանիզմի գոյության համար կենսականորեն անհրաժեշտ սիրտը, լյարդը եւ թոքը:
Հայաստանը, եթե նայեք քարտեզի նրա ուրվագծին, նման է սիրուն աղջկա: Այդ ուրվագիծը միշտ չէ, որ այդպիսին է եղել: Դարեր առաջ, երբ մենք դեռ ազգ էինք, այլ ոչ թե թաղերի, կլանների, թայֆաների, ընտանիքների համախմբում, այդ ուրվագիծն ուրիշ էր՝ մեծ էր ու տձեւ: Բայց վայրի գազանները, հիմնականում՝ գայլերը եւ շնագայլերը, դարերի ընթացքում այնքան կծմծեցին նրա մարմինը, որ սովետականացվելուց հետո նա ստացավ այդպիսի պատկեր:
Այդ գեղեցկուհու կույրաղիքը, որը կոչվում էր Արծվաշեն, դեռ Սովետի օրոք խորամանկ գազանն անջատել էր կնոջ մարմնից, իսկ հետո՝ նաեւ սեփականաշնորհել: Հիմա նա առաջարկում է վերադարձնել այդ անիմաստ դարձած օրգանը՝ փոխարենը պահանջելով իրեն հանձնել աղջկա սիրտը, լյարդը եւ թոքը, որոնք կոչվում են Վերին Ոսկեպար, Բարխուդարլու-Սոֆուլու եւ Տիգրանաշեն: Մինչդեռ, առանց դրանց՝ գեղեցկուհին կվերածվի լիակատար հաշմանդամի, որը ստիպված կլինի գոյատեւել արհեստական սրտի, լյարդի եւ շնչառության սարքավորումների օգնությամբ: Ընդ որում, այդ սարքավորումների անջատիչը կմնա գազանի թաթերում, եւ նա երբ կուզենա, կմիացնի, երբ կուզենա, կանջատի դրանք:
Դեռ մի քանի տարի առաջ ՀՀ ամենաբարձր մակարդակի իշխանավորները խոստովանում էին, որ չկան փաստաթղթեր, որոնք կհաստատեն, թե այդ գյուղերը հանդիսանում են ադրբեջանական տարածքներ՝ էքսկլավներ: Այսօր նրանք կարծես մոռացած լինեն նախկինում իրենց ասածները եւ այդ հարցի լուծումը հասցեագրում են սահմանազատման հարցի շուրջ բանակցող Հայաստանի եւ Ադրբեջանի փոխվարչապետներին: Եվ եթե ՀՀ փոխվարչապետն ասի, թե իբր տեսել է նման փաստաթուղթ, հանրաքվեի կարիք չի զգացվի: Բայց մեր հիշողության մեջ դեռ թարմ է, թե ինչպես մեր վարչապետն ասաց, որ ստուգել է ՀՀ չորրորդ նախագահի փաստաթղթերը եւ համոզվել է, որ նա երկքաղաքացի չէ: Մինչդեռ հետագայում պարզվեց, որ Արմեն Սարգսյանը բացի հայկականից, ունի նաեւ այլ երկրի անձնագիր:
«Հների» ստեղծած Սահմանադրությունն իդեալական չէ, բայց գեղեցկուհու մարմնի որեւիցե մասը փոխանակելու կամ կտրել-հանձնելու թույլտվություն ստանալու համար պահանջում է անցկացնել հանրաքվե, ինչը նորմալ եւ աշխարհում ընդունված պահանջ է:
«Նորերն» իշխանության գալու հենց սկզբից կրքոտ ցանկանում էին փոխել հիմնական օրենքը: Թվում էր, թե դրա նպատակը պետք է լիներ հրաժարվելը Սահմանադրության այն արտառոց դրույթից, ըստ որի՝ ընտրությունների արդյունքում կայուն խորհրդարանական մեծամասնություն, այսինքն՝ առնվազն 52 տոկոս չստացած ուժն արհեստականորեն դառնում է այդպիսին: Եվ հնարավորություն է ստանում առանց որեւիցե խոչընդոտի ընդունել իր համար ցանկալի ցանկացած օրենք: Նիկոլ Փաշինյանը հենց դա էր խոստացել՝ մինչ իշխանության ղեկին տիրանալը: Նկատենք, որ այդ դրույթն այնքան արտառոց է, որ Հայաստանից բացի գործում է աշխարհի միայն մի երկրում:
Բայց վարչապետ դառնալուց հետո Փաշինյանը փոխեց իր կարծիքը եւ որոշեց պահպանել Սահմանադրության այդ դրույթը: Այդուհանդերձ, չփոխեց հիմնական օրենքը փոխելու մտադրությունը: Եվ այդ ցանկությունն այնքան մեծ էր, որ դրան ուղղված մարդաշատ միջոցառումները կազմակերպվում էին նույնիսկ կորոնավիրուսի համաճարակի թեժ օրերին: Մինչդեռ անհրաժեշտ էր անել հակառակը՝ հայտարարել կարանտին:
Նկատենք, որ այն օրերին դեռ չկար Բաքվի պահանջը՝ փոխել ՀՀ Սահմանադրությունը՝ հանելով այնտեղից Անկախության հռչակագրի հիշատակումը: Հետեւաբար, հետաքրքիր է՝ այն ժամանակ ի՞նչն էին ցանկանում փոխել «նորերը»։ Մի՞թե ճիշտ էին «չար լեզուները», թե նրանք ցանկանում են վերացնել տարածքներ հանձնելու կամ փոխանակելու համար ժողովրդից հանրաքվեի միջոցով թույլտվություն ստանալու գործող Սահմանադրության պահանջը:
Ինչ որ է, վստահ ենք, որ եթե այդ՝ իբրեւ թե ադրբեջանական հանդիսացող էքսկլավների փոխանակման հարցով անցկացվի հանրաքվե, Հայաստանում քչերը կքվեարկեն մեր սիրելի գեղեցկուհուն հաշմանդամ դարձնելու օգտին: Չնայած, ինչպես «ժողովուրդների հայր» Ստալինն էր պնդում. «Կարեւորն այն չէ, թե ինչպես կքվեարկեն, կարեւորն այն է, թե ով է հաշվելու քվեները»:
Գրիգոր ԷՄԻՆ-ՏԵՐՅԱՆ