ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամը (ՅՈՒՆԻՍԵՖ) նախազգուշացրել է, որ Գազայի հատվածի տարածքի 70%-ի նկատմամբ վերահսկողություն հաստատելու Իսրայելի ծրագրերը կհանգեցնեն իրավիճակի հետագա վատթարացմանը երեխաների համար, որոնք արդեն իսկ տառապում են ծայրահեղ գերբնակեցման հետևանքներից, հայտնում է Ֆրանսպրես գործակալությունը։
Կազմակերպությունում հայտարարել են, որ դա կուժեղացնի հումանիտար և սանիտարական ճգնաժամն անկլավում, որտեղ երեխաները բախվում են սննդի, ջրի և հիգիենայի միջոցների սուր պակասի։
«Այժմ մարդիկ ստիպված են գտնվել տարածքի մոտավորապես 40%-ի վրա»,- Ժնևում անցկացված ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Գազայի հատվածից հանդես եկող ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Սալիմ Օվեյսը։
Նրա տեղեկություններով՝ բնակիչները պատսպարվում են ավերված շենքերի, փլատակների և աղբի կուտակվող սարերի մեջ, ընդ որում՝ «թափոնների հեռացման համար ազատ տարածություն այլևս չի մնացել»։
Օվեյսը նշել է, որ հետևանքներն արդեն ակնառու են դառնում. երեխաների շրջանում արձանագրվում են շնչառական վարակներ, սուր փորլուծություն, իսկ ընտանիքների ավելի քան կեսը հայտնում է մաշկային հիվանդությունների մասին։
«Լվերը, ոջիլները և քոսը սովորական երևույթ են դարձել»,- ընդգծել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչը։ Նա միաժամանակ հայտնել է բազմաթիվ դեպքերի մասին, երբ առնետները կծել են փոքր երեխաներին և նույնիսկ կրծքի մանկահասակներին։