Շաբաթվա միջինացված տվյալներով Երևանում հանրային տրանսպորտից օգտվողների վալիդացիաների քանակն ավելացել է 15-ից մինչև 30 տոկոս, Երևանի քաղաքապետարանում գործակարգավարական նիստի ժամանակ ասել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ Քաղաքապետը հայտարարել է, որ Երևանում հասարակական տրանսպորտում շաբաթական կտրվածքով չկատարված վճարումների գումարով հնարավոր կլիներ 2 նոր ավտոբուս ձեռք բերել։
«Շաբաթական 70-80 միլիոն դրամի չվճարում ունենք, ինչի հաշվին երկու ավտոբուս կարող էինք գնել։ Այսինքն՝ չվճարողները բողոքում են նրանից, որ իրենց անպարտաճանաչության հետևանքով մենք ավել ավտոբուս չենք գնում։ Չնայած որ մենք ամեն տարի գնել ենք և այս տարի ևս գնելու ենք ու որակն էլ ենք բարելավելու։ Մարդկանց, որոնք չեն վճարում, մենք որպես բեռ մեր վզին տանում ենք»,-ասել է քաղաքապետը։ Նա շնորհակալություն է հայտնել պարտաճանաչ քաղաքացիներին, նաև վարորդներին։
2025 թվականի հունվարի 1-ից Երևանում ամբողջությամբ ներդրվել է տոմսային նոր համակարգը: Գործում են վճարումից խուսափելու համար նախատեսված տուգանքները.
- Տոմսը չվավերացնելու համար՝ 3,000 դրամ:
- Չվճարելու համար՝ 10,000 դրամ:
- Ուրիշի արտոնյալ տոմսն օգտագործելու համար՝ 15,000 դրամ: