Ռուսաստանի պարագայում արտահանող ենք, Թուրքիայի դեպքում ներկրող ենք դառնալու

«Հրապարակի» զրուցակիցն է «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը:

– ՌԴ համապատասխան մարմինները հայտարարեցին, որ ոչ միայն ծաղիկների ներմուծումն են արգելում, այլև հայկական գյուղմթերքինը: Ոմանք ուրախացան, որ Հայաստանի ներսում ավելի էժան գներով կգնենք այդ գյուղմթերքը, բայց մեզ ի՞նչ է սպասվում:

– Սովորաբար վաճառքի շուկաների արգելքների պատճառով, այսինքն, պահանջարկի բացակայության պատճառով շատ կարճ ժամանակահատվածով, իհարկե, գնանկում է տեղի ունենում, դա կլինի ծաղիկների շուկայում, գյուղմթերքի շուկայում, որովհետև ակնհայտ է, որ Հայաստանում աճեցվող ծաղիկների և գյուղմթերքի մեծամասնությունը ռուսական շուկա արտահանելու համար է աճեցվում: Երեք միլիոնանոց շուկայում վաճառելու համար մենք չենք ունենա այդքան արտադրող և առաջարկող, հետևաբար առաջնային մի քանի օրվա ընթացքում կունենանք գնանկում, որին կհաջորդի միանգամից դեֆիցիտը, որովհետև տնային տնտեսությունները, ֆերմերները, ջերմատներն ու գյուղատնտեսական նշանակության արտադրանքի արտադրությամբ զբաղված կազմակերպությունները կսկսեն ուղղակի չարտադրել:

– Մյուս տարվա կտրվածքո՞վ:

– Ոչ թե մյուս տարվա` շատ կարճ ժամանակահատվածում կսկսեն չարտադրել, որովհետև արտադրական ծախսերը բավականին թանկ են: Արտադրական ծախսերի մեջ մտնում են օրական աշխատավարձ, օրական էլեկտրաէներգիա, օրական գազի սպառում: Դրանք բոլորը եթե հանրագումարի ենք բերում, ահռելի ծախս է, որը վաճառքի բացակայության պատճառով չի կարող ուղղակի կատարել թե կազմակերպությունը, թե տնային տնտեսությունը: Հետևաբար, չարտադրելու պարագայում միանգամից առաջանում է դեֆիցիտ, դեֆիցիտի պարագայում միանգամից արդեն տեղի է ունենում գների բարձրացում շատ արագ տեմպով, այսինքն մինչեւ սահմանափակումների օրվա սակագնից էլ անգամներով բարձր սակագների ենք հանդիպելու օրերի և ամիսների ընթացքում, կախված արտադրանքի տեսակից: Օրինակ, ելակի պարագայում, ծաղիկների պարագայում, որոնք շատ արագ են փչանում, դա օրերի ընթացքում կտեսնենք, այլ արտադրանքների գծով միգուցե ամիսներ կարող են տևել: Օրինակ, մրգերի պարագայում, քանի որ հասունացման ժամանակահատվածն է հիմա, արագ տեմպով կարող է հիմա մենք չզգանք դրա բացասական հետևանքները, էտապային անընդհատ զգալու ենք: Իսկ հաջորդ կարևորագույն հետևանքը, որ լինելու է, պատկերացրեք` գյուղատնտեսական ոլորտում ներգրավված են հարյուր հազարավոր մարդիկ, որոնք միանգամից դառնում են գործազուրկ և Հայաստանում միանգամից բարձրանում է աղքատության տոկոսը:

– Բնականաբար սկսվում է արտագաղթ:

– Տրամադրվածությունը միանգամից է աճում, որովհետև եթե մարդը չի կարողանում ապրել և արարել իր երկրում, բնականաբար նա առաջնային հացի խնդիրը, զավակների բարեկեցության հարցը լուծելու համար, միանգամից մտածում է արտագաղթելու մասին, այլ տարբերակ ուղղակի չկա, որովհետև այնպես չի, որ աշխատանքի դիվերսիֆիկացիա կա Հայաստանում և գյուղատնտեսության զբաղվածությունից միանգամից կարող են անցում կատարել այլ աշխատանքների կատարման: Նման պարագայում միանգամից արտագաղթի տրամադրվածություն է առաջանում:

– Փաստորեն մյուս տարվա կտրվածքով չենք ունենալու գյուղմթերք: Գյուղատնտեսական արտադրանքների բացը ո՞ր երկիրն է Հայաստանում լրացնելու:

– Թուրքիան, բնականաբար, եթե դուք տեսնեք, թե զուգահեռ իրականությունում ինչ է կատարվում, այսինքն, որքան են Ռուսաստանի հետ հարաբերությունների պարագայում խոսում Թուրքիայի հետ հարաբերությունների լավացման մասին, որքան են խոսում և անընդհատ պրոպագանդում, որ Թուրքիայի հետ սահմանները շուտով կբացվեն, առևտուր կլինի, Թուրքիայից բնականաբար պետք է լրացնեն: Բայց այստեղ մի տարբերություն կա, ինչի՞ վրա են նրանք խաղում. ասում են` Ռուսաստանի հետ առևտրաշրջանառությունը կփոխարինեն Թուրքիայի հետ առևտրաշրջանառությամբ: Այնինչ, մենք Ռուսաստանի պարագայում արտահանող ենք, Թուրքիայի պարագայում ներկրող ենք դառնալու, առևտրաշրջանառությունը դա ներկրման ու արտահանման հանրագումարն է:

– Այսինքն, այս հարցը մանիպուլացնում են:

– Այո, դրա համար մարդկանց մոտ տպավորություն է ստեղծվում, որ ռուսական արտահանման շուկան կարող ենք փոխարինել թուրքական արտահանման շուկայով:

– Իսկ ինչո՞ւ ոչ թուրքականը, չէ՞ որ ՔՊ-ական վերնախավը ասում է, որ Ադրբեջանին էլ պիտի վաճառենք, Թուրքիային էլ, ինչո՞ւ եք բացառում, որ, օրինակ, Հայաստանը կարող է գյուղմթերք արտահանել Թուրքիա:

– Քանի որ ՔՊ-ական նախարարները դիլետանտներ են, ստախոսներ են, կարճ անդրադառնանք: Այն, ինչ Հայաստանն արտադրում է` գյուղատնտեսական արտադրանք և դրա վերամշակվող արտադրանքը, դրա ինքնարժեքը շատ ավելի բարձր է, քան Թուրքիայում արտադրվողը, որովհետև Թուրքիայում հողերը շատ ավելի բերրի են, պետական սուբիսիդավորում գոյություն ունի, աշխատավարձերը շատ ավելի ցածր են, բանկային վարկերի տոկոսները սուբսիդավորվում են, թուրքական ապրանքը շատ ավելի մրցունակ է դառնում, Թուրքիան շատ ավելի ոռոգվող տարածքներ ունի, այսինքն, բոլոր կոմպոնենտները, որ համեմատում ենք, Թուրքիան շատ ավելի մրցունակ է, թուրքական ապրանքը շատ ավելի մրցունակ է, հետևաբար Թուրքիայից ներկրվողը ավելի էժան է լինելու, տեղական արտադրությունն ուղղակի տապալվելու է: Իրենք իրենց ներքին արտադրանքը շատ ավելի էժան գներով բնականաբար ձեռք կբերեն, ոչ թե հայկականը, հետևաբար դա մեծ սուտ է, մեծ կեղծիք է, որ մենք Թուրքիա կարող ենք ինչ-որ բան արտահանել: Ես միշտ հորդորում եմ ՔՊ-ականներին, որ մեկ արտադրանքի, մի ապրանքի կամ ծառայության անվանում տվեք, մի հատիկ ընդամենը, որ դուք կարող եք Թուրքիա արտահանել և եկեք բանավեճի՝ նրանք միշտ փախչում են, սա էլ ապացույցը, որ ստում են:

– Շատերը համեմատում են Փաշինյանի քաղաքականությունը Սաակաշվիլու քաղաքականության հետ, երբ վերջինս Վրաստանը տարավ դեպի թուրք-ադրբեջանական ազդեցության գոտի: Փաշինյանը կրկնո՞ւմ է Սաակաշվիլու քայյլերը:

-Ոչ, ոչ, ոչ: Ես Նիկոլ Փաշինյանին ոչ մեկի հետ չեմ համեմատի, որովհետև Նիկոլ Փաշինյանի նման մասշտաբային հայրենազրկող, հայրենիքը կապիտուլյացիայի ենթարկող և հայրենիքը սկուտեղի վրա այլ պետությունների տրամադրող պետության ղեկավար չեմ տեսել: Մենք Նիկոլ Փաշինյանին աշխարհի ամենավատ ղեկավարի հետ էլ համեմատենք, այդ ղեկավարին կնսեմացնենք, Նիկոլ Փաշինյանի նմանը գոյություն չունի: Տեսեք, հարցի մեջ նկարագրեցիք` Սաակաշվիլին տարավ թուրքական ազդեցության գոտի, Փաշինյանը Հայաստանն ուղղակի նվիրում է Ադրբեջանին, ոչ թե տանում է ազդեցության գոտի, բառիս բուն իմաստով նվիրում է Ադրբեջանին:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *