AMX-ի հիմնական նպատակը միջազգային կապիտալի շուկաներին ինտեգրվելն է. գլխավոր տնօրեն

ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի․/ԱՌԿԱ/.   Հայաստանի ֆոնդային բորսայի (AMX) հիմնական նպատակներից մեկը Հայաստանի կապիտալի շուկայի ինտեգրումն է միջազգային շուկաներին, հայտարարել է AMX-ի գլխավոր տնօրեն Հայկ Եգանյանը։

«Կապիտալի շուկայի նպատակը ի վերջո այնպիսի ենթակառուցվածքների և պայմանների ստեղծումն է, որպեսզի, օրինակ, ամերիկյան ինստիտուցիոնալ ներդրողների միջոցները՝ կենսաթոշակային և այլ հիմնադրամներից, հասանելի դառնան Հայաստանի տնտեսության համար։ Դա մեր գերնպատակն է»,- ասել է նա «ԱՌԿԱ» գործակալության հարցին ի պատասխան՝ AMX-ի 25-ամյակին նվիրված միջազգային համաժողովի շրջանակում։

2026 թ․-ի մարտի 30-ին Հայաստանի Կենտրոնական դեպոզիտարիան (ՀԿԴ) և Ուզբեկստանի արժեթղթերի կենտրոնական դեպոզիտարիան (UzCSD) ստորագրել են համագործակցության համաձայնագիր, որի շրջանակում ՀԿԴ-ն օտարերկրյա անվանատիրոջ հաշիվ է բացում UzCSD-ում։ Դա թույլ կտա իրականացնել արժեթղթերի հաշվառումն ու պահպանությունը, ինչպես նաև գործարքների սպասարկումն ու կորպորատիվ գործողությունների իրականացումը միջազգային ստանդարտներին համապատասխան։

Եգանյանը վստահություն է հայտնել, որ հետաքրքրությունը Հայաստանի կապիտալի շուկայի և ենթակառուցվածքային ընկերությունների նկատմամբ կաճի։

«Որքան մեծ լինի հետաքրքրությունը, այնքան բարձր կլինի հայկական շուկայի հասանելիությունն ու տեսանելիությունը, և, համապատասխանաբար, միջազգային գործընկերներն ավելի շատ շահագրգռված կլինեն մեր տնտեսությամբ»,- ասել է նա։

Իր հերթին Վարշավայի ֆոնդային բորսայի գլխավոր տնօրեն Տոմաշ Բարդզիլովսկին հայտարարել է, որ Հայաստանի կապիտալի շուկան և ֆոնդային բորսան հետագա զարգացման համար ամուր հիմքեր ունեն։

«Դուք ունեք ուժեղ ենթակառուցվածքներ, պետական պարտատոմսերի շատ ակտիվ շուկա։ Հիմա հիանալի պահ է կապիտալի շուկայի մյուս սեգմենտների, մասնավորապես՝ կորպորատիվ պարտատոմսերի շուկայի, ինչպես նաև ապագայում բաժնետոմսերի ու ածանցյալ գործիքների շուկայի զարգացման համար»,- ընդգծել է նա։

Հայաստանի ֆոնդային բորսայի մասին

Հայաստանի ֆոնդային բորսան Հայաստանում գործող արժեթղթերի կարգավորվող շուկայի միակ օպերատորն է։ AMX-ն առաջարկում է բորսայական ծառայությունների ամբողջական փաթեթ՝ ցուցակման, առևտրի, քլիրինգային և տեղեկատվական ծառայություններ, այլընտրանքային բորսայական լուծումներ։ Բորսայական վերջնահաշվարկն իրականացնում է Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիան, որի 100% բաժնետերը Հայաստանի ֆոնդային բորսան է։ AMX-ի առաքելությունն է զարգացնել կապիտալի շուկայի բորսայական ենթակառուցվածքը՝ այն դարձնելով ֆինանսավորման ակտիվ գործիք Հայաստանի տնտեսության զարգացման համար։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *