Oragir.News-ը շարունակում է փաստերով արձանագրել, որ շատ հաճախ բյուջեի նկատմամբ իշխանականների վերաբերմունքն ընտրովի է։ Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի ընտանեկան բիզնեսը՝ «Առանցք» ՍՊԸ-ն, գրեթե 3 անգամ ավելի շատ գումար է ծախսել մեկ մեքենայի համարանիշի ձեռբերման վրա, քան ամբողջ տարվա ընթացքում պետությանը վերջինիս վճարած շահութահարկն է։
Այս օրինակը փաստում է, թե ինչպես են երբեմնի ընդդիմադիր ու «հալածյալ» գործիչները իշխանությանը հպատակություն ցուցաբերելուց հետո վերածվել տեղական ֆեոդալների՝ արտոնյալ կարգավիճակով և առանձնահատուկ հնարավորություններով։
Եթե երկաթե կոնստրուկցիաների արտադրության հսկա «Առանցք» ՍՊԸ-ն ի վիճակի է միայն մեկ համարանիշի՝ «000 OO 00» համար վճարել 156 միլիոն դրամ, ապա տրամաբանական կլիներ ակնկալել, որ այդ բիզնեսի կողմից պետական բյուջե վճարվող շահութահարկը կլինի բազմապատիկ ավելի, սակայն պատկերը ապշեցուցիչ է. 2025 թվականին «Առանցք» ՍՊԸ-ն վճարել է ընդամենը 53․4 միլիոն դրամ շահութահարկ։
Այսինքն՝ մեկ համարանիշի արժեքը գրեթե երեք անգամ գերազանցում է ամբողջ տարվա շահութահարկը։ Հարցերը բազմաթիվ են, սակայն դրանցից առանցքայինը հետևյալն է․ ինչպե՞ս է հարկային մարմինը ձևակերպել ընկերության դրամարկղից դուրս եկած այս 156 միլիոն դրամը։
Ի՞նչ առնչություն ունի ավտոմեքենայի «գոլդ» համարանիշը շինարարական կոնստրուկցիաների արտադրությամբ զբաղվող ընկերության տնտեսական գործունեության հետ։ Ըստ բաց աղբյուրներում առկա տվյալների՝ «Առանցք» ՍՊԸ-ի տնօրենը Գագիկ Առուշանյանն է՝ Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի հայրը։
Եթե համարանիշը ձեռք է բերվել ընկերության միջոցներով, ապա ստացվում է, որ ընկերության ֆինանսական ռեսուրսները ծառայեցվել են քաղաքապետ որդու անձնական շքեղասիրությանը և անձնական նպատակներին։ Այստեղ արդեն առաջանում են ողջամիտ կասկածներ՝ կապված ընկերության միջոցների ոչ նպատակային օգտագործման, եկամուտների թաքցման և հարկային օրենսդրության հնարավոր կոպիտ խախտումների հետ։
Այս պատմությունը միայն հարկերի կամ «գոլդ» համարների մասին չէ. սա քաղաքական հպատակեցման դասական սխեմա է: Փաստացի՝ երբեմնի իշխանության ամենակոշտ քննադատներից մեկի ընտանիքն այսօր հայտնվել է «արտոնյալների» ցուցակում:
Հիշեցնենք՝ 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո Առուշ Առուշյանյանն ամենից խիստն էր քննադատում Նիկոլ Փաշինյանին, խոչընդոտում վերջինիս մուտքը Սյունիք, 2021-ի ընտրություններում ընդգրկվել էր «Հայաստան» դաշինքի ցուցակում, որից հետո անգամ ձերբակալվեց ու ամիսներ շարունակ մնաց անազատության մեջ, սակայն ազատ արձակվելուց հետո խմբագրեց իր մոտեցումները, Նիկոլ Փաշինյանին սկսեց ջերմ ընդունելության արժանացնել, իսկ մայիսի 28-ին էլ ՔՊ-ականների հետ միասին մասնակցում էր Հանրապետության հրապարակում անցկացվող զորահանդեսին։
Փաստացի Նիկոլ Փաշինյանի կողմից անդադար «սրբացվող» պետական բյուջեն, պարզվում է, երկրորդ պլան է մղվում այն պահին, երբ խաղի մեջ են մտնում իշխանությանը հավատարմության երդում տված նախկին ընդդիմադիրները։ Նման արտոնյալ կարգավիճակն ու հարկային մարմինների ցուցադրական լռությունը հստակ ազդակ են բիզնես դաշտի մյուս խաղացողների համար․ եթե ցանկանում ես հարկային անձեռնմխելիություն և միլիոնանոց շռայլությունների հնարավորություն, ապա պարզապես պետք է ճիշտ հաշվարկես գործող իշխանությանը հպատակվելու գինը։
