
Եթե Հայաստանը դուրս գա Եվրասիական տնտեսական միությունից (ԵԱՏՄ), Ռուսաստան տեղափոխվող ՀՀ քաղաքացիները կբախվեն նույն պայմաններին, ինչ մյուս միգրանտները, նրանց համար կգործեն նույն պահանջները։ Այս մասին լրագրողներին ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։
«ԱՊՀ երկրներից միգրանտների համար նույն պահանջները կկիրառվեն նաև Հայաստանից եկած աշխատողների համար։ Ի՞նչ է սա նշանակում։ Դա նշանակում է, որ նրանք պետք է ձեռք բերեն աշխատանքային պատենտներ՝ Ռուսաստանում աշխատելու համար, պարտադիր բժշկական ապահովագրությունից օգտվելու համար նրանք պետք է ՌԴ-ում ապրեն առնվազն հինգ տարի և այլն․․․ Կան բազմաթիվ պահանջներ», – ասել է Պուտինը՝ խոսելով այն մասին, թե ինչպես կփոխվեն երկրների միջև հարաբերությունները, եթե Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից։
Նա նշել է, որ սա կլինի «բոլորովին այլ պատմություն»։ «Մենք պարզապես բոլորս պետք է այս մասին խոսենք հստակ, պարզ և անկեղծորեն»,- հավելել է ՌԴ նախագահը։