Ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանի գնահատմամբ՝ մայիսի 28-ին կայացած զորահանդեսը մեծապես կրել է քարոզչական բնույթ և չի տվել այն հարցի պատասխանը, թե արդյոք ցուցադրված զինտեխնիկան բավարա՞ր է երկրի պաշտպանունակությունն ապահովելու համար։
«Տեսականին ցուցադրվում է, որ գնահատեն՝ բավարար է պաշտպանելու համար, թե ոչ։ Բայց այդ զորահանդեսի ընթացքում մենք չտեսանք այնպիսի զինատեսակներ, որոնք կարող էին իրական պատկերացում տալ բանակի հարձակողական կամ պաշտպանական ամբողջ ներուժի մասին»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը։
Նրա խոսքով՝ ցուցադրված տեխնիկայի զգալի մասը նորություն չէր, իսկ որոշ զինատեսակների շուրջ ստեղծվել էր «հայրենական արտադրության» տպավորություն, որն, ըստ փորձագետի, իրականությանը չի համապատասխանում։
«Մենք տեսանք ռուսական արտադրության բազմաթիվ կարևոր զինատեսակներ, որոնք ձեռք էին բերվել դեռ նախկին իշխանությունների ժամանակ։ Տեսանք նաև տեխնիկա, որը հայկական անվանումներով էր ներկայացվում, սակայն վստահաբար հայկական արտադրության չէր։ Օրինակ՝ հաղորդավարը որոշ անօդաչու թռչող սարքերի դեպքում օգտագործում էր «հայրենական արտադրություն» ձևակերպումը, մինչդեռ խոսքը, ըստ էության, արտասահմանյան արտադրանքի մասին է»,- նշեց Նահապետյանը։
Նա օրինակ բերեց «Աղեղ» անվամբ ներկայացված անօդաչու սարքը՝ նշելով, որ այն, իր գնահատմամբ, չինական արտադրության մոդելի հետ նմանություններ ունի։
«Եթե հայկական անվանում ես դնում արտասահմանյան արտադրության զինտեխնիկայի վրա, մարդկանց ենթագիտակցության մեջ ստեղծվում է տպավորություն, թե դա տեղական արտադրանք է։ Սա քարոզչական հնարք է»,- ասաց նա։
Ռազմական փորձագետը նաև անդրադարձավ ցուցադրված զինտեխնիկայի անվանումներին՝ նկատելով, որ մի շարք հրթիռային և հրետանային համակարգեր անվանակոչվել էին հայկական դիցարանի կերպարների անուններով։
«Միհր, Արամազդ և այլ անուններ էին դրված տարբեր զինատեսակների վրա։ Բայց անվանումը դեռ չի նշանակում, որ արտադրությունն էլ հայկական է։ Եթե արտերկրում արտադրված տեխնիկայի վրա հայկական անուն ես գրում, դա դեռ չի դարձնում այն տեղական արտադրանք»,- ընդգծեց նա։
Նահապետյանի խոսքով՝ զորահանդեսի ընթացքում բացակայում էին որոշ առանցքային զինատեսակներ, այդ թվում՝ տանկերը, ինչը, ըստ նրա, հարցեր է առաջացնում։
«Չկա երկիր, որը չունենա տանկային զորքեր։ Երեկ դուք տանկ տեսա՞ք։ Ես չեմ տեսել։ Եթե խոսում ենք բանակի ամբողջ ներուժի մասին, ապա նման զինատեսակների բացակայությունը հարցեր է առաջացնում»,- ասաց նա։
Փորձագետը քննադատեց նաև մարտական դրոշների ներկայացման ձևը՝ նշելով, որ դրանք բավարար հարգանքով չեն ներկայացվել։
«Մարտական դրոշները պարզապես խորհրդանիշ չեն․ դրանք արյունով պահպանված, զոհողությունների գնով փրկված արժեքներ են։ Դրանք զորամասի պատիվն ու ինքնությունն են։ Շատ ցավոտ ընդունեցի, որ դրանք մի կողմ էին դրված, փոխարենը այլ խորհրդանշական տարրեր էին շեշտադրվում»,- նշեց Նահապետյանը։
Անդրադառնալով իշխանությունների այն գնահատականներին, թե նման մասշտաբի զորահանդես Հայաստանում նախկինում չի եղել, փորձագետը կոչ արեց համեմատականներ անել նախորդ տարիների հետ։
«Թող 1998 թվականից սկսած զորահանդեսների արխիվները նայեն։ Միայն հայտարարելով, թե «նման բան չի եղել», չի նշանակում, որ այդպես է։ Պետք է համեմատել բովանդակությունը, զինատեսակները, ցուցադրված հնարավորությունները»,- ասաց նա։
Նահապետյանի կարծիքով՝ զորահանդեսը ավելի շատ նախընտրական ու քարոզչական բնույթ ուներ, քան զուտ ռազմական հաշվետվության նպատակ։
«Եթե սա հաշվետվություն էր, ապա պետք էր ներկայացնել տեխնիկայի իրական անվանումները, արտադրող երկրները, տակտիկատեխնիկական բնութագրերը, որպեսզի մարդիկ հասկանային՝ ինչ հնարավորությունների մասին է խոսքը։ Այլապես ստացվում է պարզապես ցուցադրություն՝ առանց խորքային բովանդակության»,- եզրափակեց ռազմական փորձագետը։