


2026թ․ մարտի 4-ին Լոռու մարզի Փամբակ խոշորացված համայնքի Արջուտ գյուղում «Բակտեկ Էկո» ՍՊԸ-ն նախաձեռնել էր երկու հանրային լսում։ Առաջինը վերաբերում էր Արջուտի ոսկու հանքաքարի վերամշակման ֆաբրիկայի վերակառուցմանը և/կամ ընդլայնմանը, տեխնոլոգիական վերազինմանը, ինչպես նաև նոր պոչամբարի կառուցմանը և գործող պոչամբարի հնարավոր ընդլայնմանը։ Երկրորդ լսումը վերաբերում էր Արջուտի ոսկու հանքավայրի հարակից տարածքներում օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրությունների իրականացմանը։
Լսումներն ընթացել են բավական լարված մթնոլորտում, ոստիկանների անմիջական մասնակցությամբ՝ հնարավոր բախումները կանխելու համար։
Հանրային լսումների ընթացքում բնակիչները բարձրաձայնել են իրենց մտահոգությունները հանքի աշխատանքների հնարավոր ընդլայնման կամ նոր ենթակառուցվածքների կառուցման դեպքում գյուղում էկոլոգիական խնդիրներով ծանրաբեռնվածության ավելացման և շրջակա միջավայրի վնասման մասին։ Նշել են, թե մինչ օրս հանքի աշխատանքից իրենց գյուղում որևէ դրական փոփոխություն չի նկատվել։ Նախագծերին կողմ բնակիչները հիմնականում նշել են նոր աշխատատեղերի ստեղծման հնարավորության և գյուղում սոցիալական վիճակի բարելավման մասին։
«․․․Եթե այսօր դուք հստակ ուղերձները հասկանաք, լսեք, վստահ կլինեք, որ այս համայնքը, ժողովուրդը դեմ է դրան, համաձայն չի այդ ձևով, այլ տարբերակներ է պետք քննարկել»։
«․․․․Գյուղում կա հանք, կա ֆաբրիկա, որևէ մեկը չի խոսում, որ հանքը չպիտի աշխատի, ֆաբրիկան չպիտի աշխատի, դրա մասին խոսք չկա։ Հիմա եկել են, ասում են, նոր տարածք ենք ուզում ուսումնասիրել։ Այստեղ ընտրությունը հաստատ գյուղացիներինն է՝ իրենք ուզում են իրենց գյուղն էլ ավելի ծանրաբեռնվի էկոլոգիական առումով, թե՞ այն ինչ կա՝ բավարար է»։
«․․․․Երկրաբանական ուսումնասիրությունը մոտեցնում է հանքերի ընդլայնման գործընթացին, և դրա համար գյուղը պետք է որոշի՝ այն հանքը, որը կա, բավարա՞ր է, թե մենք պատրաստ ենք մեր էկոլոգիական ծանրաբեռնվածությունն էլ ավելի ուժեղացնել»։
«․․․․Եթե մենք մեր համաձայնությունը տանք, ասենք, այդ հետազոտությունը գնաց, արդեն իսկ կդառնա, որ մենք մեր համաձայնությունը տալիս ենք, որ հանքը շահագործվի»։
«․․․․Նախկինում էս նույն բանն է եղել, չէ՞, այսինքն՝ համաձայնվել ենք հետազոտություն, ուսումնասիրություն ու դրանից հետո համաձայնել ենք շահագործմանը»։
«․․․Ես որպես գյուղի բնակիչ դեմ եմ, որ այդ պոչամբարը կառուցվի, ես դեմ եմ, որ այդտեղ ինչ-որ մի բան ընդլայնվի, ի՞նչ ունեք 25 տարի, թող մեր ժողովուրդը աշխատի, իսկ որպես գյուղի բնակիչ, դեմ եմ այդ ամեն ինչին, ինչ ուզում է ավելանա, յուրաքանչյուր ավելացմանը դեմ եմ»։
Փամբակ համայնքի ղեկավար Սուրեն Կոստանդյանը լսումների ժամանակ նշել է, որ որևէ որոշում այսօր չի կայացվում, և համայնքի ավագանին կկայացնի որոշում՝ հիմնվելով միայն համայնքի բնակիչների կարծիքի վրա: «Առաջին անգամ չէ, որ մենք հանրային լսումներ ենք անցկացնում, և ավագանին ամեն դեպքում լսում է համայնքի կարծիքները, բնապահպանների ու շահագրգիռ կողմերի առաջարկները։ Վերջնական որոշումը կայացնում է ավագանին՝ հաշվի առնելով հավաքագրված բոլոր կարծիքները»։
Ընկերության ներկայացուցիչներն էլ նշել են, որ ներկայիս լսումը վերաբերում է առավելապես ուսումնասիրության գործընթացին՝ պաշարների առկայությունը գնահատելու համար, ոչ թե անմիջապես հանքի ընդլայնմանը։ «Ուսումնասիրությունը նախատեսված է միայն տարածքի ռեսուրսները պարզելու համար, և դա որևէ կապ չունի հանքի շահագործման հետ։ Եթե ուսումնասիրության արդյունքում պարզվի, որ տարածքում պաշարներ կան, միայն այդ ժամանակ կներկայացվի նոր նախագիծ, որի մասին բնակչությունը կունենա լրացուցիչ տեղեկատվություն և հնարավորություն արտահայտվելու։ Հետագա նախագծերը ներկայացվելու են հանրությանը և համապատասխան պետական մարմիններին», – նշել է «Բակտեկ Էկո» ՍՊԸ-ի ներկայացուցիչը։
Ընկերությունից նաև հայտնել են, որ ուսումնասիրությունը կպարունակի նմուշառումներ, կլինի մասնագիտական հաշվետվություն, որը կհրապարակվի համապատասխան պետական մարմինների համար:
Մանրամասները՝ տեսանյութում
Սույն hոդվածը պատրաստվել է Չեխիայի Հանրապետության Արտաքին գործերի նախարարության ֆինանսական աջակցությամբ՝ Տրանսֆորմացիոն համագործակցության ծրագրի շրջանակում։
Մարտ 04, 2026 at 16:36