ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անձնական բժիշկը հայտարարել է, որ պետության ղեկավարն ունի «գերազանց առողջական վիճակ» և լիովին ընդունակ է կատարել գերագույն գլխավոր հրամանատարի պարտականությունները։ Համապատասխան եզրակացությունը Սպիտակ տունը հրապարակել է Ուոլտեր Ռիդի անվան ազգային ռազմաբժշկական կենտրոնում Թրամփի հերթական բժշկական հետազոտությունից հետո, հայտնում է NBC News-ը։
Սա վերջին 13 ամիսների ընթացքում նախագահի արդեն երրորդ առերես բժշկական ստուգումն է։ Հրապարակված հուշագրի համաձայն՝ Թրամփն անցել է առողջական վիճակի համալիր ստուգում, որը ներառել է սրտի, թոքերի աշխատանքի, տեսողության և օրգանիզմի մյուս համակարգերի գնահատում։
Բժիշկ Շոն Բարբաբելայի խոսքով՝ հետազոտության արդյունքներն ընդհանուր առմամբ նորմալ են եղել։ Արձանագրված առանձնահատկություններից են ստորին վերջույթների թեթևակի այտուցվածությունն ու ձեռքի կապտուկները։ Բժիշկը կապտուկների հայտնվելը կապել է հաճախակի ձեռքսեղմումների հետ, ինչն ի հայտ է եկել սրտանոթային հիվանդությունների կանխարգելման նպատակով ասպիրինի ընդունման ֆոնին։
Զեկույցում նշվում է, որ նախագահի քաշը 238 ֆունտ է (մոտ 108 կիլոգրամ), իսկ սրտի կծկումների հաճախականությունը հանգիստ վիճակում՝ րոպեում 73 զարկ։
Թրամփն անցել է նաև նյարդաբանական հետազոտություն, որը ներառել է կոգնիտիվ ֆունկցիաների թեստավորում։ Բժշկի եզրակացության համաձայն՝ նախագահը հավաքել է առավելագույն 30 միավորը հնարավոր 30-ից, ինչը համապատասխանում է նորմալ ցուցանիշներին։
Բարբաբելան հայտնել է, որ Թրամփը դեղամիջոցներ է ընդունում խոլեստերինի մակարդակը վերահսկելու և սրտանոթային հիվանդությունները կանխարգելելու համար։ Բացի այդ, նախագահը շարունակում է հետևել կանխարգելիչ հետազոտությունների և պատվաստումների ընթացիկ ժամանակացույցին։
Բժիշկը նշել է, որ հանձնարարականներ են տրվել Թրամփին, ինչի համար նա պետք է հետևի դիետայի, շատացնի ֆիզիկական ակտիվությունը, շարունակի քաշի նվազեցումն ու ասպիրինի ցածր դոզաների ընդունումը։
Վերջին տարիներին նախագահի առողջական վիճակը պարբերաբար հայտնվում է հանրության ուշադրության կենտրոնում։ Քննարկումների առիթ են դարձել ինչպես նրա աջ ձեռքի նկատելի կապտուկները, այնպես էլ առանձին դեպքերը, երբ հանրային միջոցառումների ժամանակ Թրամփը քնատ տեսք է ունեցել։ Սպիտակ տունն ավելի վաղ կապտուկների ի հայտ գալը բացատրել էր հաճախակի ձեռքսեղմումներով և արյունը ջրիկացնող դեղամիջոցների ընդունմամբ։
Անցյալ տարի նախագահի վարչակազմը հայտնել էր, որ Թրամփի մոտ ախտորոշվել է քրոնիկ երակային անբավարարություն. սա կյանքի համար վտանգ չներկայացնող հիվանդություն է, որը կապված է արյան շրջանառության խանգարման հետ և առաջացնում է ոտքերի այտուցներ։
Անցյալ տարվա հոկտեմբերին անցկացված հետազոտություններից մեկի ժամանակ Թրամփը լրագրողներին պատմել էր, որ լրացուցիչ սկանավորում է անցել։ Ավելի ուշ բժիշկը հստակեցրել էր, որ խոսքը սրտի և որովայնի խոռոչի համակարգչային տոմոգրաֆիայի մասին է, որն արվել է սրտանոթային հնարավոր խնդիրները բացառելու համար։ Մեդիկների փոխանցմամբ՝ որևէ շեղում չի հայտնաբերվել։
Դոնալդ Թրամփը, որը հունիսին դառնում է 80 տարեկան, ԱՄՆ պատմության մեջ նախագահի պաշտոնը ստանձնած ամենատարեց անձն է։ Նա անձամբ բազմիցս հայտարարել է, որ գտնվում է ֆիզիկական և մտավոր հրաշալի մարզավիճակում։ Այս հետազոտությունից հետո Թրամփը սոցիալական ցանցում գրել է, որ առողջության ստուգումն անցել է «կատարյալ» և որևէ խնդիր չի ի հայտ բերել։
Նախագահի բժիշկն ընդգծել է, որ Թրամփը շարունակում է լավ ցուցանիշներ արձանագրել սրտանոթային, շնչառական ու նյարդային համակարգերի աշխատանքում և պահպանում է ընդհանուր ֆիզիկական առողջության բարձր մակարդակ։