Կենտրոնական հետախուզական վարչության նախկին աշխատակցին մեղադրանք է առաջադրվել սեփական գերատեսչությունից տասնյակ միլիոնավոր դոլարների արժողությամբ ոսկու ձուլակտորներ և արտարժույթ գողանալու մեջ, հայտնում է CNN հեռուստաալիքը:
Հետաքննությունների դաշնային բյուրոյի տվյալներով՝ նրա տանը կատարված խուզարկության ժամանակ հայտնաբերվել է շուրջ 40 միլիոն դոլար արժողությամբ ավելի քան 300 ոսկու ձուլակտոր, 2 միլիոն դոլար կանխիկ դրամ և տասնյակ շքեղ ժամացույցներ:
Խոսքը Վիրջինիա նահանգից ԿՀՎ նախկին աշխատակից Դևիդ Ռաշի մասին է, որը ձերբակալվել է պետական միջոցների հափշտակության մեղադրանքով։ Նա ներկայում կալանքի տակ է և սպասում է դատական նիստին:
Ըստ ՀԴԲ նյութերի՝ Ռաշը շուրջ 17 տարի աշխատել է ԿՀՎ-ում և հասանելիություն է ունեցել գաղտնի տեղեկությունների։ Քննությունը պնդում է, որ դեռևս աշխատանքի ընդունվելիս նա բազմիցս ստել է իր կենսագրության մասին. ներկայացել է որպես ԱՄՆ Ռազմածովային ուժերի օդաչու և հայտարարել բարձրագույն ու մագիստրոսական կրթություն ունենալու մասին, որն իրականում չի ունեցել:
Հետաքննությունը ցույց է տվել, որ Ռաշն իրականում ծառայել է որպես տեղեկատվական համակարգերի տեխնիկ, իսկ այն համալսարանները, որոնց դիպլոմները նա նշել էր, հայտնել են նրա ուսումնառության վերաբերյալ որևէ գրառման բացակայության մասին։
Դատախազության վարկածով՝ անցյալ տարվա վերջին Ռաշը «տասնյակ միլիոնավոր դոլարների զգալի քանակությամբ արտարժույթ և ոսկու ձուլակտորներ» է պահանջել՝ իբր ծառայողական ծախսերի համար։ Խուզարկությունից երկու օր անց նա ձերբակալվել է։
ՀԴԲ-ն նաև պնդում է, որ բանակից արձակվելուց հետո Ռաշն ապօրինաբար վճարումներ է ստացել կեղծ զինվորական արձակուրդի համար՝ ձևակերպելով աշխատանքից մոտ 744 ժամ բացակայություն և ստանալով մոտավորապես 77 հազար դոլարի փոխհատուցում։
Քննիչները հայտարարում են, որ գողացված միջոցների մի մասը դեռևս չի գտնվել։
ԿՀՎ-ից հայտնել են, որ ներքին հետաքննությունը հայտնաբերել է օրենքի հնարավոր խախտումներ, ինչից հետո գերատեսչության տնօրեն Ջոն Ռեթքլիֆը նյութերը փոխանցել է ՀԴԲ-ին։ Ամերիկյան իշխանություններն ընդգծում են, որ հետաքննությունը շարունակվում է։
Այս գործն արդեն իսկ հարցեր է առաջացրել այն մասին, թե ինչպես է զինվորական ծառայության և կրթության վերաբերյալ կեղծ տվյալներով մարդը կարողացել ոչ միայն հայտնվել ԿՀՎ-ում, այլև այնտեղ աշխատել գրեթե երկու տասնամյակ՝ ստանալով գաղտնի տեղեկությունների հասանելիության բարձր մակարդակ։