Հայաստանում արյան եւ արյան դոնորների խիստ պակաս կա

Հայաստանում արյան դոնորության ոլորտում ձևավորվում է մտահոգիչ իրավիճակ. դոնորների թիվը եւ արյան պահուստային քանակը չի համապատասխանում օրեցօր աճող պահանջարկին։ «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի արյան բանկի բժիշկ Արմեն Պետրոսյանը «Հրապարակի» հետ զրույցում ասում է, որ պատճառը երկու համատեքստում կարելի է դիտարկել, նախ` արտակարգ պատահարների թիվն է տարեցտարի աճել, և հետո քաղաքացիների թիվն է վերջին տարիներին ավելացել:

Նկատենք, որ դոնորներն ընդհանուր առմամբ դասակարգվում են երեք խմբի՝ վճարովի, հիվանդի հարազատներ և անվարձահատույց։ Հայաստանում դոնորության ամենատարածված ձևը վճարովին է, այսինքն` մարդն արյուն է հանձնում որոշակի գումարի դիմաց: Սակայն մի շարք ծրագրերի միջոցով փորձում են խթանել անվարձահատույց դոնորության մշակույթի զարգացումը։ Դոնոր կարող են դառնալ չափահաս աձինք։ Քաշի պահանջները տարբեր են սեռերի համար: Կանանց դեպքում՝ առնվազն 52 կգ, տղամարդկանց դեպքում՝ առնվազն 62 կգ։ Դոնորության համար անհրաժեշտ է նաև համապատասխան հեմոգլոբինի մակարդակ․ կանանց մոտ՝ 125-180 գ/լ, տղամարդկանց մոտ՝ 135-188 գ/լ։ Բացի այդ, արյուն հանձնելու պահին արյան ճնշումը պետք է լինի նորմայի սահմաններում, և սրտի զարկերի հաճախականությունը՝ 60-ից 90 զարկ մեկ րոպեում։ Տարվա ընթացքում արյուն հանձնելու առավելագույն հաճախականությունը նույնպես սահմանված է․ կանայք կարող են դառնալ դոնոր տարեկան մինչև 4 անգամ, իսկ տղամարդիկ՝ մինչև 5 անգամ։

Բժիշկ Պետրոսյանը մեզ հետ զրույցում խոսելով թեմայի մասին, նկատում է. «Արյան դոնորների կարիք կա ամենօրյա կտրվածքով: Դեպքերը, դժբախտ պատահարները և այլն վերջին շրջանում շատացել են, և կարծում եմ, որ նաև այդ է նպաստում խնդրին: Ասեմ նաև, որ Հայաստանում բնակչության թիվն է մեծացել և դա էլ իր հերթին է ազդեցություն թողնում: Ինչ վերաբերում է պահանջարկին, ապա մենք փորձում ենք այնպես աշխատել, որ մաքսիմալ կերպով համակցվեն, սակայն դրանք արագորեն սպառվում են: Իմ հորդորն է բոլորին` որքան կարող են մարդիկ թող շատ դիմեն մեզ, և որ ամենակարևորն է` դոնորությունը պետք է լինի կանոնավոր կերպով, պարբերաբար: Երբեմն մարդկանց կողմից դոնոր դառնալը ակցիայի է նմանվում: Արհավիրքների ժամանակ, օրինակ, գալիս են, արյուն են հանձնում և վերջ: Էլ երբեք չեն հանձնում արյուն, բայց պետք է ֆիքսել, որ արյունն ունի պահպանման ժամկետ, և պետք է պարտադիր կերպով պարբերաբար թարմացնել այն»: Բժիշկը հստակ ստատիստիկա չնշեց, բայց մեզ վստահեցրեց, որ այժմ արյան պակասը խիստ նկատելի է: Ըստ վիճակագրության` 2000-2001թթ. տարեկան իրականացվում էր 6000-7 000 արյունատվություն, իսկ 2020 թվականին ցուցանիշը հասել է 25 000-ի: «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի արյան բանկից մեզ հայտնեցին, որ 4 միլիլիտր արյան համար կենտրոնը վճարում է 15 հազար դրամ:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *