Արդեն կլինի երկու տարի, ինչ մեզ վռնել են իշխող կուսակցությունից, բայց մենք՝ որպես ներսի ընդդիմություն, պարոն Աղազարյանի հետ միշտ պայքարել ենք այն ամենի ինչ, ինչի դեմ այսօր պայքարում ենք բացահայտ․ «Սարդարապատում» լրագրողների հետ զրույցում ասաց նախկին ՔՊ-ական, «Միացյալ ազգային սոցիալիստական կուսակցություն» անդամ Հակոբ Ասլանյանը։
Անդրադառնալով Առաջին Հանրապետության օրn իշխանության կազմակերպած զորահանդեսին՝ պատգամավորն ասաց, որ զորքերն ու զինտեխնիկան հրապարակ բերելուց առաջ իշխանությունը պետք է Սարդարապատի հուշահամալիր այցելեր։
«Անկախության օրն ավելի կարևոր է, քան ինչ-որ զորահանես։ Ճանապարհին գալիս հետևում էի՝ ինչ է ցուցադրվում․․․ Դա մի նոր շոու է՝ ժողովրդին ցույց տալու, թե տեսեք՝ ի՜նչ զենքեր ունենք։ Այդ զենքերով Ադրբեջանի դեմ ոչինչ անել չես կարող, որովհետև եթե դրա կողքին դնենք, թե Ադրբեջանն ինչ զենքեր է գնել այս ընթացքում, պարզ կլինի՝ ինչպես նա մեզ կուլ կտա։ Բաքուն 30 տոկոս ավելացրել է ռազմական բյուջեն՝ այն հասցնելով 2․5 մլրդ դոլարի։ Դրան զուգահեռ մերոնք ռազմական բյուջեն կրճատել են 15 տոկոս։ Ես Փաշինյանին կընդունեի, և ժողովուրդն էլ կընդուներ, եթե նա հայտարարեր, որ ո՛չ թոշակն ու աշախատավարձն է ավելացնելու, ո՛չ ասֆալտ է անելու, այլ ռազմարդյունաբերությունն է ավելացնելու, որպեսզի մեկ-երկու տարի հետո իսկապես հնարավոր լիներ մեր հարևան չկամներին տեղը դնել»,- ընդգծեց ընդդիմադիր գործիչը։
Դառնալով իշխանության՝ խաղաղություն հաստատվելու խոսույթին՝ Ասլանյանը շեշտեց՝ եթե դեռ համաձայնագիր չի կնքվել, ուղղակի հրադադարի համաձայնություն է ձեռք բերել, ի՞նչ խաղաղության մասին է խոսքը։
«Եվ այդ համաձայնագիրը չի կնքվի, քանի դեռ Նիկոլ Փաշինյանը, վազելով, վախենալով «Ցռան Վերգոյի» նման, մեր Սահամանդրությունը կփոխի և ու կանի այն ամենը, ինչ կասօ «господин» Ալիևը»,- հավելեց Հակոբ Ասլանյանը։