ԱՄՆ արդարադատության նախարարությունը քրեական հետաքննություն է սկսել լրագրող և գրող Էլիզաբեթ Ջին Քերոլի նկատմամբ, ով ԱՄՆ ղեկավար Դոնալդ Թրամփին մեղադրել էր սեռական ոտնձգությունների մեջ։ Այս մասին, հղում անելով իր աղբյուրին, մայիսի 28-ին հայտնել է CNN News հեռուստաալիքը։
Լրատվամիջոցի տեղեկություններով՝ հետաքննության նպատակն է պարզել Քերոլի այն ցուցմունքների իսկությունը, որոնք նա տվել է Թրամփի դեմ ներկայացված իր երկու հայցերի դատական քննության ժամանակ։ Նշվում է, որ ԱՄՆ նախագահը պարտվել է երկու դատական գործերում։ Նա պարտավորվել էր գրողին վճարել 5 միլիոն դոլար 2023 թվականին, և ևս 83,3 միլիոն դոլար՝ 2024 թվականի հունվարին։
Լրատվամիջոցը հավելում է, որ արդարադատության նախարարության նոր հետաքննությունը հիմնված է Քերոլի՝ 2022 թվականի ցուցմունքների վրա։ Այն ժամանակ նա պնդել էր, թե հայց ներկայացնելու համար դրսից ոչ մի ֆինանսական աջակցություն չի ստացել, սակայն հետագայում ի հայտ եկավ միլիարդատեր Ռիդ Հոֆմանի ներգրավվածությունը, ով վճարել էր նրա դատական ծախսերի մի մասը։
2023 թվականի մայիսին Նյու Յորքի դատարանը Թրամփին մեղավոր է ճանաչել Քերոլի քաղաքացիական հայցով, որը նրան մեղադրել էր ոտնձգության և զրպարտության մեջ։ Միևնույն ժամանակ, երդվյալ ատենակալները եկել են այն եզրակացության, որ քաղաքական գործիչը չի կատարել բռնաբարություն (ինչի մեջ նրան սկզբնապես մեղադրում էին)։
2024 թվականի հունվարին Նյու Յորքի երդվյալ ատենակալների դատարանը պարտավորեցրել է Թրամփին վճարել 83,3 միլիոն դոլար։ Այս վերջնական գումարը ութ անգամ գերազանցել է այն չափը, որը կինը պահանջում էր իր սկզբնական հայցում։
2019 թվականին Քերոլը հրատարակել է մի գիրք, որտեղ պնդում էր, թե 1995 թվականի վերջին կամ 1996 թվականի սկզբին Թրամփն իրեն բռնաբարել է Նյու Յորքի կենտրոնում գտնվող խանութներից մեկի հանդերձարանում։ Այն ժամանակ նա համապատասխան հայց էր ներկայացրել դատարան, սակայն գործին ընթացք չէր տրվել։ Անցյալ տարվա նոյեմբերին ամերիկուհին նոր հայց էր ներկայացրել նախագահի դեմ։ Թրամփը բազմիցս հերքել է իր հասցեին հնչած մեղադրանքները՝ հայտարարելով, որ երբևէ չի էլ հանդիպել Քերոլին։