
ԱՄՆ-ն շահագրգռված է Ադրբեջանի հետ գործընկերության հետագա ամրապնդմամբ և ողջունում է երկրի հանձնառությունը՝ Հարավային Կովկասում կայուն խաղաղության հասնելու հարցում։ Այս մասին ասվում է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի՝ Ադրբեջանի անկախության օրվա կապակցությամբ շնորհավորական ուղերձում:
«Ամերիկայի Միացյալ Նահանգների անունից շնորհավորում եմ Ադրբեջանի ժողովրդին Անկախության օրվա առթիվ։ Անցած տարվա ընթացքում մենք մեր հարաբերությունները բարձրացրել ենք ռազմավարական գործընկերության մակարդակի, որի գագաթնակետն էր փոխնախագահ Ջ.Դ. Վենսի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից Բաքվում ռազմավարական գործընկերության մասին խարտիայի ստորագրումը։ Մենք անհամբեր սպասում ենք մեր գործընկերության հետագա ամրապնդմանը՝ ընդլայնելով տարածաշրջանային հաղորդակցությունը, տնտեսական կապերը և անվտանգության ոլորտում համագործակցությունը», – Ռուբիոյի խոսքերն է մեջբերում ԱՄՆ Պետդեպարտամենտը։