Իսրայելի ռազմաօդային ուժերը մի շարք հարվածներ են հասցրել Լիբանանի հարավում գտնվող Սայդա քաղաքին և դրա արվարձաններին, ինչի հետևանքով 11 խաղաղ բնակիչ է զոհվել։ Այս մասին նշված է երկրի առողջապահության նախարարության տարածած հաղորդագրության մեջ։
«Սայդայի տներից մեկի վրա թշնամու ավիացիայի հարձակման հետևանքով հինգ մարդ է զոհվել, այդ թվում՝ երկու կին, ևս 21 հոգի վիրավորվել է, որոնցից հինգը երեխաներ են», — ասված է գերատեսչության՝ X հարթակում հրապարակված հայտարարության մեջ։
Ավելի վաղ հրթիռային հարված էր հասցվել Սայդայի մոտակայքում գտնվող Ադլյուն գյուղի մեքենաներից մեկին, ինչի հետևանքով մեքենայում գտնվող 6 լիբանանցիները (այդ թվում՝ երկու երեխա) տեղում մահացել էին։
Մայիսի 27-ին՝ մեկ օրվա ընթացքում, իսրայելական ավիահարվածների հետևանքով սպանվել է 56 խաղաղ բնակիչ, իսկ 103-ը ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ։
Առողջապահության նախարարության տվյալներով՝ մարտի 2-ից սկսված ռազմական սրացումից ի վեր զոհվածների ընդհանուր թիվը հասել է 3269-ի, իսկ վիրավորներինը՝ 9840-ի։