Մադագասկարի Գերագույն դատարանը հինգշաբթի մերժել է ընդդիմադիր օրենսդրի՝ երկրի ռազմական ղեկավարին տապալելու փորձը՝ որոշելով, որ այդ պահանջը դուրս է սահմանադրության շրջանակից, հայտնում է Ֆրանսպրես գործակալությունը:
Հայտնի պատգամավոր Անտուան Ռաջերիսոնը դիմել էր Բարձրագույն սահմանադրական դատարան՝ խնդրելով պաշտոնից հեռացնել բանակի գնդապետ Մայքլ Ռանդրիանիրինային, որը երկիրը ղեկավարում է հոկտեմբերից։ Ռաջերիսոնը նրան մեղադրել է պետական դավաճանության մեջ՝ «սահմանադրության լուրջ ու պարբերական խախտումների», դրանց թվում՝ պաշտոնում նշանակվելու ընթացքում թույլ տրված խախտումների համար:
Սակայն դատարանը վճռել է, որ հայցն անընդունելի է, քանի որ այն չի համապատասխանում պետության ղեկավարին պաշտոնանկ անելու սահմանադրական պահանջներին: «Հետևաբար, այն անօրինական է և պետք է հայտարարվի անընդունելի»,- հայտարարել է դատարանը:
Ռանդրիանիրինան իշխանության է եկել, երբ նրա նախորդը՝ Անդրի Ռաջոելինան, փախուստի էր դիմել ջրի և էներգիայի պակասի դեմ ուղղված երիտասարդական բողոքի ցույցերի պատճառով:
Սակայն սկզբնական հույսի զգացումն այդ ժամանակից ի վեր մարել է, և երիտասարդ մադագասկարցիները վերջին շաբաթներին անջատ բողոքի ակցիաներ են կազմակերպել ընդդեմ այն բանի, ինչն անվանում են բարեփոխումների դանդաղ տեմպեր: Իրավապաշտպան կազմակերպությունները հայտարարում են, որ իշխանությունները ձերբակալել են ցուցարարներին և կոշտ մարտավարություն կիրառել։
Անցումային շրջանի ճանապարհային քարտեզը նախատեսում է նոր սահմանադրության ընդունում և նախագահական ընտրությունների անցկացում մինչև 2027 թվականի վերջը։
Մադագասկարը բազմիցս ենթարկվել է քաղաքական ցնցումների և Աֆրիկայում ֆրանսիական վերջին նախկին գաղութն է, որը 2020 թվականից ի վեր անցել է ռազմական կառավարման՝ Մալիում, Բուրկինա Ֆասոյում և Նիգերում տեղի ունեցած հեղաշրջումներից հետո։
Մադագասկարն աշխարհի ամենաաղքատ երկրներից մեկն է, չնայած այն հանգամանքին, որ վանիլի խոշորագույն արտադրողն է և օժտված է հարուստ կենսաբազմազանությամբ։