Ադրբեջանի տարածքով իրականացվել է Ռուսաստանից Հայաստան բեռների հերթական տարանցիկ փոխադրումը։
«Ադրբեջանական երկաթուղիներ» ՓԲԸ-ի Բիլաջարի երկաթուղային կայարանից ճանապարհ է ընկել երեք վագոն, որոնցից երկուսը բեռնված են եղել 126 տոննա կարբամիդով (միզանյութ), իսկ մեկը՝ 67 տոննա ալյուրով։
Հաղորդվում է, որ գնացքը Բեյուկ Քեսիկ կայարանով կանցնի Վրաստանի տարածք, որտեղից էլ կշարունակի շարժվել դեպի Հայաստան։
Նշենք, որ մինչ օրս Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան է տեղափոխվել ավելի քան 28000 տոննա հացահատիկ, ավելի քան 4000 տոննա պարարտանյութ, 133 տոննա ալյումին և 68 տոննա հնդկաձավար։
Հիշեցնենք նաև, որ բացի տարանցիկ փոխադրումներից, Ադրբեջանից Հայաստան իրականացվում է նաև նավթամթերքի արտահանում։ Մինչև օրս ՀՀ է արտահանվել ավելի քան 10000 տոննա դիզելային վառելիք, 979 տոննա ԱԻ-92 և 2 955 տոննա ԱԻ-95 տեսակի բենզին։