Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հանդես է եկել մի շարք առանցքային հայտարարություններով՝ անդրադառնալով ԱՄՆ-ի և Իրանի միջև հնարավոր նոր զինադադարին և տարածաշրջանային անվտանգության խնդիրներին։ «Անադոլու» գործակալության կողմից կազմակերպված քննարկման ժամանակ նախարարը նշել է, որ չնայած 15 օրվա ընթացքում վերջնական համաձայնագրի ստորագրումը տեխնիկապես անիրատեսական է, սակայն կողմերի միջև զգալի առաջընթացի դեպքում հնարավոր է հրադադարի ժամկետը երկարաձգել ևս 45 կամ 60 օրով։
Ֆիդանի փոխանցմամբ՝ թե՛ Վաշինգտոնը, թե՛ Թեհրանը անկեղծորեն ձգտում են կրակի դադարեցմանը և գիտակցում են դրա անհրաժեշտությունը։
Անդրադառնալով Հորմուզի նեղուցում ստեղծված ճգնաժամին՝ Թուրքիայի արտգործնախարարը շեշտել է, որ միջազգային հանրությունը շահագրգռված է ազատ նավագնացության վերականգնմամբ։
«ԱՄՆ-Իրան համաձայնագրով հնարավոր է նոր հրադադար։ Եթե կողմերը զգալի առաջընթաց գրանցեն, օրակարգում կարող է դրվել լրացուցիչ հրադադարի ժամկետի՝ հնարավոր է՝ 45 կամ նույնիսկ 60 օրվա հարցը, որը թույլ կտա շարունակել բանակցությունները և լուծել խնդիրները»,- ասել է Ֆիդանը։