Վրաստանի իշխանությունները միջազգային աճուրդների կհանեն եզակի հավաքածուի մի մասը, որն ավելի քան մեկ դար պահվում էր Թբիլիսիի «Գինու գործարան №1»-ի նկուղներում։ Գրեթե 20 հազար շշերի թվում կան հազվագյուտ գինիներ և թունդ խմիչքներ՝ որոնք առնչվում են Նապոլեոն Բոնապարտի, ռուսական կայսրեր Ալեքսանդր III-ի և Նիկոլայ II-ի, ինչպես նաև Իոսիֆ Ստալինի անունների հետ, գրում է Грузия Online-ը։
Վրաստանի Գինու ազգային գործակալությունը հայտարարել է պատմական գինեդարանի մասշտաբային հետազոտության մեկնարկի մասին։ Փորձագետները պետք է նկարագրեն և նույնականացնեն յուրաքանչյուր շիշ, պարզեն դրա ծագումը, տարիքն ու հավաքածուի արժեքը։ Դրանից հետո ամենահազվագյուտ նմուշները կարող են հայտնվել սակարկություններում։
Քանի դեռ մասնագետները նոր-նոր սկսում են աշխատանքը, իշխանություններն արդեն իսկ խոսում են այս հավաքածուի մասին՝ որպես հետխորհրդային տարածքում գինու ամենաարժեքավոր հավաքածուներից մեկի։
Նույնիսկ առանց հնչեղ անունների, այն տպավորում է իր մասշտաբներով։ Նկուղներում պահվում են 19-րդ դարի վրացական և եվրոպական գինիներ, հնամենի կոնյակներ, Բագրատիոն-Մուխրանսկի իշխանների շամպայն և այլ հազվագյուտ նմուշներ։ Որոշ նմուշների տարիքն անցնում է 200 տարուց։
Գինեդարանը գտնվում է Վերե թաղամասում՝ «Գինու գործարան №1»-ի տարածքում։ Ինչպես նշում են Գյուղատնտեսության նախարարությունում, համալիրը կառուցվել է 1890-ական թվականներին՝ ձեռնարկատեր, բարերար և կոնյակի հայտնի կայսրության հիմնադիր Դավիթ Սարաջիշվիլու ֆինանսավորմամբ։ Այն իր ժամանակի ամենաժամանակակից գինեգործարաններից մեկն էր համարվում։
Ժամանակին հավաքածուն ներառում էր մոտ 120 հազար շիշ։ Պատերազմները, հեղափոխությունները և խորհրդային դարաշրջանը ոչնչացրել են հավաքածուի զգալի մասը, սակայն մոտ մեկ երրորդը հաջողվել է պահպանել։
Այսօր «Գինու գործարան №1»-ը վերածվել է հասարակական տարածքի՝ բարերով ու ռեստորաններով, իսկ բազմամյա փոշու շերտով պատված հնամենի շշերը նախկինի պես ընկած են պատմական նկուղում՝ մոտ 18 աստիճան կայուն ջերմաստիճանի պայմաններում։
Հավաքածուի հետ կապված է մի հանրահայտ քաղաքային լեգենդ։ Ըստ դրա՝ Նապոլեոնի կոնյակների մի մասը Թիֆլիսում է հայտնվել 1812 թվականի պատերազմից հետո. իբր ֆրանսիական գումակը գերեվարվել էր Մոսկվայից նահանջելու ժամանակ։ Այդ պատմության փաստագրական հավաստիացում դեռևս չկա, սակայն հենց նմանատիպ սյուժեներն են տասնամյակներ շարունակ նկուղի շուրջ պահպանել գրեթե առասպելական հեղինակություն։
Հավաքածուի հանդեպ հետաքրքրությունն արդեն դուրս է եկել Վրաստանի սահմաններից։ Նախագծի շնորհանդեսին ժամանել են խոշորագույն աճուրդի տների ներկայացուցիչներ, արտասահմանյան հավաքորդներ և ֆրանսիական Château d’Yquem գինեգործական տնտեսության նախագահ Պիեռ Լյուրտոնը։
Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հավաքածուն անվանել է «մշակութային դիվանագիտության գործիք» և հայտարարել, որ այն կարող է համաշխարհային գինու հանրության ուշադրությունը հրավիրել Վրաստանի վրա՝ որպես գինու հայրենիքի։