Իրանի հետ հնարավոր համաձայնագրի մասին Թրամփի հայտարարությունները «ճշմարտության և ստի խառնուրդ» են. Fars

Իրանի հետ հնարավոր համաձայնագրի մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պնդումները «ճշմարտության և ստի խառնուրդ» են և իրավիճակը որպես ԱՄՆ քաղաքական հաղթանակ ներկայացնելու փորձ, պնդում են իրանական Fars գործակալության իրազեկ աղբյուրները՝ մեկնաբանելով ամերիկյան նախագահի վերջին հայտարարությունները:

Ըստ աղբյուրների՝ «պարտավորություն՝ պարտավորության դիմաց» բանաձևով պատրաստված համաձայնագրի նախագիծն այժմ Իրանում քննարկման եզրափակիչ փուլում է, սակայն դրա վերաբերյալ վերջնական որոշում դեռևս չի ընդունվել։

Միևնույն ժամանակ, ինչպես պնդում են աղբյուրները, Թրամփի հայտարարությունները հակասում են փաստաթղթի բովանդակությանը։ Նա միաժամանակ հայտարարել է ծովային շրջափակման դադարեցման մասին արդեն իսկ այս պահին՝ չնայած վերջնական պայմանավորվածությունների բացակայությանը։

Աղբյուրները պնդում են, որ Թրամփը խեղաթյուրել է հնարավոր համաձայնագրի առանցքային դրույթները։

Մասնավորապես, ԱՄՆ նախագահը հայտարարել է, թե Իրանն իբր պարտավոր է բացել Հորմուզի նեղուցը նավերի ազատ անցման համար՝ առանց որևէ վճարի գանձման։ Սակայն, ըստ աղբյուրների, հուշագրի տեքստում նման կետ չկա։ Իրանը, ինչպես պնդում են, միայն հաստատել է նեղուցը բացելու պատրաստակամությունը շրջափակման դադարեցումից հետո՝ իր իսկ նախապես սահմանած կանոնների շրջանակում։ Այդ միջոցները կարող են ներառել նավերի մոնիտորինգ և զննում, անվտանգության ապահովում և ուղեկցող ծառայությունների մատուցում։ Աղբյուրների տվյալներով՝ Թեհրանն արդեն պատրաստում է համապատասխան ենթակառուցվածքները։

Թրամփը նաև հայտարարել է, թե Իրանն իբր համաձայնել է լիկվիդացնել կամ ոչնչացնել իր միջուկային նյութերը։ Սակայն իրազեկ աղբյուրներն այդ պնդումն անվանում են լիովին անհիմն և ընդգծում, որ համաձայնագրի նախագծում նման կետ գոյություն չունի։

Միևնույն ժամանակ, ինչպես հաղորդվում է, Թրամփը չի հիշատակել փաստաթղթում առկա մի շարք առանցքային պայմաններ։

Որպես դրանցից գլխավորը աղբյուրները նշում են սառեցված ակտիվներից Իրանին 12 միլիարդ դոլար անհապաղ վճարելու պահանջը։ Ըստ նախագծի՝ այդ գումարը պետք է փոխանցվի միանգամից, և մինչև այս պայմանի կատարումը Իրանը մտադիր չէ անցնել բանակցությունների հաջորդ փուլին։ Պարտավորության չկատարումը կդիտարկվի որպես ԱՄՆ-ի կողմից համաձայնագրի խախտում։

Բացի դրանից, նախագծում, ըստ աղբյուրների տվյալների, ներառված է Լիբանանում կրակի լիակատար դադարեցման մասին կետ՝ ըստ «Հըզբոլլահի» դիրքորոշման։

Աղբյուրները պնդում են, որ միայն այս պայմանների կատարումից հետո Իրանը պատրաստ կլինի քննարկել բոլոր պատժամիջոցների չեղարկման հարցերը և միջուկային ծրագրի հետագա ասպեկտները՝ բացառապես իր «կարմիր գծերի» շրջանակում։

Միաժամանակ իրանցի պաշտոնյաներն ընդգծում են, որ ցանկացած վերջնական համաձայնագիր կառուցվելու է Իրանի Իսլամական Հանրապետության սկզբունքների ու պայմանների հիման վրա, ինչպես նաև հաշվի առնելով ԱՄՆ-ի հանդեպ լիակատար անվստահությունը։ Նրանք նշել են, որ Վաշինգտոնի կողմից պայմանավորվածությունների խախտման դեպքում Թեհրանը մտադիր է անմիջապես պատասխան միջոցներ ձեռնարկել։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *