
ՀԱԿ վարչապետի թեկնածու Լևոն Զուրաբյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում ներկայացրեց ՀԱԿ անդամների այցը Սիսիանի հերոսների պանթեոն:
«Վերևում մեր այն նահատակներն են, որոնք 90-ականներին ապահովեցին հաղթանակն Արցախյան առաջին պատերազմում։ Այստեղ նաև մեր այն տղաներն են, որոնք 44-օրյա պատերազմի և հուլիսյան ավանտյուրայի ժամանակ նահատակվեցին, նաև Տավուշյան դեպքերի ժամանակ։ Մտորում էինք՝ արդյոք հնարավո՞ր չէր այնպիսի քաղաքականությամբ հանդես գալ՝ թեկուզ 2019 թ․, հատկապես, որ այդ ժամանակ Նիկոլ Փաշինյանը կուռքն էր հայ ժողովրդի, 10 մլն հայեր երդվում էին իր անունով, և ինքը բոլոր հնարավորություններն ուներ Մինսկի խմբի համանախագահության պլանն ընդունելու, ինչի պարագայում մենք չէինք ունենա պատերազմ, կունենայինք Լեռնային Ղարաբաղ՝ Քելբաջարով, Լաչինով՝ հայկական վերահսկողության տակ։
Բայց ինքը գնաց ուրիշ ճանապարհով, ունեցանք պատերազմ, զոհեր, ջարդեց ողնաշարը, Արցախը կորցրեց 2023-ին, հիմա էլ նույն բախտախնդրությամբ շարունակում է նույն քաղաքականությունը՝ Հայաստանը ներքաշելով աշխարհաքաղաքական թոհուբոհի մեջ, ինչը մեծ ու վտանգավոր սպառնալիքներ է բերում մեր ժողովրդի գլխին»,- ասաց ՀԱԿ-ի վարչապետի թեկնածուն։