Վարձակալության պայմանագրով բաժանորդներին 24-ժամյա ջրամատակարարում ապահովելու որևէ պահանջ չկա

Վարձակալության պայմանագրով բաժանորդներին 24-ժամյա ջրամատակարարում ապահովելու որևէ պահանջ չկա

«Ջրանջատումներ լինելու են, որովհետև ամառվա պիկ ամիսներին մենք կարիք ունենք գիշերային ջրանջատումների, որպեսզի ջրավազանները լցվեն, և ցերեկային ժամին այդ ջրավազանների ջուրն օգտագործվի։ Բայց 7 ժամի փոխարեն կունենանք 3-4 ժամ ջրանջատում»,- ասաց՝ ՏԿԵՆ Ջրային կոմիտեի նախագահ Արամազդ Ղալամքարյանը մարտի 3-ին Ազգային ժողովում։ 

Հիշեցնենք, որ «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ն օրերս հայտարարեց ջրամատակարարման 17-ժամյա ռեժիմի անցնելու մասին՝ հաշվի առնելով ջրաղբյուրների ջրատվության շուրջ 24%-ով նվազումը, կառուցապատման արդյունքում նոր ջրասպառողների թվի կտրուկ աճը, գիշերային ժամերին ջրի կորուստների կանխումը։ Այս հայտարարությունը դժգոհություն առաջացրեց հասարակության շրջանում։ Անմիջապես հետևեցին Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի և Երևանի քաղաքապետարանի հայտարարություններն այն մասին, որ որոշվել է կասեցնել նոր ժամանակացույցի գործողությունը։

Արամազդ Ղալամքարյանը նշեց, որ երկշաբաթյա ժամկետ են խնդրել «Վեոլիա»-ի հետ աշխատելու և ժամանակացույցը վերանայելու։ «Մեր նախնական գնահատականն այն է, որ ժամանակացույցը բարելավելու պոտենցիալ ունենք, և մեր գնահատականը հիմնված է երկու հիմնական գործոնների վրա։ Առաջինը՝ պարտադիր կապիտալ աշխատանքների ծրագրերը, որոնք ընթացիկ են, իրականացնում ենք, բայց նոր թափ ենք հաղորդելու և դրանց արդյունքում ունենալու ենք բավականին մեծ ծավալների խնայված ջուր։ Խոսքը վերաբերում է թե՛ Երևանին, թե՛ մարզերին։ Երկրորդը, ունենք հայտնաբերված նոր ջրաղբյուրներ, որոնց ուղղությամբ աշխատանքներ տանում էինք նախքան այս ժամանակացույցը, խնդրում եմ չկապել մեկը մյուսի հետ։ Ուղղակի որոշում կայացվեց լրացուցիչ ռեսուրսներ ներդնել, և այդ ջրաղբյուրներից ջուրը Երևան հասցնել ավելի արագացված ռեժիմով»։ Ըստ Արամազդ Ղալամքարյանի՝ «Վեոլիա»-ն և ՀՀ կառավարությունը վերջին երկու տարում 22 միլիարդ դոլարի ներդրում են անում ենթակառուցվածքներում, ու դա կնպաստի համակարգի բարելավմանը։

Նշենք, որ 2025թ. աշնանն Էկոլուրի հարցմանն ի պատասխան «Վեոլիա ջուր»-ը հայտնել էր, որ Երևանում 2024-2031թթ․ պայմանագրով նախատեսված է ապահովել 23 ժամ ջրամատակարարում, այլ քաղաքներում և գյուղական բնակավայրերում ՝ 20 ժամ ջրամատակարարում։

Էկոլուրի հարցին, թե երբ է նախատեսվում հասնել ամբողջ Երևանի 24-ժամյա ջրամատակարարմանը, ընկերությունից հայտնել էին, որ վարձակալության պայմանագրով բաժանորդներին 24-ժամյա ջրամատակարարում ապահովելու որևէ ցուցանիշ կամ պահանջ չկա։

Ընկերությունն անդրադարձել էր նաև ջրակորուստների հարցին՝ նշելով, որ պայմանագրով նախատեսվել է ջրակորուստները մինչև պայմանագրի գործողության վերջին տարին՝ 2031թ․, հասցնել 58,9 %-ի, այնինչ ընկերությունը 2025թ․ առաջին կիսամյակի արդյունքներով նվազեցրել է մինչև 55 %:  

Ավելի վաղ Էկոլուրի հրապարակումներում անդրադառնալով Երևանում խմելու ջրի խնդրին՝ նշել էինք, որ, ըստ Երևանի հատակագծի, Երևանի խﬔլու ջրամատակարարման ջրաղբյուրներից 5-ի՝ Արզականի, Գյումուշի, Արզնիի, Ծարավ աղբյուրի, Գետաﬔջի շահագործման պաշարները հաստատված չեն։ 3 ջրաղբյուրի՝ Գառնիի, Ապարանի, Կաթնաղբյուրի դեպքում նշվել է վերանայման կամ վերագնահատման անհրաժեշտության մասին։ Միայն 2 ջրաղբյուրի՝ Ձորաղբյուրի և Երևանյան ՀԷԿ-ի աղբյուրների պաշարներն են հաստատված։

ՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունն Էկոլուրի հարցմանն ի պատասխան հայտնել էր, որ «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ին տրվել է 43 ջրօգտագործման թույլտվություն, այդ թվում՝ Երևան քաղաքի սպասարկման համար՝ 9 ջրօգտագործման թույլտվություն:

Մեր ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ն ստացել է ՋԹ-ներ ինչպես չհաստատված պաշարներով, այնպես էլ վերագնահատման, կամ նպատակահարմարության գնահատման անհրաժեշտություն ունեցող ջրաղբյուրներից ջրառ իրականացնելու համար։ 



Մարտ 03, 2026 at 18:35

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *