Մենք բոլորս արձանագրեցինք՝ չենք ցանկանում, որ Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից. Լուկաշենկո

Աստանայում Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում ստորագրվել է Հայաստանին վերաբերող հայտարարություն։ Այս մասին ԵԱՏՄ գագաթնաժողովի արդյունքներով լրագրողներին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, հաղորդում է БЕЛТА-ն:

Ալեքսանդր Լուկաշենկոյին ուղղված հարցերից մեկը վերաբերում էր Հայաստանի դիրքորոշմանը, որը, երկրի ղեկավարության հայտարարությունների համաձայն, կցանկանար թե՛ մնալ ԵԱՏՄ-ում, թե՛ միանալ Եվրոպական միությանը։

Նա պատմել է, որ այդ թեման քննարկվել է ԵՏԲԽ նիստում՝ փակ ձևաչափով, և ստորագրվել է համապատասխան հայտարարություն։

«Մենք բոլորս արձանագրեցինք՝ մենք չենք ցանկանում, որ Հայաստանը դուրս գա մեր Եվրասիական միությունից։ Միևնույն ժամանակ (սա Վլադիմիր Վլադիմիրովիչի հայտարարությունն է իր ելույթում) մենք հարգում ենք Հայաստանի ընտրությունը։ Ես հենց նույն տեղում հավելեցի՝ մենք հարգում ենք Հայաստանի ժողովրդի ընտրությունը։ Եթե ժողովուրդը նման որոշում կայացնի և համաձայնի դուրս գալ այն միությունից, որտեղ գտնվում է, և երբևէ անդամակցել Եվրոպական միությանը, մենք չենք կարող դեմ լինել հայ ժողովրդի կամքին»,- մանրամասներն է բացահայտել Բելառուսի նախագահը։
«Եվ դրանից հետո այդ հայտարարության մեջ լրացրեցինք, որ մենք աջակցում ենք Հայաստանի ղեկավարության ցանկությանը, որը դրա մասին հայտարարել է՝ այս հարցով հանրաքվե անցկացնելու վերաբերյալ»,- շարունակել է նա։

Եվ նման հանրաքվեն պետք է կազմակերպվի ազնիվ, բաց, ժողովրդավարական եղանակով, ուշադրություն է հրավիրել Լուկաշենկոն։ Եթե այդ ամենն այդպես լինի, և հայ ժողովուրդն արտահայտվի ոչ հօգուտ ԵԱՏՄ-ի, այդ որոշումը կընդունվի Եվրասիական տնտեսական միությունում, հայտարարել է նա։

«Սակայն Հայաստանի ղեկավարությունը և հատկապես Հայաստանի ժողովուրդը պետք է հասկանան՝ ինչ են շահում և ինչ են կորցնում։ Դրա մասին Ռուսաստանի նախագահը խոստացել է մանրամասն զեկուցել ամբողջ միջազգային հանրությանը, ով կցանկանա դա լսել,- ասել է Բելառուսի պետության ղեկավարը։ – Նա ևս մեկ անգամ մանրամասն կպատմի (Ռուսաստանի մասնագետները նրա համար նախապատրաստել են այդ տեղեկությունը), թե ինչ է նշանակում հրաժարվել Եվրասիական միությունից, որում այժմ գտնվում է Հայաստանը, և անդամակցել Եվրոպական միությանը»։

Լուկաշենկոն ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ մի շարք երկրների օրինակները ցույց են տալիս՝ Եվրոմիություն ընդունվելու ժամկետները կարող են շատ ձգձգվել ժամանակի մեջ։ Եվ հայ ժողովուրդը կարևոր որոշում ընդունելիս պետք է հաշվի առնի նաև այս գործոնը։

«Հաշվի առնելով Ուկրաինան, որը վաղուց է ցանկանում, և որ ավելի կարևոր է՝ հաշվի առնելով Թուրքիան, որն արդեն, իմ կարծիքով, 25 կամ 30 տարի է՝ հերթի մեջ է Եվրոպական միություն անդամակցելու համար»,- հավելել է նա։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *